Նյութեր են հավաքում

Նյութեր են հավաքում
Անձի, ընդ որում անմեղ անձի, կալանքի որոշումը գրավով փոխարինելու պատճառով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Դա նույնիսկ պատճառ հանդիսացավ Հայաստանի փաստաբանների համախմբմանը: Մի քանի տասնյակ փաստաբաններ վճռաբեկ դատարանի առաջ ակցիա կազմակերպեցին՝ պահանջելով վերացնել դատավորների կախումը վճռաբեկ դատարանից եւ անձամբ վճռաբեկ դատարանի եւ Արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանից:



Փաստաբանները պնդում էին, որ որոշումը չպատճառաբանելը չի կարող դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք հանդիսանալ, ինչպես պատճառաբանել էին դատավորի պաշտոնաթողությունը, մանավանդ, որ դատավորների կողմից հարյուրավոր չպատճառաբանված որոշումներ են կայացվում: Փաստաբանները պահանջում էին այդ դեպքում պատասխանատվության ենթարկել նաեւ մնացած բոլոր՝ այդպիսի որոշում կայացնող դատավորներին: Երեկ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանից տեղեկացանք, որ պալատն արդեն սկսել է հավաքագրել դատավորների կողմից բոլոր չպատճառաբանված որոշումները, որպեսզի դրանք ներկայացնի Արդարադատության խորհրդին:



Իսկ թե դրա արդյունքում Արդարադատության խորհրդից ինչ սպասելիքներ ունեն՝ դժվարացավ ասել. «Գուշակությունն անշնորհակալ գործ է»: Նա նաեւ նշեց, որ ապագայում նոր ակցիաներ չեն նախատեսել: Ի դեպ, շուտով ՓՊ նախագահը պատրաստվում է կլոր սեղան-քննարկում կազմակերպել: Քննարկումը փակ է լինելու, եւ Սահակյանը չցանկացավ մանրամասնել, թե հատկապես որն է քննարկման բուն թեման: Սակայն, մեր տեղեկություններով, այն վերաբերելու է հենց կալանքի այլընտրանքային ձեւերի կիրառմանը, ինչի պատճառով էլ դատավոր Մնացականյանը զրկվեց լիազորություններից: