Հաղթանակի ֆենոմենը

Հաղթանակի ֆենոմենը
Երեկ մթնոլորտը հագեցած էր հաղթանակով: Շախմատի արքաները մեզ բոլորիս այնպիսի բերկրանք պատճառեցին, որ սովորաբար մարդն ունենում է խիստ անձնական ու կոնկրետ հաջողության դեպքում: Այս մեկը, փաստորեն, համազգային հաջողություն էր, համապետական նշանակության իրադարձություն, որ հաղթանակի շնչահեղձ անող զգացում էր պարգեւել բոլորիս: Ոմանք, անշուշտ, այս համընդհանուր էյֆորիայի մեջ սեւ բծեր էլ գտան ու հայտարարեցին, որ հաղթանակը քաղաքականացվում է՝ «տեսա՞ք Սերժ Սարգսյանը հենց տրապի մոտ դիմավորեց հերոսներին»: Եվ դա մեկնաբանվեց որպես հաղթանակը սեփականացնելու, դրանից դիվիդենտներ շահելու փորձ: Գուցե, սակայն, դրան էլ կարելի է ներողամտորեն վերաբերվել՝ հաղթանակին մոտ լինելու, այն զգալու եւ օգտագործելու գայթակղությունից զերծ մնալ ոչ բոլորն են ի վիճակի: Մանավանդ երկրում նախընտրական տարի է, եւ վարկանիշ բարձրացնելու խնդիր ունեն շատերը, հատկապես երկրի նախագահը: Բայց առավել հաճելի էր հասարակ մարդկանց ոգեւորությունը, որոնք ցնծությունից հարբել էին, անկեղծորեն շնորհավորում էին միմյանց, հպարտանում տղաներով, ուրախանում, որ աշխարհի շախմատասերները մեր երկրի անունն են հնչեցնում՝ որպես շախմատային թիվ մեկ երկրի: Կարծում եմ՝ նման հաղթանակներ մենք առաջիկայում էլ կունենանք՝ չէ՞ որ այս տարվա սեպտեմբերից շախմատը մտնում է հանրակրթական դպրոցներ՝ որպես պարտադիր առարկա: Ընդ որում՝ սկսած երկրորդ դասարանից, շաբաթական 2 ժամով: Իսկ դա նշանակում է, որ չեմպիոնների թիմի համալրման պակաս առաջիկայում չենք ունենա: Մնում է, որ նման ուշադրություն դարձվի նաեւ մյուս սպորտաձեւերին, որպեսզի այդպիսի հաղթանակներ վայելենք ոչ միայն շախմատի մրցաշարերի, այլեւ օլիմպիադաների, ֆուտբոլի եւ մյուս մարզաձեւերի աշխարհի առաջնությունների արդյունքում: