Նալբանդյանը կլինի Հայաստանի ամենաերիտասարդ մարզպետը

Նալբանդյանը կլինի Հայաստանի ամենաերիտասարդ մարզպետը
Հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, կառավարության նիստի օրակարգում չկա Լոռու մարզպետի նշանակման հարցը: Սակայն այդ նիստում Լոռվա մարզպետ է նշանակվելու 2005թ. Ալավերդու քաղաքապետ, ՀՀԿ անդամ, 40-ամյա Արթուր Նալբանդյանը: Նա քաղաքապետ է ընտրվել որպես անկուսակցական:  Կոալիցիոն հուշագրով Լոռվա մարզպետի պորտֆելը Հանրապետականինն է: Մեզ հետ զրույցում Արթուր Նալբանդյանը նշեց, որ մարզպետի պաշտոնն իրեն առաջարկել է Հայաստանի նախագահը՝ երկուշաբթի օրը:



- Փաստորեն, Դուք մարզպետների մեջ տարիքով ամենաերիտասարդն եք լինելու, չե՞ք վախենում, դժվար չի՞ լինի աշխատել:



- Չեմ կարծում, ես սիրում եմ աշխատել ու կարծում եմ մյուս մարզպետները՝ որպես փորձառու, իրենց խորհուրդներով կօգնեն ու կաջակցեն:



- Լոռվա մարզպետացուների ցանկը մեծ էր՝  Հենրիկ Քոչինյան, Վահրամ Բաղդասարյան,  Կարեն Սարիբեկյան, Անուբախ Համբարյան: Այս անձինք չե՞ն խանգարի Ձեր աշխատանքին: Ասում են՝  ոմանք մարզպետ դառնալը պրինցիպի հարց էին համարում: 



- Ում անունը թվարկեցիք, մարդկային նորմալ փոխհարաբերությունների մեջ եմ: Ինչո՞ւ պիտի խանգարեն, չեմ  կարծում, որ կխոչընդոտեն:



- Ասում են՝ բարձրագույն կրթություն չունեք:



- Ո՞վ է ասում (քահ-քահ ծիծաղում է): Ավարտել եմ Հյուսիսային համալսարանը, որն ի դեպ՝ պետական հավատարմագրում ունի, մասնագիտությամբ տնտեսագետ եմ:



- Ժամանակին Ալավերդու քաղաքապետի ընտրություններում Ձեր մրցակիցը  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր, եւ Դուք նրան հաղթել եք: Մեր տեղեկություններով՝ Ձեր միջեւ կոնֆլիկտ կա:



- 2005թ. ընտրություններից հետո նա շնորհավորեց ինձ, կոնֆլիկտ երբեք չի եղել: Դա քաղաքակիրթ պայքար էր, ու մինչ օրս Շարմազանովն իմ մտերիմ ընկերներից մեկն է:



- Ո՞վ է դառնալու Ալավերդու քաղաքապետ:



- Փոխարինողը կլինի նա, ում ժողովուրդը կընտրի, վաղ է խոսել այդ մասին: Հինգշաբթի կառավարության նիստում երբ պարզ դառնա իմ նշանակվելու հարցը, այդ ժամանակ էլ կմտածենք այդ ուղղությամբ:



- Չե՞ք ափսոսում, որ թողնելու եք ընտրովի պաշտոնը եւ նշանակովի պաշտոնում աշխատեք: Ձեզ կարող են անսպասելի պաշտոնանկ անել:



- Ճիշտն ասած՝ եթե  ափսոսեի, ապա ավագանու երեկվա նիստում դիմում չէի ներկայացնի: Աշխատանքի պատասխանատվությունը, բարդությունը շատ լավ եմ պատկերացնում, բայց ես արդեն իմ որոշումը կայացրել եմ:



- Մարզպետարանում փոփոխություններ անելո՞ւ եք: Ազատվելո՞ւ եք նախկին մարզպետի ոչ ցանկալի կադրերից:



- Կադրային ջարդ, որպես այդպիսին, չի լինելու: Աշխատել եմ մարզպետարանի հետ, ճանաչում եմ բոլորին, շատ-շատերն իրենց գործի գիտակն են, մասնագետներ են նորմալ: Բայց չեմ բացառում մի քանիսի փոփոխությունը՝ կապված անբավարար աշխատանքի հետ:



- Ունե՞ք սեփական բիզնես:



- Ժամանակին Ռուսաստանում բիզնես ունեի, հիմա չունեմ: Առեւտրով էի զբաղվում: Իհարկե, Հայաստանում էլ ես չունեմ, բայց իմ ընտանիքի անդամները՝ եղբայր, ծնող, զբաղվում են բիզնեսով: Քարի արտադրամաս ունեն եւ խանութներ:



- Ծանո՞թ եք մարզի հիմնախնդիրներին, թե՞ նոր-նոր եք սկսելու ուսումնասիրել: Եթե այո՝ ի՞նչ հարցով եք առաջին հերթին զբաղվելու:



- Ամեն մի տարածաշրջան ունի իր խնդիրները: Թումանյանի տարածաշրջանի խնդիրներին եմ ծանոթ, բնապահպանական հարցերն առանձնանում են մյուսներից, զբաղվածության խնդիր կա ողջ մարզում: Խոստանում եմ  նշանակվելուց հետո կարճ ժամանակամիջոցում ծանոթանալ, գտնել հարցերը լուծելու ճանապարհները: