Ում են խաբում եւ ինչու

Ում են խաբում եւ ինչու
Ուսումնական-մարզական հաստատություններում դժբախտ դեպքեր պատահում են: Դրանք մեծ արձագանք են գտնում: Խոսում են պատճառներից եւ մատնանշում են մարզվել ցանկացողներին համաբուժարաններից տրվող կեղծ տեղեկանքները: Այս մասին վերջերս հեռուստադիտողների համար իր տեսակետն արտահայտեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա, որպես օրինակ, հիշեցրեց լողավազանների այցելուներին: Իսկապես, հիվանդից վարակվում են մաշկային, աղեստամոքսային եւ բազմազան այլ հիվանդություններով: Ուստի, ավելորդ են համաբուժարաններից տրված կեղծ տեղեկանքները: Սա ճշմարտություն է, բայց առողջության մասին տեղեկանք մարզավայր ներկայացնելը ճիշտ է: Սխալն այն  է, երբ տեղեկանք տալու դիմաց համաբուժարանի աշխատակիցները գումար են վերցնում:



Մինչդեռ Հիպոկրատի երդում տված բժիշկները պարտավոր են լուրջ զննման ենթարկել այցելուներին, նրանց անհրաժեշտության դեպքում օգնել, բուժել ու դրանից հետո միայն համապատասխան տեղեկանք տալ:



Այս առթիվ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Ռաֆայել Թորոյանը զրույցի ժամանակ ասաց, որ իրենք սպասարկում են նախարարության համակարգում գործող շուրջ 30 մարզօջախների սաներին:  Ճիշտ է՝ աջակցում, հնարավորինս օգնում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում գտնվող մարզադպրոցների սաներին: Թեեւ հիշյալ բուժհաստատությունը պարտավոր չէ այդ անել ու ֆիզիկապես անկարող է ապահովել բոլոր ցանկացողների բուժսպասարկումը:



Չմոռանանք, որ այդ գործը նաեւ որոշ ծախսերի հետ է կապված (տարբեր անալիզներ, սրտագիր, էխոսկոպիա, սոնոգրաֆիա եւ այլն):  Ստացվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության գրեթե 140 մարզադպրոցների սաները դուրս են մնում բուժհսկողությունից, մանավանդ որ բազմաթիվ դպրոցներում չկան բժիշկներ (լավագույն դեպքում կան բուժքույրեր):



ՀՀ ԱԺ-ի ընդունած «Սպորտի մասին» օրենքում ասված է, որ մարզիկը տարեկան առնվազն երկու անգամ պետք է ենթարկվի բուժստուգման: Բայց հաճախ իրենք՝ մարզիչներն են խոստովանում, որ իրենց սաները «սպիտակ խալաթավորների» չեն հանդիպում, կամ ձեւական բնույթ են կրում հազվադեպ այցերն ու ստուգումները: Ուրեմն մեր մարզօջախներում դեռեւս չեն վերանա դժբախտ պատահարները: Ի դեպ, սա վերաբերում  է նաեւ լուրջ վնասվածքներին, որ մարզիկները ստանում են եւ մրցումների, եւ պարապմունքների ժամանակ` մարզիչների կողմից պահանջվող անհրաժեշտ զգուշավորություն չդրսեւորելու եւ անվտանգությունը չապահովելու հետեւանքով: Բայց սա առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:



Ռուբեն Չալիկյան