Վարդանիկն աստվածահաճո գործ է անում

Վարդանիկն աստվածահաճո գործ է անում
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝  Լ. Աղեկյանի ստորագրությամբ, մի պատասխան է ուղարկել մեր՝ հուլիսի 27-ի «Ամենափրկչի փրկությունը  հանձնվել է Աստծուն» հոդվածի առնչությամբ, որտեղ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին սազական աստվածաշնչային զեղումների միջոցով ներկայացրել են եկեղեցու երկարաձգված վերանորոգման պատմությունն ու հավաստիացրել, որ այն ընթանում է ժամկետների պահպանմամբ եւ մոտ է ավարտին:



Մասնավորապես խոսնակը գրել է. «Բացահայտ  հիմնազուրկ է այն պնդումը, թե իբր Գյումրիի  Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունն  իրականացնող  «Ղուկասյան եղբայրներ»  հիմնադրամը ֆինանսական  դժվարություններ է ունեցել:  Անտեղի սարկազմով  եւ  անհավատին բնորոշ ծաղրով  նշվում է, որ եկեղեցու  փրկությունը հանձնվել է Աստծուն:



Մենք  լիազորված ենք պատասխանել, որ «Ղուկասյան  եղբայրներ» հիմնադրամում,  որի հիմնադիրը Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, ոչ մի ֆինանսական խնդիր չկա եւ չի եղել: Հոգեւոր  այդ բացառիկ  կառույցի աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրվածի, եւ աշխատավարձ չվճարելու փաստեր, ինչպես նաեւ մասնագետների  արտահոսք  չեն եղել:  Շեշտենք, որ դեռեւս 2003 թվականից, երբ եկեղեցու շինարարությունը ստանձնեց Գյումրիի քաղաքապետ  Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքը,  կատարվել եւ կատարվում է  հսկայածավալ  աշխատանք, եւ մոտ օրերս  շինարարությունն  արդեն կհասնի  պատուհանների կառուցման  փուլին:



Եկեղեցին, որը խոնարհվել էր 88 թ. աղետի ժամանակ,  46 մետր բարձրություն  ունի, կառուցված է Անիի Մայր տաճարի կրկնօրինակով, եւ ուրեմն ի՞նչ նպատակ ունի աստվածահաճո   գործի վրա ստվեր գցելը: Հատկանշական է, որ նյութի հեղինակն ինքն էլ է նշել, որ, ըստ նախագծի ճարտարապետի, անկախ բոլոր դժվարություններից, հսկայական  աշխատանք արդեն իսկ կատարված  է, ամեն ինչ կատարվում է մեծ ճշգրտությամբ, շեղումներ չկան: Ճշմարտության հետ ոչ մի  կապ չունի այն միտքը, որ հստակեցված չէ, թե ով է ավարտելու զանգակատան շինաշխատանքները: Եկեղեցու  վերականգնումը  ստանձնել եւ ավարտելու է Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Խ



որհուրդ  կտայինք, նախքան գրիչ բռնելը, համակողմանիորեն  վերլուծել փաստերը եւ նյութին վերնագիր դնելիս եւս հետեւել աստվածաշնչյան պատգամին`  «Զուր տեղը Աստծո  անունը չտալ»:



ՀԳ - Փաստորեն, աստվածավախ քաղաքապետը նաեւ բարերար է, եկեղեցիների նորոգման մեկենաս, եւ նրա ստեղծած հիմնադրամը զբաղված է Ամենափրկչի նորոգմամբ: Մեզանում, ցավոք, պետական պաշտոնյան, ընտրովի քաղաքապետը կարող է բարեգործությամբ զբաղվել, եւ ոչ ոք չի հարցնի, թե այն անձը, ով որոշակի աշխատավարձ է ստանում եւ իրավունք չունի իր պաշտոնից զատ այլ գործունեությամբ զբաղվել, որտեղի՞ց է տիրապետում այդ ֆինանսական միջոցներին: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ իրավունք ունի քաղաքապետի գործառույթներից դուրս գործունեությամբ զբաղվելու: