Փարիզ, Քոչար, անցած օրեր

Փարիզ, Քոչար, անցած օրեր
Խոսակցությունները Երվանդ Քոչարի արվեստի, Քոչարի անձի շուրջ պարբերաբար ակտիվանում են  ու պարբերաբար նվազում: Հիմա էլ նրա արվեստով լուրջ հետաքրքրվող անձանց թիվը կարելի է մատների վրա հաշվել: Երբ անցած տարի Քոչարի 110-ամյակի կապակցությամբ Նկարիչների միությունում կազմակերպվեց նրա համարյա բոլոր շրջանների ստեղծագործությունների բացառիկ ցուցահանդեսը, հետաքրքիր էր, որ փարիզյան շրջանի (մասնավորապես սյուրռեալիստական) գործերի նկատմամբ հետաքրքրվածություն դրսեւորած մարդկանց խմբերը զիջում էին Քոչարի ուշ շրջանի ստեղծագործությունների մոտ հավաքվածների բազմությանը:



Իսկ Փարիզը թերեւս մնում է որպես Քոչարի տաղանդի, երիտասարդական բռնկումների, անվերջ ու անհանգիստ որոնումների, նրա ուշագրավ, տեղ-տեղ պարզ թվացող կյանքի օրերի պատրանքը, օրերի առեղծվածը: Վիգեն Իսահակյանի գիրքը՝ «Փարիզ. Քոչար. անցած օրեր...», լոկ պարզ ու խիտ մի հուշագրություն չէ, այս պատումը երիտասարդական ոգով գրված ինքնատիպ վեպ է: Վիգեն Իսահակյանի «Հայրս»՝ Ավետիք Իսահակյանի մասին պատմող գիրքը հայ գրականության լավագույն ստեղծագործություններից է, որտեղից եւ պարզ է դառնում, որ Վիգենը միայն վավերագրող եւ վկայություններ տվող գրող չէ, որովհետեւ Վիգենի վավերագրությունը, բնագրային իր լավագույն դրսեւորումներով, գեղարվեստական երկ է` պարզ, թափանցող, հյութեղ լեզվով, սյուժետային չկտրվող, ալիքաձեւ գծին հավատարիմ:



Նա գրում է՝ Քոչարի մասին իր ապրածը վերապրելով, բոլոր հիշողությունների եւ զգացողությունների էությունը, զգացողությունների ներքին ռիթմը, իր բնագրի ձայնը, հուշերի լեզվի ինտուիտիվ կառույցը փոխանցելով ու արտացոլելով, հանդես գալով որպես դիտորդ, մասնակից, ընթերցող: «Փարիզ. Քոչար. անցած օրեր…» գրքի առաջաբան-էսսեում` «Կորուսյալ ժամանակի» վիգենյան որոնումները», Ավիկ Իսահակյանը գրում է. «Եվ ահա այս քաղաքում (Փարիզում) հանդիպել են իրար բավականին նման երկու անձնավորություններ: Ընդամենը 10 տարով է Քոչարը Վիգենից մեծ, բայց դեռ շատ երիտասարդ է… Վիգեն-Քոչար  հարաբերություններն ավելի «տղայական» էին, ինչպես ասացինք` նրանք «նույն խելքի էին», եւ նրանց մտերմացնող մի կարեւոր օղակն էր սերը Փարիզի հանդեպ»:



Փարիզ` որպես մեծ պայթյունին պատրաստվող հավաքատեղի. թափառումներ, նկարչություն, քանդակ, գումար հայթայթելու համար տարբեր աշխատանքներ, երազանքներ, անհասկանալի մղում, կատաղի վազք դեպի նոր գյուտերն ու ուղիները, ցավ ու ափսոսանք: Գրքում պարզապես մի ֆանտաստիկ լուսանկար կա՝ Քոչարի եւ նրա վաղամեռիկ գեղեցկուհի կնոջ` Վարդենու հարսանեկան լուսանկարը:



Լույսի մեծ պսպղում է Վարդենու դեմքը, հագին հարսանեկան նուրբ, սքանչելի մի շոր է, երիտասարդ, արիստոկրատ Քոչարը կանգնած է ստվերի մեջ, գլխին` սեւ ցիլինդր, աչքերին` կլոր շրջանակով ակնոց, համեստությունն ընդգծող շրթունքները մի փոքր լարված են. նա աջ ձեռքով գրկել է աղջկա ուսը, ձախ ձեռքում պահել սպիտակ ձեռնոցները, եւ Քոչարի անմոռանալի հայացքն ասես հայացքով գրկել է կնոջ մարմինը, կնոջ ցայտուն ու թաքնված գեղեցկությունը, գրկել է սերը:



Քոչարի վերադարձը Երեւան, ի հայտ եկած բարդությունների մեջ,  դիկտատուրայի սոցռեալիզմի ստվերի ներքո ստեղծագործելը, մյուս արվեստագետների թշնամական տրամադրվածությունները Վիգենի հետաքրքիր, պինդ գրչով սղված հիշողություններում` նոր մտածումների եւ վերլուծությունների հրաշալի առիթ են հանդիսանում: Եվ շատ բաների մասին խոսող մի դրվագ, որ հիշում է Ավիկ Իսահակյանը, երբ հորը փնտրելու համար բարձրանում է «Արմենիա» ռեստորանի երկրորդ հարկ եւ տեսնում սեղանի առջեւ նստած միայնակ Քոչարին, որ երկու ձեռքով խփում էր քունքերին ու հուսահատ կրկնում` «Տե՛ղն է քեզ, տե՛ղն է քեզ…»:



«Փարիզ. Քոչար. անցած օրեր...» գիրքն ասես քոչարական ու վիգենյան աշխարհի ձուլածո քանդակը լինի, մեծ արվեստագետի անցած ճանապարհի տեղը ներկայում մատնացույց անող ստեղծագործություն:



Գիրքը վաճառվում է Երեւանի փոքրաթիվ գրախանութներում: