Նորից քաղբանտակյալնե՞ր

Նորից քաղբանտակյալնե՞ր
Վերաքննիչ քրեական դատարանը նախօրերին մերժել է Արարատ քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանի պաշտպան Մարինե Թովմասյանի բերած վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողել Արարատի եւ Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որը, գրեթե առանց էական հիմնավորման, խուլիգանության համար 5 տարի ազատազրկման էր դատապարտել Արսեն Հակոբյանին: Միջադեպը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին՝ Արարատ քաղաքում: Որոշ անձինք ներխուժել էին Արսենի տան բակ, ապա վիճաբանություն էր սկսվել, ինչին միջամտել էին ոստիկանները:



Մինչ ոստիկանությունը կժամաներ, Արսենի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժած տղաները փախուստի էին դիմել, իսկ Արսեն Հակոբյանին ու եւս երկու երիտասարդի ձերբակալել էին: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի չորրորդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով), ինչի հետեւանքով էլ դատարանն Արսեն Հակոբյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման (պատժի են արժանացել նաեւ մյուսները), իսկ վերաքննիչ դատարանն այն թողեց ուժի մեջ: Ի դեպ, պաշտպանն իր վերաքննիչ բողոքում մոտ 8 կետ էր մատնանշել, որոնք խախտվել էին առաջին ատյանի դատարանի կողմից, մասնավորապես, որ դատավորը խորհրդակցական սենյակում եղած ժամանակ դատական նիստ էր անցկացրել, սակայն այդ բոլորն անտեսվեց վերաքննիչ դատարանի կողմից: Արսեն Հակոբյանի հարազատները համոզված են, որ այս ամենը բացահայտ հաշվեհարդար է՝ կապված Արսեն Հակոբյանի քաղաքական հայացքների հետ: Վերջինս Հայ ազգային կոնգրեսի Արարատի կառույցի ղեկավարն է, եւ նրա նկատմամբ այսպիսի խիստ պատիժն ու ամեն ինչ անելը, որ նա ազատության մեջ չհայտնվի, հենց նրա ակտիվ քաղաքական՝ ընդդիմադիր գործունեությամբ է պայմանավորված:



Նա անգամ 10 օր կալանավորվել է «Մարտի 1»-ի գործով, իսկ մինչ այդ կրկին մի շարք խնդիրներ է ունեցել քաղաքական հայացքների պատճառով ու մշտապես գտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: «Ինչ է, նորից քաղբանտարկյալնե՞ր են ուզում ունենալ»,- մեզ հետ զրույցում վրդովված կարծիք հայտնեց Արսենի ընկերը՝ Արտակ Զիրոյանը:



Այժմ պաշտպանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել, որից հետո նաեւ դիմել Եվրոպական դատարան, չնայած հարազատները կասկածում են, որ վճռաբեկը գործն անգամ վարույթ կընդունի: