Հայ ազգային կոնգրեսի եզրակացությունը

Հայ ազգային կոնգրեսի եզրակացությունը
Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է իշխող կոալիցիային համաձայնություն տալ Հայաստանում ժողովրդավարության անցման հետեւյալ ճանապարհային քարտեզին.



1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:



2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։



3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետեւյալ փաթեթը.



1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները  ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:



2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական  ընտրակարգով:



3. Առնվազն հնգապատկել Հանրային  հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։



4. Ստորագրված ցուցակները փակցնել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:



5. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։



6. Բազմակի քվեարկությունը  բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնվում է թանաքի կայուն հետք:



7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:



8. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։



9. Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։