Ինքնաձիգ տրամադրեք բոլոր դպրոցներին

Ինքնաձիգ տրամադրեք բոլոր դպրոցներին
Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը գրանցում ստացան 2004-ին: Մեկնարկին մասնակցեցին հանրակրթական դպրոցների շուրջ 4 հազար բարձր դասարանցիներ: Ծրագրում ընդգրկված էին նռնակի նետում, 8 կգ կշռող ուսապարկով փոխանցավազք  (4x50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք՝ 1 կմ, եւ ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձեւերը: Միջոցառումն անցկացվում էր 3 ամսում (սեպտեմբեր-նոյեմբեր)՝ չորս փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային եւ եզրափակիչ:



2008-2009 թթ. համաշխարհային ճգնաժամի հետեւանքով խաղերը չանցկացվեցին: Անցյալ տարի միջոցառումը վերականգնվեց: Նախկին 5-ի փոխարեն հատկացվեց 7 միլիոն դրամ, եւ կազմակերպիչները մրցումների ծրագրում ավելացրին հրաձգություն (օդամղիչ հրացանով) մարզաձեւը: Մասնակիցների քանակը նույնպես ավելացավ՝ հասնելով 25 հազարի:



Սա պատահական չէ: Մինչեւ 2007թ. Երեւանի դպրոցներից միայն մի քանիսն է ունեցել հրացան: Մասնագետների հետ զրույցներից պարզվեց, որ այժմ զինատեսակներ ունի մեր դպրոցների ավելի քան 50 տոկոսը:  Շատ հաստատությունների ղեկավարներ չեն ուզում հրացան ունենալ: Պատճառը հատուկ պահասենյակ չունենալն է: Թեեւ հնարավոր է որեւէ փոքր դասասենյակի դուռն ու լուսամուտը դարձնել երկաթյա եւ դրանով հարցը լուծել:



Խաղերը կազմակերպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Կայացմանը մեծապես նպաստում են նաեւ ՀՀ պաշտպանության, ԿԳ նախարարությունները եւ ոստիկանությունը:  Դպրոցներում այժմ արձակուրդ է, բայց զինղեկները, ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ու բարձր դասարանների աշակերտները պետք է անցկացնեն, այսպես ասած, ակտիվ հանգիստ: Բանն այն է, որ նոր ուստարվա հենց առաջին ամսին՝ սեպտեմբերին, պետք է աշակերտները մասնակցեն մեկնարկային փուլին:



Ուրեմն նրանց առօրյայում որոշակի ժամանակ պետք է հատկացվի նախապատրաստական մարզումներին: Դրանք կկոփեն առողջությունը եւ կբարելավեն մասնակիցների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները: Հակառակ պարագայում, նախորդ տարիների նման, երկրորդ փուլին (տարածաշրջանային մրցումներին) կներկայացվեն շինծու թիմեր, որոնցում ընդգրկվածների գերակշիռ տոկոսը նույնիսկ զենք տեսած չի լինում եւ ֆիզիկապես էլ՝  անպատրաստ:



Ընդհանրապես խաղերը վկայում են, որ շատ կրթօջախներում ֆիզկուլտուրայի դասավանդումն անբավարար է: Եթե նաեւ հավելենք, որ մեկ մասսայական միջոցառումն անկարող է բարձրացնել ապագա զինվորի ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստականությունը, ապա լիովին պարզ կդառնա սպաների՝ զորակոչիկներից դժգոհելու պատճառը: Հանրակրթական դպրոցներում պետք է քաջ գիտակցեն, որ ֆիզկուլտուրա առարկան ամենեւին երկրորդական չէ:



Ռուբեն Չալիկյան