ԸԸՀ անդամության թեկնածուներից ակտիվ են ԲՀԿ-ականները

ԸԸՀ անդամության թեկնածուներից ակտիվ են ԲՀԿ-ականները
Մինչեւ օգոստոսի 15-ը  Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստերից մեկում կվերանայի ընտրատարածքները: Այսինքն հնարավոր է, որ այս կամ այն ընտրատարածքների քարտեզները փոխվեն՝ ավելացվեն թաղամասեր, համայնքներ կամ հանվեն տվյալ ընտրատարածքից: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հատկապես Երեւանի մեծամասնական ընտրատարածքները համաձայնեցվել են առաջադրվող օլիգարխների հետ: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ թերեւս նոր քարտեզի կարիք չլինի: Աննշան փոփոխություն չի բացառել, բայց ոչ «հեղինակությունների» ճաշակով:



Ըստ Ազարյանի՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներն ընտրություններից առաջ խորհուրդ են տալիս չփոխել այն: Իսկ որոշ փոփոխություններ արվելու են, քանի որ նոր ԸՕ-ն արգելում է, որ որեւէ ընտրատարածքում ընդգրկված լինեն համայնքներ տարբեր մարզերից: Օրինակ, թիվ 39 ընտրատարածքն ընդգրկում է Վայոց Ձորի մարզն ամբողջությամբ եւ Արարատի մարզից 11 գյուղական համայնք: Ասենք, թիվ 40 ընտրատարածքը, Տավուշի մարզի համայնքներից բացի, ընդգրկում է նաեւ 6 գյուղական համայնք Լոռու մարզից: Իսկ դա նշանակում է, որ, չնայած Ազարյանի հավաստիացումներին, քարտեզի փոփոխություններ լինելու են:



Այս օրերին ԿԸՀ-ն շարունակում է ընդունել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) անդամների թեկնածուների դիմումները: Յուրաքանչյուր ԸԸՀ կազմված է լինելու 7 անդամից` 6 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացրեց այժմ ԿԸՀ անդամ, նախկինում հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթեւիկ Օհանյանը՝ մինչ օրս ստացվել է 116 դիմում:



ԿԸՀ կայքում տեղադրվում են ԸԸՀ անդամության թեկնածուների դիմումները: Երեկվա դրությամբ ոչ մի դիմում չէր եղել միայն Երեւանի թիվ 13 ընտրատարածքում: Հետաքրքիրն այն է, որ ԸԸՀ-ներում ընդգրկվելու դիմումներ են ներկայացրել նախկինում հանձնաժողովներում աշխատած անձինք, որոնք ժամանակին կոնկրետ կուսակցություններ էին ներկայացնում, հիմա, օրենքի պահանջով, պետք է անկուսակցական լինեն: Ասենք, Վանաձոր քաղաքն ընդգրկող երեք ԸԸՀ-ներում դիմում են ներկայացրել գործող ԸԸՀ-ների ՕԵԿ-ական ներկայացուցիչները: Ակտիվ է հատկապես ԲՀԿ-ն, համարյա բոլոր ԸԸՀ-ներում նրանց ներկայացուցիչները նորից են ուզում ընդգրկվել, արդեն 17 հոգի հայտ են ներկայացրել:



Պակաս ակտիվ չէ նաեւ այժմ ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ն՝ 11 դիմում:  Կան նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչների 4 դիմումներ, իսկ ընդհանուր առմամբ զարմանալի է, որ պասիվ են  ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ ընդամենը 4 դիմում: Դիմումները կշարունակեն ընդունվել մինչեւ օգոստոսի 1-ը, իսկ մինչեւ օգոստոսի 15-ը  կձեւավորվեն Հայաստանի թվով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Նոր ԸՕ-ով՝ ԸԸՀ անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:



Մասնավորապես, ԸԸՀ անդամ նշանակվելուց հետո տվյալ անձը  պետք է դուրս գա կուսակցությունից: Սակայն դա չի նշանակում, որ նա այլեւս չի ներկայացնելու այն կուսակցության շահերը, որի անդամն է եղել ոչ հեռավոր անցյալում: Հիշեցնենք, որ  ԸՕ-ի քննարկումների ժամանակ կարծիք հայտնվեց, որ կուսակցությունները զրկվում են ԸԸՀ-ներում անդամ ունենալու հնարավորությունից: Փաստորեն, մեր կուսակցությունները գտել են օրենքը շրջանցելու ճանապարհը:



Օրենսգրքի համահեղինակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ պարզաբանել էր, որ  փորձը ցույց է տալիս, որ «կուսակցական հիմքով հանձնաժողովներ կազմավորելու դեպքում ոչ թե օրենքի տառն է պահպանվում, այլ կուսակցության շահը»: Իսկ հիմա հետաքրքիր է՝ ո՞ւմ շահն է պահպանվելու: Մեր տեղեկություններով, հանձնաժողովները կրկին կուսակցական եղանակով ձեւավորելու մասին որոշումը կայացրել է իշխանությունը՝ հրահանգելով նրանց ներկայացնել համապատասխան անդամներ:



Մնում է զարմանալ, թե ինչու այս մրցակցությանը չի մասնակցում ընդդիմությունը, որը, ենթադրվում է՝ իշխանություն վերցնելու խնդիր ունի: Իսկ դա անել առանց ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու՝ պրակտիկորեն անհնարին է:



Անի Առաքելյան