ՀՀԿ-ացման պրոցեսը շարունակվում է

ՀՀԿ-ացման պրոցեսը շարունակվում է
Իրավապահ համակարգերում հին տարածված պրակտիկա կա՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ռոտացիա անելու: Այդ պրակտիկան, կարելի է ասել, հիմնել է Վանո Սիրադեղյանը, որը ոստիկանապետերին փոխում էր այնպիսի արագությամբ, որ ասում էին՝ մինչեւ մարդը Երեւանից հասնում էր Նոյեմբերյան, նրան արդեն տեղափոխած էին լինում Սյունիք:



Այդ պրակտիկան այսօր հատկապես կիրառվում է արդարադատության համակարգում եւ ոստիկանությունում: Օրերս արդարադատության նախարարի հրամանով, իսկ մեր տեղեկություններով, ավելի ճիշտ՝ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի կողմից  փոխվել են միանգամից հինգ ՔԿՀ-ների պետեր: Ընդ որում՝ նրանց հիմնական մասն ընդամենը «ռակիրովկաների» է ենթարկվել՝ մի ՔԿՀ-ից տեղափոխվել է մյուսը:



Իսկ աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է տեղափոխվել միայն «Աբովյան» ՔԿՀ-ի պետը՝ Մարատ Գրիգորյանը: Ձեւակերպումն այսպիսին է՝ ծառայությունում թերացման համար: Սակայն իրականում նրան հեռացրել են մի պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի մարդն է: Մեր աղբյուրն ասում է, որ վերջինիս նշանակման օրվանից «Աբովյանում» պերմանենտ ստուգումներ են ընթացել, եւ ամեն ինչ արել են նրա վրա «կեղտ» բռնելու համար:



Իսկ ՔԿՀ պետի վրա «կեղտ» բռնելն ամենահեշտ բանն է: Ընդհանրապես վերջին շրջանում բոլոր պատասխանատու պաշտոններում ՀՀԿ-ացման պրոցես է գնում, ԲՀԿ-ականներին դուրս են մղում, որպեսզի առաջիկա քաղաքական վերադասավորումների ժամանակ խնդիրներ չառաջացնեն: