ԵՊՀ-ի մասին վատ կարծիք պետք չէ ունենալ

ԵՊՀ-ի մասին վատ կարծիք պետք չէ ունենալ
Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններից հետո համալսարանի շուրջ կարծես կրքերը հանդարտվել էին, սակայն  արձակուրդային այս շրջանում վերստին սկսել են խոսել Արամ Սիմոնյանի կողմից կադրային ջարդ կազմակերպելու մասին: Իսկ ջարդը ռեկտորն սկսել է լաբորատորիայի աշխատակիցներից. ոմանց աշխատավարձերն են կրճատվել: Փորձեցինք կատարվածի մասին լսել ռեկտորի բացատրությունները: Սիմոնյանն ասաց. «Ոչ մի ջարդ էլ չկա»:



Այնուամենայնիվ տարեսկզբին կադրային կամ առհասարակ այլ փոփոխություններ սպասվո՞ւմ են համալսարանում, պատասխանեց. «Համալսարանում փոփոխություններ միշտ են լինում, բայց ջարդ չկա: Սովորական փոփոխություններ են, որոնք լինում են բոլոր հիմնարկներում: Մեկը գնում է, մյուսը՝ գալիս: Սա սովորական երեւույթ է»:



Իսկ դիմորդների բացակայության պատճառով ի՞նչ փոփոխություններ են սպասվում հատկապես աշխատավարձերի  մասով: «Մենք հանկարծակիի չենք եկել, երեք տարի է արդեն՝ այդ միջոցառումների ծրագիրը մշակում ենք, ու կարծում եմ, որ այդ ծրագիրը գործունեության մեջ դնելով՝ բավականին կմեղմենք վիճակը:  Կարծում եմ՝ մեզ կհաջողվի զերծ մնալ կրճատումներից, բայց հաստիքներից հնարավոր է մեկուկես դրույքը կամ մեկ քառորդը կրճատվի, բայց  մեր ներուժը կպահենք»:



Հետաքրքրվեցինք, թե Սիմոնյանն ինչ կարծիքի է վարչապետի այն հայտարարության մասին, թե առաջիկա տասը տարիներին հայաստանյան հինգ բուհեր, որնց թվում է ԵՊՀ-ն, միջազգային հավատարմագրում պիտի անցնեն, ինչը նշանակում է, որ մեր ուսանողները կարող են կրթվել ոչ թե աշխարհի  առաջատար բուհերում, այլ Հայաստանում:  Որքանո՞վ է իրատեսական վարչապետի պայծառ կանխատեսումը հատկապես համալսարանի մասով, որտեղ  դեռ կան այնպիսի դասախոսներ, որոնք ոչ մի կերպ չեն հրաժարվում իրենց «խունացած» լեկցիաներից: «Ինչ որ ասել է, ես համաձայն եմ իր հետ: Կան արտասահմանում համալսարաններ, որոնք մեզնից բարձր են, կան, որ մեր մակարդակից ավելի ցածր են: Դժգոհելու մակարդակ չունենք, բայց պետք է աշխատենք, որ այդ մակարդակը բարձր լինի, դա բոլորի ցանկությունն է»,-ասաց Սիմոնյանը:



«Գերմանիայի Ռոստոկի համալսարանում մեր 15 քիմիկոսներ արդեն մագիստրատուրան ավարտել են. շատ հաջող է ստացվում համագործակցությունը: Համալսարանի մասին այդպես վատ կարծիք պետք չէ ունենալ: Իհարկե, ունենք նաեւ թերություններ, բաց տեղեր, բայց դրանք վերացնելու համար  աշխատում ենք»,- արդարացավ Սիմոնյանը: Անդրադառնալով սերնդափոխությանը՝ նշեց. «Մի քիչ դժվար է, մարդիկ դժվարությամբ են համաձայնում իրենց տեղը զիջել երիտասարդներին, բայց դե, համալսարանի ղեկավարությունը նրա համար է, որ ընթացք տա այդ պրոցեսին»:



Հարցին՝ իսկ դրսում կրթված երիտասարդները ցանկություն ունե՞ն վերադառանալ ու չնչին աշխատավարձով լծվել համալսարանն աշխարհի լավագույններից մեկը դարձնելու գործին, ասաց. «Այո, իհարկե, շատ ունենք ասպիրանտներ, որոնք ավարտում եւ մնում են: Ոչ միշտ է հաջողվում, բայց համենայնդեպս վերջին երեք տարիների ընթացքում մի շարք ասպիրանտներ մնացել են ու հաջողությամբ դասավանդում են»: