Անբարեխիղճ կառուցապատողի հույսին

Անբարեխիղճ կառուցապատողի հույսին
Բաց նամակ ՀՀ վարչապետին



2006թ. մայիսին Երեւանի քաղաքապետարանի եւ «Գրադ ինվեստ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է «Պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքից, տնօրինումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու եւ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» պայմանագիր՝ համաձայն՝ Եկմալյան 1, թիվ 3 հասցեում գտնվող մեր գույքի եւ հացի արտադրամասի դիմաց մեզ պետք է տրամադրեին նույն հասցեում կառուցվելիք նորակառույց շենքից տարածքներ, բնակարաններ եւ ավտոհանգրվաններ:



Պայմանագրի պարտավորությունների կատարման ժամկետը լրացել է 2008-ին, բայց մինչ օրս կառուցապատող «Գրադ ինվեստ» ՍՊԸ-ն շենքը չի կառուցել, չի հատուցել մեր վարձավճարները, եւ այժմ որեւէ շինարարական աշխատանք չի կատարվում: Մենք ստիպված ենք ընտանիքներով, որոնց կազմում կան անչափահաս երեխաներ, բնակվել վարձով բնակարաններում: Մինչ օրս դիմել ենք տարբեր ատյանների՝ դատարաններ, մարդու իրավունքների պաշտպանին, քաղաքապետարանին: Սակայն ոչ մի արդյունքի չենք հասել:



Այժմ ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ էլ «Գրադ ինվեստ» ՍՊԸ-ն որեւէ քայլ չեն ձեռնարկում իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու, մեզ մեր հասանելիք անշարժ գույքը տրամադրելու ուղղությամբ:



Խնդրում ենք Ձեր անմիջական կարգադրությունը վերոհիշյալ հարցերի լուծման համար, այլապես իրացման գոտում ստորեւ նշված բնակիչներս ստիպված կլինենք համալրել սոցիալապես անապահով խավերի շարքը: Դիմողներից Վարդան Գեւորգյանն Արցախյան հերոսամարտի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ եւ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից պարգեւատրվել է:



Նշենք, որ ԱԺ-ից մեզ պատասխանել են, որ դիմենք կառավարություն, կառավարությունից էլ՝ քաղաքապետարան: Այստեղից էլ տեղեկացրել են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում: Մի խոսքով, մնացել ենք անբարեխիղճ կառուցապատողի քմահաճույքին:



Տնազուրկ բնակիչներ