Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է 5 հազարանոց հանրահավաքին անձնատուր լինի

Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է 5 հազարանոց հանրահավաքին անձնատուր լինի
ՀԱԿ-իշխանություն երկխոսության երկրորդ ռաունդում ՀՀ նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը ներառվեց երկխոսության օրակարգում: Եվ քանի որ տեւական ժամանակ իշխանության ներկայացուցիչներն այդ հարցերի նույնիսկ քննարկումն էին բացառում, ապա այժմ թվում է՝ իշխանությունները պատրաստ են բավարարել ՀԱԿ-ի նաեւ այս պահանջը: Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում, կլինե՞ն արդյոք արտահերթ ընտրություններ: Այս մասին զրուցեցինք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ  քաղաքագետ, Ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ  Իսագուլյանի հետ:



Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝  իշխանությունները միայն առճակատումից խուսափելու համար համաձայնեցին այդ հարցերն ընդգրկել օրակարգում: Սակայն եթե չկարողանա իրադարձություններն իր ուզած սցենարով տանել, ապա «հաճույքով» կգնա արտահերթ ընտրությունների, բայց՝ խորհրդարանական, քանի որ հերթականի ժամանակ չի բացառվում, որ ՀԱԿ-իշխանություն առճակատում լինի:



«Քանի դեռ իշխանությունը համոզված չէ, որ հերթական ընտրություններն ընդդիմության հետ անցկացվելու են փոխհամաձայնեցված մթոլորտում եւ չեն զուգորդվելու հետընտրական ցնցումներով, արտահերթը կմնա նախընտրելի: Սակայն եթե պայմանավորվածություն ձեռք բերվի խորհրդարանում տեղեր բաժանելու... էս ԲՀԿ-ին էլ քցենք եւ այլն... Հիմա այս երկխոսության ընթացքում իշխանությունների խնդիրն է լինելու մաքսիմում համոզել ընդդիմությանը, որ՝ եղբայր, հերթական ընտրություններին մենք կիսելու ենք պառլամենտը, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ տալու ենք ԱԺ խոսնակի պոստը»:



Իսկ եթե չհամաձայնեն, չի բացառվում, որ իշխանությունը հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, սակայն դա Կոնգրեսի եւ իր համակիրների համար, Հովհաննիսյանի կարծիքով, միմիայն հոգեբանական նշանակություն կարող է ունենալ, «որովհետեւ մեզ մոտ արտահերթ ընտրություններ անցկացվել են, որոնք առանձնապես չեն տարբերվել հերթական ընտրությունների որակից, եւ այն չի կարող դառնալ իշխանափոխության հիմք»:



«Նույն Վրաստանում Սահակաշվիլին գնաց արտահերթ նախագահական ընտրությունների եւ վերարտադրվեց նախագահի պաշտոնում, հետեւաբար ընտրությունները կդառնան իշխանափոխության հիմք միայն այն դեպքում, երբ դրանց նախորդի գործող նախագահի հրաժարականը»,- նշեց քաղաքագետը՝ հետեւություն անելով. «Ուստի ՀԱԿ ներկայացուցիչները մոլորության մեջ են կամ իդեալիստական պատկերացում ունեն այս վարչակազմի ուղղվելու վերաբերյալ, կամ էլ նշանակում է՝ Կոնգրեսն ունի համաձայնություն իշխանությունների հետ, որը երաշխավորվում է այնպիսի հզոր ատյանների կողմից, որոնք պետք է պարտադրեն այս վարչակազմին ընտրություններն անցկացնել այլ եղանակով, քան նախորդներն են եղել»: Իսկ արտահերթ նախագահական ընտրությունների հարցը Հովհաննիսյանը ծիծաղելի համարեց.



«Գորբաչովը, որ Գորբաչով էր, ով միջազգային լուրջ կառույցների ուշադրության եւ ազդեցության ներքո էր գտնվում, նա էր հապաղում իշխանությունից հրաժարվել, իսկ մեր պարագայում, երբ չկա զանգվածային պերմանենտ ճնշում, լո՞ւրջ եք համարում, որ 5 հազարանոց հանրահավաքին անձնատուր լինի Սերժ Սարգսյանը»:



Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ իշխանությունն իր «նախաձեռնությունները» ոչ մի դեպքում չի զիջի եւ չի գնա արտահերթ նույնիսկ խորհրդարանական ընտրությունների: Բացի դրանից, ըստ նրա՝ դրա նախադրյալներն էլ չկան. «Ցանկացած պարագայում արտահերթ ընտրությունների գնալ՝ կնշանակի ՀԱԿ-ը թելադրող ուժ է: Էդ պարագայում ինքը դառնում է դոմինանտը, ընտրությունների նախաձեռնողը եւ անցկացնողը եւ ստանում է առավելություն իշխանության նկատմամբ: Կնշանակի երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որի արդյունքում կողմերը համաձայնության են եկել արտահերթ ընտրությունների հարցում, որտեղ թելադրողը ոչ թե օրենքներն են եւ իշխանությունը, այլ՝ ընդդիմությունը»:



Այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունները համաձայնեցին այդ հարցերը քննարկման դնել: Իսագուլյանն ասաց. «Տրամաբանությունը հետեւյալն էր՝ դուք առաջարկում եք օրակարգի ձեր հարցերը, մենք՝ մերը, առանց քննարկման: Այլ հարց է, որ ՀԱԿ-ն ամեն կերպ ուզում է տպավորություն ստեղծել, որ իշխանության հետ համահավասար ուժ է, եւ նա կարող է ազդել հասարակության տրամադրության վրա: Ընդ որում՝ ընդդիմության համար էական չէ՝ էդ արտահերթ ընտրությունները կկայանան Սահմանադրությամբ նախատեսված ժամանակո՞ւմ, թե՞ ավելի ուշ, կարող է այդ ընտրությունները լինեն  հերթականից մեկ շաբաթ շուտ, բայց կոչվեն արտահերթ»:



ՀԱԿ-ի նախորդ պահանջների վերաբերյալ էլ Իսագուլյանը նշեց. «Աշխարհը տեսնում է, որ գնում է երկխոսություն, ներքին բանավեճ, որի արդյունքում իշխանությունը հրաշալիորեն եւ զիջում է, եւ խնդիրներ լուծում: Ինչ-որ մեկի հրաշալի խաղով տեղի է ունենում շախմատային կոմբինացիա»: Թե սա ում ծրագիրն է, ով է ում վրա ճնշում գործադրում, ըստ քաղաքագետի՝ կբացահայտվի միայն ընտրություններին: