Օբամային սպանել ցանկացողին մեղադանք առաջադրեցին

Օբամային սպանել ցանկացողին մեղադանք առաջադրեցին
Երեկ ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Ուզբեկստանի քաղաքացու նկատմամբ, որը ապօրինի ներգաղթող է համարվում: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային բազմիցս սպառնալու մեջ: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Ուլուգբեկ Կոդիրովը ցանկացել է սպանել պետության ղեկավարին: Ուզբեկ երիտասարդը 2009 թվականին ԱՄՆ է ժամանել ուսանողական վիզայով, սակայն անցյալ տարվա ապրիլին նրա վիզայի ժամկետը չեղյալ են համարել, քանի որ Ուլուգբեկին չի հաջողվել ընդունվել ամերիկյան բուհերից ոչ մեկը:



Նախաքննության տվյալների համաձայն` երիտասարդը ամերիկյան իրավապահ համակարգի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ պատմել է իր մտադրության մասին` սպանել Օբամային: Ուզբեկը չի իմացել, որ ոստիկանի հետ գործ ունի եւ նրան մանրամասն ներկայացրել է իր ծրագիրը: Ուլուգբեկ Կոդիրովը, ըստ նախաքննության տվյալների, իսլամական էքստրեմիստների հետ է համագործակցում:



ԱՄՆ նախագահին սպանելու համար նա պատրաստվում էր օգտագործել պայթուցիկ սարք կամ դիպուկահար զենք: Ուլուգբեկը այնքան շատ է ցանկացել սպանել Օբամային, որ դրա համար պատրաստ է եղել վտանգել սեփական կյանքը: Տղային ձերբակալել են այս տարվա հուլիսի 13-ին` Ալաբամա նահանգի հյուրանոցներից մեկում հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր զենք գնել ոստիկանության գաղտնի գործակալներից:



Ձերբակալության պահին Կոդիրովի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, Ուզբեկստանի քաղաքացին գտնվում է նախնական կալանքում: Նախագահի կյանքին սպառնալու համար առավելագույն պատիժը 20 տարի ազատազրկումն է, իսկ ապօրինի զենք կրելու համար 22-ամյա երիտասարդին սպառնում է եւս 10 տարի: Պաշտոնական Ուզբեկստանը որեւէ կերպ չի արձագանքել ամերիկյան լրատվամիջոցներով տարածված այս տեղեկատվությանը:



Նշենք, որ Ուզբեկստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին տարիներին բարելավել են, քանի որ պաշտոնական Տաշքենդը թույլ է տվել ՆԱՏՕ-ի զորքերին օգտագործել իր օդային եւ հողային տարածքը Աֆղանստան հասնելու համար:                                                                              



Ի դեպ, այս տարվա հուլիսի սկզբին հաքերները կոտրել էին Fox News լրատվական հեռուստաալիքի Twitter-ում գրանցված պաշտոնական էջը եւ քաղաքական լուրերի բաժնում տեղեկություն էին տեղադրել, թե ԱՄՆ նախագահը մահացել է: Մեկ ժամ շարունակ հաքերները թարմացնում էին այդ տեղեկությունը` հայտնելով սպանության մանրամասները, թե Օբամայի վրա կրակել են երկու անգամ, որից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Թե ինչ կապ ունի Ուզբեկստանի քաղաքացին այս հաքերների հետ` պարզ կդառնա նախաքննության ավարտին: