Արցախում կյանքը շարունակվում է

Արցախում կյանքը շարունակվում է
Արցախում տոթ ամառը շարունակվում է։ Արձակուրդում գտնվող քաղաքական գործիչների մի մասը վերադարձել է, մյուսները նոր են «ճամպրուկներ կապում»՝ Ստեփանակերտից կամ Արցախից դուրս ամառային հանգիստ անցկացնելու համար։ Երկրի ղեկավար Բակո Սահակյանն արդեն վերադարձել ու գործի է անցել։ Օրերս աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Ղարաբաղի կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին ու առաջիկա անելիքներին, ապա հուլիսի 30-ին ընդունել է ծագումով արցախցի բարերար Հայկ Մաղաքելյանին ու նրա հետ քննարկել Արցախում սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:



Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը կարեւորել է Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունն Արցախի շենացման գործում՝ նշելով «իշխանությունների պատրաստակամությունը՝ ըստ ամենայնի աջակցել նման ծրագրերի իրականացմանը»:



Օգոստոսի առաջին օրը ԼՂՀ նախագահն ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությանն ու քննարկել երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի այցը բացարձակապես կապ չունի արցախյան խնդրի եւ կամ համազգային նշանակության որեւէ հիմնահարցի հետ։ Ամենայն հավանականությամբ, նա Ղարաբաղ է այցելել իր գործունեությանը որոշակի բազմազանություն հաղորդելու եւ ձեռքի հետ՝ գյուղատնտեսության ոլորտի հետ կապված համատեղ ներդրումային ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար։



Բնականաբար, ինչպես միշտ, հանդիպման վերջում «երկուստեք նշել են ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը»:



Իսկ ղարաբաղյան խնդրի նոր զարգացումների, ՌԴ նախագահի նոր առաջարկությունների կամ հնչող հայտարարությունների մասին Արցախում շարունակում են քամահրանքով վերաբերվել՝ որպես վաղուց ձանձրացրած էժանագին սերիալի։ Իմ զրուցակից պաշտոնյաների մեծ մասն այն կարծիքին է, որ տեսանելի ապագայում ստատուս-քվոյի փոփոխության ոչ մի միտում չի նկատվում։ Նրանք կարծում են, որ միջնորդ երկրները, հատկապես Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, հակված չեն, որ այն փոփոխվի։



Իմ հարցին, թե ինչու են այդ դեպքում թույլ տալիս, որ Ադրբեջանը զինվի, ավելի ճիշտ՝ ինչու են Ադրբեջանին զինում, նրանք պատասխանեցին՝ միայն Ադրբեջանին չեն զինում, մյուս ձեռքով մեզ են զինում։ «Հենց նոր Մեդվեդեւն է ազերիներին հասկացրել, որ Հայաստանում ՌԴ բազաները տարածաշրջանում խաղաղությունը պահպանելուն են ծառայում... Այսինքն՝ չմտածեք կռիվ-մռիվ սկսելու մասին, դրանք ձեր դեմ կհանեմ...»,- ասաց նախագահական նստավայրից մի պաշտոնյա։



Խոսել Արցախի ամառային առօրյայի մասին եւ չխոսել այստեղ կատարվող շինարարական եռուզեռի մասին, նշանակում է անտեսել արցախյան կյանքի ամենաեռուն ոլորտը։ Ստեփանակերտում ոչ մի րոպե չի ընդհատվում շինարարական աղմուկը։ Բաղրամյան փողոցի երկարությամբ օրերս նոր խողովակաշար են անցկացրել՝ շուրջօրյա ջրային մատակարարման անցնելու համար։ Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ կարծես թե ավարտած, հողով ծածկված հատվածը օգոստոսի 1-ից կրկին քանդում են... որպեսզի ավելի լավ սարքեն։ Շինածը նորից քանդելն ու այն կրկին սարքելն Արցախում արդեն ավանդույթ է դարձել։



Իմ ծանոթներից մեկը մի քանի ամիս առաջ Ստեփանակերտից դուրս խորտկարան է կառուցել, հաճախորդներն էլ կարծես քիչ չեն։ Վերջերս երբ ակնարկեցի, որ շատ գեղեցիկ ու հետաքրքիր է կառուցել, ձեռքը թափ տվեց. «Չէ՜, ինձ դուր չի գալիս, շուտով երեւի քանդեմ՝ տեղը նորը կառուցեմ...»։ Արցախում կյանքն այսպես է շարունակվում...



Արեգ Վարդանյան, Ստեփանակերտ