Կոնգրեսն ասել է, իշխանությունները` լսել

Կոնգրեսն ասել է, իշխանությունները` լսել
Երեկ Հայ ազգային կոնգրես-իշխանություն պատվիրակությունների հերթական չորրորդ  հանդիպումը թերեւս  մինչ այս եղած հանդիպումներից ամենախաղաղն էր: Այն այս անգամ էլ չնայած փակ էր լրագրողների համար, սակայն հանդիպումից  հետո կողմերը լրագրողներին ներկայացրին կատարվածը:



Ավելի քան հինգ ժամ տեւած հանդիպման ժամանակ Կոնգրեսի պատվիրակության նախագահ Լեւոն Զուրաբյանը միայն կարդացել է 85 էջից բաղկացած մի փաստաթուղթ (մի քանի հարց էլ բանավոր է ներկայացրել), որտեղ հիմնավորվել է նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:



Ուշագրավն այն է, որ մինչեւ վերջերս արտահերթ ընտրությունների մասին լսել չցանկացող իշխանականները, այս դեպքում` իշխանության պատվիրակության հինգ ներկայացուցիչները (Նաիրա Զոհրաբյանը ներկա չէր երեկվա հանդիպմանը, նա իր հանգիստն է վայելում Վառնա քաղաքում) հոժարակամ եւ, Զուրաբյանի խոսքով՝ «ամենայն ուշադրությամբ» լսել են այն: Կողմերի միջեւ այդուհանդերձ ոչ մի քննարկում եւ կարծիքների բախում երեկ չի եղել:



Հանդիպումից հետո Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց, որ այդ փաստաթղթում ներառված են բոլոր փաստերը, որոնք ապացուցում են, որ Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է իրավական եւ քաղաքական ոչ լեգիտիմությամբ, այն լիովին հակաժողովրդական է եւ կոռումպացված:



«Ժողովրդի կողմից չընտրված բռնի իշխանության պարտադրման ընթացքում չի խոսվել սեփական ժողովրդի վրա կրակելուց, 10 անմեղ մարդկանց սպանելուց, ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով ներքաղաքական խնդիրների մեջ է ներքաշել եւ օգտագործել ՀՀ ԶՈւ-ն, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է: Ամբողջությամբ վերից վար կոռումպացված է եւ, չլինելով հաշվետու ժողովդի առաջ, բացառապես սպասարկում է մի քանի բարձրագույն պաշտոնյաների եւ ապօրինի արտոնություններ վայելող օլիգարխների տնտեսական շահերը»:



85 էջանոց փաստաթղթից մի քանի կետեր առանձնացնելով՝ Զուրաբյանը փաստարկեց, որ լեգիտիմ իշխանության հաստատմանը կարելի է հասնել բացառապես արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով:



Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ ներկայացվածի վերաբերյալ հայտնեց. «Դրանց մի մասը փաստեր են, մի մասը՝ գնահատական: Գնահատականների մասով մենք ունենք տարբեր գնահատական: Ինչ վերաբերում է փաստերին, ապա դրանց մի մասը ճշգրիտ չի ներկայացված, իսկ մյուս մասերի հիման վրա կատարվող եզրակացությունները եւս ճշգրիտ չեն»:



Կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավարը խոստացավ քննարկել եւ հաջորդ` օգոստոսի 16-ի հանդիպմանը ներկայացնել իրենց տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Ի դեպ, նախորդ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումներ անցկացնել երեքշաբթի եւ  ուրբաթ, սակայն իշխանության ներկայացուցիչների խնդրանքով  այն այս անգամ փոփոխություն է կրել:



Իսկ իշխանության պատվիրակության մյուս ներկայացուցիչները ներկայացված փաստարկների մասով երեկ հնարավորինս ձեռնպահ էին մնում կարծիք հայտնելուց` խոստանալով դա անել հաջորդ հանդիպմանը: Իսկ ահա ՕԵԿ ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը մեզ փոխանցեց, թե թյուրըմբռնում է, թե ՕԵԿ-ի ներկայացվածությունն այս կազմում ձեւական է, եւ նրանք կատարում են սոսկ իշխանության կամքը:



«Մինչեւ հանդիպմանը գալը մենք քննարկում  եւ գալիս ենք ընդհանուր հայտարարի, օրինակ օրակարգի ձեւավորման երկրորդ հարցում էլ մեր առաջարկությունները լիարժեք հաշվի են առնվել»,- ասաց Հարությունյանը՝ չմանրամասնելով,  թե որոնք են իրենց առաջարկությունները:



Իսկ եթե այդուամենայնիվ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, դա որքանո՞վ է շահեկան կոնկրետ ՕԵԿ-ի համար, մանավանդ որ խոսվում է առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին, Հարությունյանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս պահին արտահերթի համար ոչ մի հիմք չկա»: