Բրեյվիկն ու «Ալ քաիդան»

Բրեյվիկն ու «Ալ քաիդան»
Տեսա՞ք Բրեյվիկին՝ հանգիստ նստած ոստիկանական մեքենայի մեջ, դատարան գնալիս։ Կարծես ես էի 97 հոգուն սպանողը։  Դեմքին՝ իրենից գոհ ժպիտ, իսկ աչքերում՝ գործը կատարած մարդու ինքնավստահություն։



Շրջապատի ոստիկաններն էլ, եթե չասենք հարգանքով, ապա զուսպ ու գործնական։



Հետո էլ դատարանում ուզում են բոլորին հավատացնել, որ նա գործել է մենակ։ Պատկերացնո՞ւմ եք։ Մի հոգով պայթուցիկ ռումբեր տեղադրի կառավարության շենքի հարեւանությամբ ու հասնի երիտասարդների ճամբար, որպեսզի մի լավ դաս տա այդ կեղտոտ սեւերին ու մուսուլմաններին։ Ազատի Եվրոպան նրանցից։ Եվ այդ բոլորը Եվրոպայում, որտեղ եթե մի որեւէ արաբ կամ աֆրիկացի թարս նայի մեկին, անկասկած կհամարվի «Ալ Քաիդայի» անդամ։



Բրեյվիկը տարիներ շարունակ հանդես է եկել ինտերնետում ու դրսեւորել իր գաղափարները, եւ ոչ ոք չի պատկերացրել, որ այնտեղ ֆաշիստ է նստած։ Գուցե ասեք՝  իսկապես չեն պատկերացրել, թե ինչի կարող է ընդունակ լինել իրենց կողքին ապրող ֆաշիստ ցեղապաշտը։  Բայց մի՞թե Հիտլերը շատ տարիներ առաջ էր ապրում։ Այսքան արագ մոռացանք միլիոնավոր մարդկանց դիակներն ու մնացածի անվերադարձ խեղված կյանքերը։



Մի անգամ էլ նայենք Բրեյվիկի հանգիստ ու ինքնագոհ տեսքին ու հիշենք, թե ինչպես էին նարնջագույն բանտային հագուստներով, ձեռնաշղթաներով ու ոտնաշղթաներով դեպի Գուանթանամո «քշվում» անգամ «Ալ Քաիդայի» անդամ լինելու մեջ կասկածվողները։ Իսկ թե ինչ է սպասվում այնտեղ նրանց այսօր՝ գիտի ամբողջ աշխարհը։



Այս անգամ էլ Եվրոպան ցույց տվեց, որ երկակի ստանդարտները կիրառվում են ամեն տեղ։ Նույնիսկ ահաբեկիչների դեպքում։ Նույնիսկ, երբ մոտ հարյուր երիտասարդ զոհերը դեռ հուշ չեն, այլ շոշափելի իրականություն։



Ռուբինա Ղազարյան