Ֆինլանդիայի նախագահն ինքն էր իրեն սպասարկում

Ֆինլանդիայի նախագահն ինքն էր իրեն սպասարկում
«Ֆինլանդիայի օտարերկրյա թղթակիցներ» ծրագրի մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան լինել երկրի նախագահի ամառային բնակավայրում եւ հարցեր ուղղել նրան: Սակայն նախագահի մամուլի քարտուղարը զգուշացրեց, որ հանդիպումը off the record է, այսինքն` չի կարելի է ձայնագրել, իսկ այդ մասին գրելիս չի կարելի ուղիղ մեջբերումներ անել նախագահի խոսքից:



Նախագահի ամառային բնակավայրը հասանելի է ոչ միայն լրագրողներիս, այլեւ զբոսաշրջիկների համար, որոնց համար հատուկ շրջայցեր են կազմակերպվում: 20 երկրների ներկայացուցիչներից միայն յոթիս հնարավորություն ընձեռնվեց նախագահի հետ նույն սեղանի շուրջ նստելու` Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան,Եգիպտոս, Դանիա, Բրազիլիա:



Հյուրասենյակը կահավորված էր «զուսպ» եւ բարձրաճաշակ բազմոցներով եւ աթոռ-սեղանով: Հարեւան սենյակում սուրճի սեղան էր դրված` հասարակ սպասքով եւ ոչ թանկարժեք քաղցրավենիքներով: Ժպտերես նախագահը եկավ առանց թիկնապահների` մամուլի խոսնակի ուղեկցությամբ:



Տարյա Հալոնեն ջերմ ողջունեց բոլորիս, ինքն իրեն ջուր լցրեց եւ նստեց մեր կողքին: Տիկին նախագահը տարբեր թեմաներից խոսեց` կանանց իրավունքներ, եվրոպական տնտեսական ճգնաժամ, միջուկային էներգիա եւ այլն: Նա տարբեր երկրների լրագրողներիս կոչ արեց չմտածել, թե աշխարհում կատարվող իրադարձություններն ու խնդիրները մեզ հետ կապ չունեն, քանի որ թեեւ առաջին հայացքից տեսանելի չէ, բայց դրանք առնչվում են բոլորիս:



Ֆինլանդիայում կանանց իրավունքները մաքսիմալ պաշտպանված են, եւ երբեմն տղամարդկանց իրավունքների պաշտպանելու անհրաժեշտություն է առաջանում: Նախագահը հիշեց մի դեպք, երբ դպրոցական տղան կարծիք է հայտնել, թե տղամարդիկ չեն կարող նախագահ դառնալ, քանի որ նա միայն կին նախագահ է տեսել: Տարյա Հալոնեն նշեց, որ բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն` անկախ սեռից: Գենդերային հավասարակշռություն պահպանելու համար Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում մասնագետների է աշխատանքի ընդունել 50/50 սեռային հարաբերակցությամբ, սակայն տարիներ անց ֆինները պարզապես որոշել են ընդունել լավագույններին, եւ արդյունքում կանայք գերակշռել են` 60/40:



Նախագահը հույս հայտնեց, որ ապագայում ոչ միայն գենդերային անհավասարություն չի լինի աշխարհում, այլեւ այդ թեման ընդհանրապես դուրս կգա օրակարգից: Խոսելով ատոմային էներգիայի օգտագործման հնարավոր վտանգների մասին` նախագահը նշեց, որ այն երկրները, որոնք ստիպված կլինեն փակել իրենց ատոմակայանները, կարող են նորերը կառուցել` ապահովելով անվտանգության հավելյալ երաշխիքներ:



Որոշ ժամանակ անց Տարյա Հանոնեն անսպասելիորեն վեր կացավ տեղից եւ գնաց հարեւան սենյակ` իր համար սուրճ եւ քաղցրավենիք բերելու: Սա իսկապես զարմանալի էր օտարերկրյա լրագրողներիս համար, բայց ոչ ֆինների: Երբ Ֆինլանդիայի ԱԳՆ աշխատակցին ընկերական միջավայրում հարցրի, թե արդյո՞ք նախագահն այդ ժեստը մեզ վրա լավ տպավորություն գործելու համար արեց, նա ասաց, թե Տարյա Հալոնեի համար դա սովորական բան է: