Վերջում կտեսնեք, որ 1087 հոդվածը կաշխատի

Վերջում կտեսնեք, որ 1087 հոդվածը կաշխատի
«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, փաստաբան Արա Ղազարյանի եզրակացությունները, ով Եվրոպական դատարանում մի շարք գործերով հաղթանակներ է տարել, նաեւ վերջերս ՄԻՊ գրասենյակին կից ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) անդամ է, որի եզրակացությունները բոլորի կողմից միանշանակ չեն ընդունվում: Կարելի էր ավելի անաչառ ու խորը վերլուծություն ակնկալել պրն Ղազարյանից, սակայն մեզանում պրոֆեսիոնալները նաեւ նեղ անձնական շահեր ունեն՝ տարբեր ծրագրերում են ներգրավված, վճռաբեկ դատարանի հետ որոշակի շփումներ ունեն, ուստի թեեւ ցավալի է, բայց եւ բնական է, որ գնահատականներն էլ տրվել են դատական համակարգին մերձ անձի, այլ ոչ թե անկախ փորձագետի դիտանկյունից: 



- Պրն. Ղազարյան, ոմանք թերահավատորեն են վերաբերվում Ձեր նորաստեղծ  կառույցին: Որքանո՞վ էր նպատակահարմար այդպիսի կառույցի գոյությունը, եւ ինչի՞ն է ուղղված այն:



- Այն բովանդակալից եզրակացությունները, որոնք կառույցը տվել է, ես դեռ ուրիշ կազմակերպության կողմից չեմ տեսել: Կառույցն այսօրվա դրությամբ դեռ իր տեղն ունի, եթե մենք զգանք, որ մեր աշխատանքն իր տեղը չունի, մենք ինքներս կդադարեցնենք այն:



- Բայց այդ եզրակացություններն ինչ-որ դեր խաղո՞ւմ են ընդհանրապես:



- Այո, արդեն եղել է մեկ դատական վարույթում, երբ դատավորը դատաքննության սկզբում անդրադարձել է ՏՎԽ-ի որոշմանը, հրապարակել է այն: Օրինակներ կան նաեւ, որ փաստաբաններն օգտվում են ՏՎԽ-ի որոշումներից, իրավագետները՝ նույնպես: Հետո էլ կառույցը դեռ նոր է սկսել աշխատել, եւ ժամանակ է պետք, որ տեսնենք՝ իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ:



- Պարոն Ղազարյան, վերջերս մամուլում հրապարակվեց մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումը, որտեղ ներկայացված է ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի եւ ՀՀ քաղօր. 1087.1 հոդվածի դրույթների հակասությունը ՀՀ սահմանադրությանը եւ միջազգային պայմանագրերին: Դիմումում օմբուդսմենին հորդորում են մտնել Սահմանադրական դատարան եւ հակասահմանադրական ճանաչել օրենքը: Գուցե անորոշ կարգավիճակով կառույցներ ստեղծելու փոխարեն օմբուդսմենը հենց դրանո՞վ զբաղվեր:



- Ես կոնկրետ չգիտեմ, թե որ դրույթների մասին է խոսքը, դիմումին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ այս պահի դրությամբ այնտեղ չկա դրույթ, որը հակասահմանադրական է կամ հակասում է Եվրոպական կոնվենցիային: Այն, ինչ որ մենք այսօր ունենք, լիովին բավարար է: Մենք արդեն ունենք երկու դատական ակտ, որն ապացուցում է, որ այդ կառուցակարգը լիովին բավարար է, որպեսզի արդարացի որոշում կայացվի: Մի կողմից բավարարվի հայցվորի իրավունքը, մյուս կողմից լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքը չսահմանափակվի:



- Փաստ է, որ օրենքի ապաքրեականացումից հետո միանգամից 12-13 դատական հայց եղավ լրատվամիջոցների դեմ, եւ արդեն կան վճիռներ, որոնց հետ, փաստորեն, Դուք համամիտ եք: Ստեղծված իրավիճակից ո՞րն է ելքը Ձեր կարծիքով: Որոշ փաստաբաններ պնդում են, որ օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ:



- Այդպիսի դիմումների հոսք դիտվել է բոլոր երկրներում, որտեղ օրենքն ապաքրեականացվել է: Դրանից անմիջապես հետո դիմումների հեղեղ է եղել, որը նշանակում է, որ արդյունավետ կառուցակարգ է մշակվել, ներմուծվել, եւ դիմողներն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց են տեսնում: Երբ որ քրեականացված էր, ոչ ոք չէր դիմում, իսկ դիմելու դեպքում էլ հիմնականում մերժվում էր, որովհետեւ դատախազությունն էլ հետաքրքրված չէր աշխատեցնել այդ համակարգը: Այսինքն նշանակում է, որ արդյունավետ չէր: Ելքն այն է, որ այս պրոցեսը պետք է շարունակվի, որն ընթացքում կհղկվի, դատարաններն ավելի ճիշտ կսկսեն կիրառել օրենքը, լրագրողները կսկսեն ավելի ճիշտ աշխատել, որպեսզի իրենց տեղավորեն 10 87 հոդվածի շրջանակներում, որպեսզի խնդիրների դեպքում պաշտպանությունից չզրկվեն: Վերջում կտեսնենք, որ այս հոդվածը կաշխատի այն քաղաքական կամ կիսաքաղաքական կառույցների դեմ, որոնք հենց այս հոդվածի օգնությամբ ուզում են լռեցնել կամ սահմանափակել ազատ արտահայտվելու իրավունքը: Պարզապես պետք է ճիշտ օգտագործել այս կառուցակարգը:



- Այսինքն կարելի՞ է ասել, որ Դուք համարում եք, որ խնդիրը միայն դատական համակարգում է:



- Դե իհարկե, դատական պրակտիկան այսօրվա դրությամբ իր ամբողջության մեջ դեռ չի բավարարում կոնվենցիայի չափանիշներին, չի բավարարում այն խնդիրներին, որը դրված է 10 87 հոդվածում: Այնպես որ, դատական պրակտիկան դեռ պետք է շտկվի: Դրա համար ժամանակ է պետք: Այն երկու որոշումները, որ ասում եմ, դեռ դատական պրակտիկա չեն, դրանք կարելի է բացառություն համարել: Հարցերը պրոցեսի մեջ պետք է լուծվեն:



- Իսկ չե՞ք կարծում, որ այստեղ խնդիրը ոչ այնքան դատական պրակտիկայի հարցն է, որքան դատարանների ոչ անկախ վիճակը: Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացրածների մեծ մասը հայտնի մարդիկ են՝ օլիգարխներ, քաղաքական գործիչներ, որոնց ներգործությունը դատական համակարգի վրա ակնհայտ է: Իսկ Ձեր նշած երկու գործը, որտեղ դատարանը ճիշտ եզրահանգման է եկել, կրկին խոսում է քաղաքական լուծման մասին: Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են այդ գործերով հայցվորն ու պատասխանողները: Դուք բացառո՞ւմ եք, որ դատարանների վրա այսօր ճնշում կա:



- Չէ, չեմ բացառում, բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ կախված է դատավորի կամքից: Չեմ բացառում, որ կարող են արտաքին եւ ներքին ազդակներ լինել դատավորների վրա, բայց դատավորից է կախված: Դատավորն ունի իր ձեռքին այդ գործիքները, մնում է կիրառելը: Նշանակում է՝ կարելի է բացառել դրսի ազդակները՝ որպես այն հիմնական պատճառ, որի պատճառով դատական պրակտիկան դեռ բավարար չէ:



- Եթե հնարավոր է բացառել դրսի ազդակները, այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ դատավորներն անաչառ որոշումներ կայացնեն:



- Դատավորները դեռ առաջնորդվում են դատական ավանդույթով, դատավորն առաջին հերթին վեճ լուծող է եւ ոչ տեսություն զարգացնող: Տեսությունը պետք է զարգացնի վճռաբեկը: Ժամանակ է պետք, որպեսզի դատավորները սովորեն, ընկալեն  նոր դատական պրակտիկայի զարգացումը:



- Իսկ վճռաբեկ դատարանն ինչպե՞ս է, զարգացնո՞ւմ է տեսությունը:



- Այո, վիրավորանքի եւ զրպարտության մասով ես վճռաբեկ դատարանից սպասելիքներ ունեմ, որովհետեւ այլ ոլորտներում վճռաբեկն իրեն դրսեւորել է: Ցանկալի կլիներ, որ մի այնպիսի որոշում, որը կայացրեց Ռուբեն Ափինյանը, կայացնի նաեւ վճռաբեկ դատարանը:



- Պարոն Ղազարյան, բայց ամենամեծ դժգոհությունը հենց վճռաբեկ դատարանից է: Հատկապես փաստաբաններն են բարձրացնում այդ հարցը:



- Դատարանների անկախության երաշխիքները նախորդ տարիների համեմատ ավելի բարձր են: Պարզապես փոփոխությունները չեն կարող թռիչքային լինել: Թռիչքային փոփոխությունները վտանգավոր են: Խնդիրները պետք է խմորումների արդյունքում լուծվեն: Նաեւ ասեմ, որ միշտ չէ, որ փաստաբանների կարծիքներն օբյեկտիվ են: Որքան քննադատում են դատավորներին, այնքան, միգուցե եւ ավելին, կարելի է քննադատել փաստաբաններին: Ո՞վ է երբեւէ հաշվել, թե քանի դատական նիստ է հետաձգվել, թեկուզ մեկ տարվա ընթացքում, անբարեխիղճ փաստաբանի արդյունքում: Ոչ ոք չի հաշվել, բայց դա մեծ թիվ է կազմում: Այսինքն պետք չի խնդիրը մի կողմից նայել: Առնվազն երկու լուրջ հիմք կա, որ դատարանի անկախությունը վտանգում է: Երբեմն նաեւ քաղաքականությունն է միջամտում դատական պրոցեսին, եւ երրորդ խնդիրն այն է, որ անբարեխիղճ փաստաբանները շատ են: Այդ խնդիրները պետք է անպայման վերացնել: