Խանութպանները վախեցած են

Խանութպանները վախեցած են
Հասարակության հետ բոլորից շատ շփվողն ու նրանց սոցիալական վիճակից ամենատեղյակները հավանաբար խանութների վաճառողներն են, ովքեր հրաշալի գիտեն հաճախորդի գրպանի պարունակությունն ու թշվառության աստիճանը: Հատկապես, եթե այդ խանութը մարզում է, առավելապես գյուղական վայրերում, ինչն էլ ենթադրում է, որ ունի «նիսիաների» հաստափոր ցուցակ: Առանց այդ «նիսիաների» պարզապես առեւտուր չի լինի, լինելու դեպքում էլ մի ստվար զանգված սովի կմատնվի: Երբ այդ խանութպանին հարցնում ես` ո՞ր կուսակցությանը ձայն կտայիր առաջիկա խորհրդարանական ընտրություններում, հաստափոր տետրը գրեթե բերանդ խոթելով ասում է` նրան, ով էս ցուցակին վերջ կդնի: Իսկ ո՞ր մեկն է այդ վերջ դնողը: Պատասխանում է` ըտենց կուսակցություն չկա:



Հաջորդ խանութպանը, որ նաեւ վաճառող է սեփական խանութում, հարցին պատասխանելուց առաջ փաստեր է բերում. «Ապրանքն օր օրի թանկացնում են, մարդիկ նիսիայով էլ չեն կարողանում առեւտուր անել: Մարդ կա, որ Նոր տարվա սեղանի պարտքը մինչեւ հիմա չի տվել, գալիս վիզը ծռում ա` էլի գրվելով ա տանում:  Էդ հիմա, որ բերքի, շուկայի ժամանակն ա, բա ձմե՞ռը ոնց են անելու: Գիտես առեւտո՞ւր ա լինում, էն առաջին անհրաժեշտ մթերքն են տանում, որ սովից չմեռնեն»: Կային նաեւ պատասխաններ, թե` ով էլ գա, նույնն է լինելու, վերեւների մտածողությունը, վերաբերմունքը պիտի փոխվի: Կամ` օլիգարխը նստել ա խորհրդարանում, ուզում ես իր թալանի դեմ օրենք հանի՞, որ ժողովուրդը կարողանա ապրել:



Այս մարդկանց գերակշիռ մասը, ինչպես հասարակության մեծ մասը, պարզապես զզվում է ոչ միայն կուսակցությունների անուններն արտասանելուց, այլեւ հենց «կուսակցություն» բառից, «քաղաքական գործիչ» հասկացությունից: Այդուհանդերձ նրանց մեջ էլ գտնվեցին մարդիկ (տոկոսային առումով ավելի շատ, քան նույն քանակով սովորական քաղաքացիների մեջ), ովքեր իրենց քվեն կտային որոշակի կուսակցության: Եվ մեղքի զգացումով պատասխանում է` դե գիտես, ուզեմ թե չուզեմ՝ իմ կուսակցությանն եմ ձայն տալու: Իսկ ո՞րն է այդ կուսակցությունը: Հանրապետականը:



Այս մարդիկ երեկ նախորդ իշխող կուսակցությանն էին քվե տալիս, վաղը հաջորդին են անդամագրվելու: Սա ինքնապաշտպանվելու, խանութը պահպանելու միջոց է: Այդ մարդիկ առաջնորդվում են կորստյան վախից, ոչ թե խղճի թելադրանքով, թերեւս նրանք էլ «նիսիաների» հաստափոր ցուցակ ունեն եւ դժգոհ են այդ տեսակի առեւտրից ու առհասարակ իրենց թելադրված պայմաններից: Պարտադրված են այդպես գործել, սակայն այլ կերպ մտածել:



Ֆելիքս Եղիազարյան