Իսկ ով է արածելու ձեր սիզամարգերում

Իսկ ով է արածելու ձեր սիզամարգերում
Եթե  իշխանությունն իսկապես սրտացավ լիներ  հազարամյա մայրաքաղաքի  ճարտարապետությամբ, միգուցե  ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ արշավը փողոցային առեւտրի ու կրպակների դեմ: Բայց երբ մայրաքաղաքն այլանդակել են անորակ ու անճաշակ երկնաքերներով, մայթերն ու այգիները վաճառել, ազգային արժեք ներկայացնող պատմական շենքերը սննդի ու սպասարկման օբյեկտների վերածել, պարզ է դառնում, որ «Երեւանը գեղեցկացնելու» ծրագիրն ընդամենը սեփական ամբիցիաների բավարարում է, ինքնահաստատում`  քաղաքացիների գոյատեւման միջոցների հաշվին:



Ինչպես միշտ, ուժները պատում է միայն լծակներից ու հովանավորներից զուրկ քաղաքացիների վրա, ովքեր վարձակալած կրպակներով ընդամենը հացի խնդիր են լուծում: Քանի գրոշ արժե այն գազոնապաշտությունը, որին հետամուտ է քաղաքապետը, եթե դա արվում է քաղաքացու հաշվին:



Ում է զարմացնելու քաղաքապետն իր «համարձակությամբ», եթե ընդամենը գործազուրկների բանակն է համալրում ու արտագաղթին նպաստում: Եթե այդքան նվիրական գործ է անում, ապա ինչո՞ւ չի համարձակվում անձամբ երեւալ այդ քաղաքացիների աչքին  եւ հիմնավորել իր արածը:



Նույնիսկ համապատասխան վարչության աշխատակիցը դեմառդեմ չի ներկայանում  վրդովված   կրպակատերերին, ովքեր իրենց բողոքն են հայտնում քաղաքապետարանի մոտ: Երեկ  մեզ հաջողվեց կապվել քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արմեն Սարգսյանի հետ եւ մի քանի հարց ուղղել նրան:



 - Պարոն Սարգսյան, եթե այդքան մտահոգված եք Երեւանի ճարտարապետական   տեսքով, ապա ինչո՞ւ չեք սկսում, ասենք, Աբովյան փողոցից, որի մայթերին տեղադրված «բուտիկներն» ու սրճարանները քայլելու տեղ չեն թողել: 



- Մենք հիմա համատարած չենք սկսել, որտեղ որ սկսել ենք, նախկինից է, գույքագրումը էս երկու օրը կվերջացնենք, բացի մամուլի կրպակներից, մնացած բոլոր կրպակները, որոնց պայմանագրերն ուժի մեջ են, նրանց հետ պետք է նստենք-զրուցենք, քննարկենք, տեսնենք ինչով կարող ենք փոխհատուցել: Մենք առաջնորդվում ենք կառավարության 2005-ի թիվ 2093 որոշմամբ, որի 5-րդ կետով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրերի գործունեության ընթացքում, դրանց գործունեության ժամկետները ավարտվելուց հետո, դրանք կարող են երկարաձգվել առավելագույնը մինչեւ 2015 թիվը, ինչը պարտադրողական բնույթ չի կրում, այսինքն՝ եթե պայմանագիրը լրանում է, մենք կարող ենք լուծարել:



- Կան պայմանագրեր, որոնց վարձակալության ժամկետները չեն լրացել, սակայն նույնկերպ հրահանգել եք ապամոնտաժել:



- Մենք այսօր արդեն գույքագրում ենք ամբողջ Կենտրոնը, հիմնականում Կենտրոնի վերաբերյալ ապամոնտաժման խնդիրը: Հիմա գույքագրման արդյունքում, երբ որ կստանանք վերջնական  տեղեկատվությունները, թե որն ինչ թղթաբանություն ունի, որի ժամկետն է լրացել, որն է ուժի մեջ, այդ դեպքում մոտեցումը յուրաքանչյուրին ըստ իր ունեցած թղթաբանության կլինի: Եթե պայմանագիրն ուժի մեջ է, իրեն այլընտրանք կառաջարկենք, կնստենք-կքննարկենք փոխհատուցման կամ տեղափոխման մասին:



- Իսկ ինչպե՞ս եք վարվելու այն կրպակատերերի հետ, որոնց  պայմանագրերի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պիտի ապրեն այդ քաղաքացիները:



- Որոշման համաձայն՝ մենք պետք է միանշանակ ապամոնտաժենք, քանի որ ավելի ներկայանալի քաղաք լինելու  համար որոշել ենք, որ մայթերը, գազոնները, դրանք հիմնականում գազոնների մեջ են, պետք է ազատենք:



- Ի՞նչ արժեք  ունեն  մայթերը գազոնապատելու  քաղաքապետարանի  ջանքերը,  եթե  տվյալ քաղաքացիներին այլընտրանք չի առաջարկվում, եւ նրանք համալրում են գործազուրկների շարքերը, չէ՞ որ մարդիկ գոյատեւելու խնդիր ունեն:



- Դե դրա համար դրված է միայն Կենտրոնի հարցը, որպեսզի Կենտրոնը ներկայանալի լինի ամբողջ հանրությանը: Մենք էդ կրպակները կենտրոնական փողոցներից ազատում ենք:



- Իսկ սրճարանների ապամոնտաժմանը հերթ հասնելո՞ւ է: Ինչպե՞ս է ստացվում, որ միայն կրպակների պայմանագրերն են լրանում, իսկ սրճարաններինը` ոչ:



- Նրանցը երկարատեւ պայմանագրեր են, 15-20 տարով են նախկինում տրվել: Դրանց նկատմամբ էլ տրամադրվածություն կա` հետագայում ինչ-որ քանակով կրճատելու: Հիմա չենք կարող դրան անդրադառնալ, քանի որ պայմանագիրն ուժի մեջ է:



- Չեք կարող, որովհետեւ ուժեղ հովանավորներ ունեն վարձակալները: Իսկ չինովնիկներիդ ուժը պատում  է միայն չքավոր քաղաքացիների վրա:



- Կամաց-կամաց կանդրադառնանք դրանց: Դուք մեզնից լավ գիտեք, որ Կենտրոնում կրպակ ունեցողները պատահական մարդիկ չեն:



- Խոսվում է, որ Կենտրոնի փողոցներում տեղադրված կրպակներից մեծ բաժին ունի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հնարավո՞ր է, որ սա քայլ է նաեւ Բեգլարյանի դեմ:



- Չէ, չէի ասի, նման բան չկա, հաստատ չկա: