Ամենափրկիչի փրկությունը հանձնվել է Աստծուն

Ամենափրկիչի փրկությունը հանձնվել է Աստծուն
Գյումրին մի քանի տարի է՝ շունչը պահած հետեւում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցու շինարարության ավարտին: Այն իր 43 մետր բարձրությամբ Հայաստանում կլինի երկրորդը: Աշխատանքների ավարտի վերջնաժամկետը, սակայն, չի հստակեցվում, քանի որ չկա կայուն ֆինանսավորում: Ներկա պահին ընթացքի մեջ են գմբեթի կառուցապատման աշխատանքները:



Ի սկզբանե եկեղեցին ոտքի կանգնեցնելու  պարտավորությունն իր վրա էր վերցրել «Նոր Գյումրի» հիմնադրամը, հետո՝ «Սբ. Ամենափրկիչը», այնուհետ՝ «Ղուկասյան եղբայրները», ու վերջում էլ՝ «Վերածնված Ամենափրկիչը»: Դեռ 2009-ին կառավարությունը պարտավորվել էր պետական բյուջեից 200 մլն դրամ հատկացնել այդ աշխատանքների իրականացման համար:



«Ֆինանսական աջակցություն էր խոստացել նաեւ կաթողիկոսը»,- ասում է եկեղեցու ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը: Միայն թե ոչ կառավարությունը խոսքի տերը եղավ, ոչ Ամենայն հայոց կաթողիկոսը: Անցած տարի ֆինանսական դժվարություններ ունեցան նաեւ «Ղուկասյան եղբայրները», եւ Սբ. Ամենափրկչի փրկությունը հանձնվեց Աստծուն:



Նախկին շինարարները լքեցին շինհրապարակը: Նրանք աշխատավարձ չստանալու փոխարեն նախընտրեցին արտագնա աշխատանքի մեկնելը: Ըստ վերականգնման աշխատանքների նախագիծը հեղինակած ճարտարապետի, անկախ բոլոր դժվարություններից՝ հսկայական աշխատանք արդեն արված է, բայց վատն այն է, որ կայուն ֆինանսավորում չկա: Գործը դանդաղ է առաջ գնում, ընթացքում էլ որոշ աշխատանքներ կրկնակի անելու անհրաժեշտություն է զգացվում: Անցած ձմեռ եկեղեցին բաց տանիքով է անցկացրել: Ձյունը, հետո էլ հալոցքաջրերն անարգել լցվել են գմբեթի գրպանիկներ կոչվող հատվածների մեջ, ինչն իրենով հետագա քայքայման լուրջ վտանգ է  ներկայացնում: Այս պահին գմբեթի հիմքն արդեն պատրաստ է: Նախատեսվում է 2012 թվականին օծել տեղադրվելիք խաչը:



Իսկ թե ով է ավարտելու Ամենափրկչի զանգակատան շինաշխատանքները, դեռ հստակեցված չէ: «Ամենափրկիչ» հիմնադրամը զանգակատունը տարիներ առաջ մասամբ վերականգնել է, բայց փաստաթղթային տարբերակով չի հանձնել «Վերածնված Ամենափրկիչ» հիմնադրամին: Ճարտարապետը վստահեցնում է, որ բոլոր աշխատանքները կատարվում են մեծ ճշգրտությամբ, շեղումներ չկան, պատմական ամեն ինչ փոխանցվելու է սերունդներին:



Իսկ այն քարերը, որոնք 88-ի աղետից մեծապես վնասվել եւ տարիների ընթացքում քայքայվել են, կցուցադրվեն: Ամենափրկչի նկուղում նախատեսվում է թանգարան հիմնել:



Արմենուհի Մինասյան