Միայն Դուք կարող եք մեզ օգնել

Միայն Դուք կարող եք մեզ օգնել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին



Մենք համոզված ենք, որ միայն Դուք կարող եք լուծում տալ արդեն ութերորդ տարին չարչրկվող մեր հիմնահարցին ու ապահովել տարիներով խոստացած արժանապատիվ փոխհատուցման տրամադրումը: Իննսունական թվականներին վարձակալելով Դալմայի տարածքի անմշակ հողերը՝ փորձում էինք լուծել մեր ընտանիքների կարիքները:



Սակայն 2003թ. մարտից 2007թ. հոկտեմբեր ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանը, անտեսելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ոտնահարելով մեր իրավունքները, շրջանցելով Քաղաքացիական օրենսգրքի 187 եւ 278 հոդվածների դրույթները ու ՀՀ հողային օրենսգրքի 4/4, 48, 62/2, 72/12, 104, 185/5 հոդվածները, բարեխիղճ հողօգտագործողներիցս գաղտնի, մեր հողամասերի տնօրինումը փոխանցել է այլ կազմակերպությունների ու անհատների, սկսած «Ֆրանկ Մյուլլեր Ավիաուղիներ Արմենիա» ՓԲԸ-ին եւ «Ռենկո Առէստետիկ» ՍՊԸ-ին՝ առանց աճուրդի տրված 8 հա վարձակալությունից:



Նույն տարածքն աճուրդով «Լուսավան Դեւիլոփմենթ» ՍՊԸ-ին վաճառելով: Արդյունքում,  Դալմայի տարածքից 283 հա հարյուրավոր բարեխիղճ մշակողներից վերցնելով՝ դարձրին վաճառքի եւ վերավաճառքի առարկա: Առանց աճուրդի օտարած տարածքներից միայն երեքում ավելի քան 50 հողօգտագործողներից 19-ը դեռ փոխհատուցման ակնկալիքներ ունեն: Այն է.



1. 12.05.2004թ. թիվ 818 որոշումով «Դալմա ինվեստ» ՓԲԸ տրված 12 հա տարածքից՝  4 հողօգտագործողներ



2. 12.05.2004թ. թիվ 821 Ա որոշումով «Հայկական էլցանցեր» ՓԲԸ 8200 քմ տարածքում, ներկայիս տերը Արմեն Տեր-Տաճարյան՝ 9 հողօգտագործողներ



3. 21.07.2004թ. թիվ 1357 որոշումով «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությանը տրված 6.2 հա տարածք՝ 6 հողօգտագործողներ



4. Աճուրդով վաճառված, ինչպես նաեւ դեռեւս որպես համայնքի սեփականություն մնացած հողերը:



Հետագայում սկսել են աճուրդ կոչված իմիտացիոն խեղկատակությունների շքերթը, եւ մեր մշակած տարածությունները գաղտնի ու ապօրինի ծախվել են այլ արտոնյալ քաղաքացիների (երբեմն նաեւ ոչ ՀՀ քաղաքացիների), ինչպես Աննա Բաբաեւային եւ «Փյունիկ» հաշմանդամների ՓԲԸ-ին: Մեր մշակած հողատարածքների իրացման գաղտնիությունը, նրանց շուրջ ստեղծված թանձր ծխածածկույթը հնարավորություն չեն տալիս գնահատելու երկրին պատճառված իրական վնասների չափը: Օրինակ, երբ 01.10.2007թ. քաղաքապետարանում մեզ հավաստիացնում էին, որ նախագահի հանձնարարականով մեզ արդարացի փոխհատուցում են տալու, միաժամանակ քաղաքապետարանի պաշտոնյաներն իրականացնում էին հերթական «օպերացիան», որի արդյունքում մոտ 8 հա տարածք շուկայական արժեքից առնվազն 15 անգամ պակաս խորհրդանշական գնով նվիրեցին 22 օրական նորաստեղծ «Լուսավան դեւիլոփմենթ» ՍՊԸ-ին:



Միայն Ձեր հորդորներից հետո «Լուսավան դեւիլոփմենթ»-ը   փոխհատուցեց (10 հողօգտագործողներին) 15-10 ԱՄՆ դոլարի համարժեքով (1 քմ հողի դիմաց): Ողջունելի են նաեւ Երեւանի ներկայիս քաղաքապետ Կ. Կարապետյանի եւ քաղաքապետարանի անձնակազմի  ջանքերն այդ ուղղությամբ: Եթե նախկինում մեր դիմումները, որպես կանոն, հայտնվում էին մեր իրավունքների ոտնահարման էպիկենտրոնում՝ Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունում, որտեղից էլ ստանում էինք անհեթեթ  պատասխաններ, ապա հիմա զգացվում է հոգատար վերաբերմունք յուրաքանչյուրիս նկատմամբ: Երեւանի քաղաքապետն անձամբ, մեր ներկայությամբ խոսել է բոլոր վերը նշված «սեփականատերերի» հետ եւ պահանջել մեզ արժանապատիվ փոխհատուցում տրամադրել:



Սակայն «Կոնվերս բանկի» նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Ա. Տեր-Տաճատյանը, Միջազգային բիզնես կենտրոնի տնօրեն Տիգրան Մուրադյանը շարունակում են նսեմացնել մեզ՝ «գրոշներ» առաջարկելով: Երբ մենք առաջարկեցինք, մեր հողատարածքների վերադարձման պարագայում տասնապատիկ ավելին վճարել իրենց, քան իրենց առաջարկած «գրոշներն» են, պատասխանեցին, թե հրաժարվում են մեզ որեւէ փոխհատուցում տալ՝ ավելացնելով, որ թող դրանք ետ վերադարձնեն ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանը:



Զարմանալի է, որ Ա. Տեր-Տաճատյանից խուսափում են նաեւ ՀՀ նախագահի անձնակազմի վերահսկողության վարչության ղեկավարները՝ նշելով, որ գլուխ չեն ուզում դնել նրա հետ: Ստիպված ենք դիմել Ձեզ բաց նամակի միջոցով, որպեսզի հասու դարձնենք մեր հիմնահարցը, քանի որ վստահ ենք, որ միայն Ձեր հսկողության ներքո մեր հարցը կլուծվի:



Երեւանի Դալմայի այգիների հողօգտագործողներ