Սպասելով Փոքր Մհերի վերադարձին

Սպասելով Փոքր Մհերի վերադարձին
«Ուղիղ գծով գնում ենք ոչ կենսունակ ժողովրդագրական օրգանիզմ դառնալու ճանապարհով» Ռուբեն Եգանյան, ժողովրդագիր



Եթե վերոհիշյալ տողերը մասնագիտական լեզվից թարգմանենք պարզ մարդկային լեզվի, ապա միտքը շատ պարզ է` մեռնում ենք: Երբ տարիներ առաջ գիտաժողովներից մեկի ժամանակ ես հնչեցրի նույն այս միտքը սփյուռքահայ սուտ գիտնականներից մեկն ինձ մեղադրեց «ապոկալիպտիկ սցենարներ» մոգոնելու մեջ: 



Իհարկե, դառը ճշմարտությունը նկատել չտալը միշտ էլ հարմար է: Հիմա ամեն ոք է խոսում Հայաստանում առկա ժողովրդագրական աղետի մասին, սակայն այն հաղթահարելու ուղիները չեն ասում:  Անշուշտ ինչ որ բան ասում են` պետությունը միջոցներ պիտի ձեռք առնի:



Իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե ինչքա՞ն փող է հարկավոր դրա համար: Իմ հաշվարկներով մեզ լրացուցիչ անհրաժեշտ է մեր ներկա բյուջեի կրկնակին: Ահա այստեղ ծառանում է մշտական հարցը` որտեղի՞ց այդքան փող:



Եկեք  չզբաղվենք ինքնախաբեությամբ: Իբր, երբ  լուծվի Ղարաբաղի հարցը կամ, երբ բոլորը սկսեն հարկերը մուծել, ապա ամեն ինչ լավ կլինի: Նախ, երկուսն էլ մոտակա տասնամյակում չլինելիք բաներ են: Հետո, իհարկե ավելի լավ կլինի եթե այդպես լինի, բայց մեծ առումով դա բավարար չէ ներկա ժողովրդագրական խորխորատից ելնելու համար:



Համաշխարհային պատմության մեջ դեռևս ոչ մի ժողովուրդ 1,9-ից ցածր ծնելիության ցուցանիշի դեպքում (առանց արտագաղթի, պատերազմի ու երկրաշարժի) ինքնուրույնաբար դուրս չի եկել ճգնաժամից:  Պարզ ասած  անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տարի պետությունն իրականացնի բազմազավակության խրախուսման բազմամիլիարդանոց, կրկնում եմ, բազմամիլիարդանոց, ծրագրեր:



Ավելի քան հինգը տարի առաջ ես ամեն ինչ  դրեցի մի կողմ և սկսեցի ամբողջությամբ զբաղվել Հայկական հարցի լուծման հնարավոր տարբերակներով: Դա սկսեցի անել ոչ թե այն պատճառով, որ պարապ էի մնացել կամ ուզում էի ավելի մեծ ու հզոր Հայրենիք ունենալ, (որն իհարկե ուզում եմ), այլ եկա այն պարզ ու ցավալի գիտակցությանը, որ Հայկական հարցի լուծումն է մեր փրկության միակ ուղին:



Եթե առաջիկա տասնամյակում մենք չլուծենք Հայկական հարցը այս ներկա Հայաստանն էլ չենք ունենա: Հայկական հարցի լուծման ուղին հանգամանալից ներկայացված է առանձին հայեցակարգի մեջ, սակայն հիմա դրան չեմ անդրադառնա: Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում նշյալ հայեցակարգի նախաբանը` այն ակնկալիքով, որ ավելի մեծաթիվ մարդիկ կհասկանան, որ բացի Հայկական հարցը լուծելուց մենք փրկության այլընտանք չունենք:



Հին աշխարհում մի սովորություն կար. վատ  լուր բերողի գլուխը կտրում էին: Երբ երեխա էի, չէի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ստանձնում գուժկանի մահաբեր առաքելությունը: Հետո հասկացա: Ազգային, հասարակական շահի տեսանկյունից ոչինչ չկա ավելի բարձր, քան ճշմարտությունը: Պարզ, երբեմն դաժան ճշմարտությունը կենսական նշանակություն ունի, որովհետև առանց բաց աչքերով իրականությանը նայելու հնարավոր չէ գտնել փրկության ուղին:



Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել: Հիմա մեր հերթն է բաց աչքերով նայելու իրականությանը:



Հայ ժողովուրդի լինելիությունը նրա հինգհազարամյա գոյության ընթացքում երբեք այսքան վտանգված չի եղել, որքան այժմ: Սա պայմանավորված է Հայաստանում ձևավորված ժողովրդագրական սպառնալից  իրավիճակով՝ անշեղորեն կրճատվող ծնունդով, հասարակության ծերացմամբ, մահացության աճով, ինչպես նաև չընդհատվող արտագաղթով:



Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմա դրանք չենք քննարկի: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական տվյալների, Հայաստանի բնակչությունը մինչև 2025թ. կնվազի 25%-ով: Միևնույն ժամանակ Ադրբեջանի բնակչությունը կաճի 31%-ով, իսկ Թուրքիայինը՝ 43%-ով: Հիսուն տարի հետո Հայաստանում կմնա ներկա բնակչության կեսը:



Ցանկացած հասարակության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ծնելիության ցուցանիշը լինի առնվազն 2.11: Ծնելիության 1.3 ցուցանիշ ունեցող հասարակությունները դատապարտված են վերացման: 2007թ. Հայաստանում ծնելիության ցուցանիշը եղել է 1.348: Անգամ ցեղասպանության տարիներին դրությունն այսքան ողբերգական չէր: Պարզ էր, որ ինչոր քանակությամբ հայեր փրկվելու էին, որոնք էլ իրենց հայրենիքի մի հատվածվի վրա վերաշինելու էին իրենց տունը և շենացնելու էին հայրենիքը զավակներով:



Հարցը ժամանակի մեջ էր՝ շատ կփրկվեին, քիչ ժամանակ պետք կլիներ ազգը վերականգնելու համար, քիչ կփրկվեին՝ շատ ժամանակ պետք կլիներ: Հավերժության զավակը՝ ժամանակը, մեր դաշնակիցն էր: Հիմա ժամանակը մեր թշնամին է. 5-10 տարի հետո Հայաստանի մեջ, առաջին անգամ խաղաղության տարիների ընթացքում, լույս աշխարհ եկած երեխաների թիվը զիջելու է այս աշխարհից գնացածների թվին:



Այսինքն մենք սկսելու ենք վերջանալ, ինչպես ջուրը առվի մեջ՝ աղբյուրի ցամաքելուց հետո, ինչպես լույսը երկնքում՝ արևը մայր մտնելուց հետո: Քսանմեկերորդ լուսավոր դարը կարող է մեր վերջինը լինել: Վերջի սկիզբը արդեն դրված է: Իհարկե ազգի վերացում չի նշանակում ազգի անհատների վերացում:



Թերևս մեկ-երկու հարյուր տարի ինչ-որ համայնքներ կլինեն, ինչ-որ անհատներ ազգի փրկության ծրագրեր կմշակեն, ինչ-որ կուսակցություններ ազգի փրկության համար դրամ կհավաքեն: Գուցե մինչևիսկ ինչ-որ վարչատարածքային միավոր էլ լինի՝ Армянский форпост կամ Ermenistan vilayeti: Անգամ գուցե նրա ղեկավարը նախագահ կկոչվի և «ախռանա» էլ կունենա:



Սակայն դա Հայաստան չի լինի, այլ կլինի ուրիշի փարախում կապված մատաղացու գառ, որին ցանկացած պահին մատաղ կանեն փարախի տիրոջ զավակի ողջության համար: Հիշո՞ւմ եք, մեզ մի անգամ արդեն մատաղ արել են համաշխարհային հեղափոխության հաղթանակի ճանապարհին:



Հիմա  անդրադառնանք մի բնական հարցի. իսկ ի՞նչ անել: Պատասխանը շատ պարզ է՝ պետք է խրախուսել բազմազավակությունը, այսինքն՝ Հայաստանում ծնված առաջին երեխայի համար մինչև չափահասության տարիքը յուրաքանչյուր ամիս ընտանիքին պետք է տալ հարյուր դոլար, կուզեք՝ համարժեքը դրամով, երկրորդի համար՝ երկու հարյուր, երրորդի համար՝ երեք հարյուր, և այդպես շարունակ: Դրա համար տարեկան պետք կլինի լրացուցիչ 2-3 մլրդ դոլար:



Այդքան էլ պետք կլինի ենթակառույցների վերականգնման, առողջապահական և կրթական համակարգերի նորացման, կարճ ասած, երկիրը երկիր դարձնելու համար: Իհարկե, Հայաստանում յուրաքանչյուր տարի լրացուցիչ ծախսված 5-6 միլիարդ դոլարը էապես կխթանի նաև երկրի տնտեսությունը, կստեղծի նոր աշխատատեղեր և, բնականաμար, հարկերի, մաքսերի, տուրքերի և այլ գանձումների տեսքով կապահովի դրամական նոր մուտքեր:



Առաջին հայացքից տարեկան 7-8 միլիարդ դոլար ծախսային մասը ՀՀ ներկա բյուջեի համեմատ (2.7 մլրդ դոլար) հսկայական է թվում, սակայն իրականության մեջ այն ընդամենը, օրինակ, Եվրոպայի ոչ հարուստ երկրներից մեկի և չափորոշիչներով մեզ մոտ՝ Լիտվայի 2008թ. բյուջեի ծախսային մասի հազիվ կեսն է:



Այժմ  անդրադառնանք ամենակարևոր հարցին. Իսկ որտեղի՞ց այդքան փող: Ակնհայտ է, որ հարկերի հավաքման տեսանկյունից Հայաստանը երբեք Շվեյցարիա, իսկ մարդու իրավունքների տեսանկյունից՝ երբեք Շվեդիա չի դառնա: Ենթադրենք դարձավ, հետո՞: Հետո այն, որ Հայաստանի բյուջեն լավագույն դեպքում կարող է   կրկնապատկվել և մենք կհավասարվենք Ալբանիային: Արդյո՞ք մեր երազանքը հայկական Ալբանիա կառուցելն է: Իհարկե՝ ոչ:



Անգամ կրկնապատիկ բյուջի դեպքում մենք չենք կարող մեզ թույլ տալ տարեկան 2-3 մլրդ դոլար ծախսել ազգապահպան, իսկ  ավելի պարզ լեզվով, վերարտադրողական ծրագրերի վրա: Ակնհայտ է, որ այսօրվա մեր վիճակը խուլ արձագանքն է Հայոց ցեղասպանության և հայրենազրկման: Չլիներ ցեղասպանությունը, մենք կլինեինք ավելի շատ, ավելի մեծ ու բարգավաճ հայրենիքի սահմաններում: Գրեթե հարյուր տարի առաջ ցեղասպանի բարձրացրած կացինը մեր օրերում հասցրեց իր վերջին հարվածը: Մեր ազգի կենաց ծառն այլևս անկարող է ինքնուրույնաբար ապաքինելու իր վերքերը:



Հետևաբար, մեր ազգային գոյության 2 մեծագույն ողբերգությունները՝  ցեղասպանությունն  ու հայրենազրկումը, պիտի դառնան մեր ազգային գոյությանը նոր ավիշ հաղորդող երկու  հիմնական աղբյուրները: Մենք այլընտրանք չունենք:



Սիրելի  ընթերցող, հարցի ավելի հանգամանալից և մասնագիտական քննարկումը տե՛ս սույն ժողովածուի մեջ ընդգրկված «Հայկական հարցի լուծման հայեցակարգ»-ի մեջ: Մի բան բոլորիս համար պիտի պարզ լինի. հայկական հարցի լուծումը մասնագիտական մտավարժանք կամ տեսական գլուխկոտրուկ չէ: Դա հայ ժողովրդի գոյատևման միակ ուղին է:



Կսկսենք առաջիկա 10 տարվա մեջ Թուրքիայից տարին 3-5 մլրդ դոլար նյութական կորուստների հատուցում և Թուրքիայի կողմից հայկական գույքի ու տարածքների օգտագործման վարձավճար ստանալ, ապա, միգուցե, դուրս կգանք ժողովրդագրական անդունդից, ապահով գոյության ու տնտեսական զարգացման հիմքեր կստեղծենք, չենք կարողանա՝ կգնանք միանալու մեր նախկին հարևաններին՝ բաբելացիներին, շումերներին և այլոց:



Առաջարկվող  հայեցակարգն իրատեսական է, որովհետև ունի զորավոր իրավական հիմքեր և շահագրգիռ քաղաքական ուժեր: Սակայն մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ մեր իրավունքների վերահաստատումն  ու մեր կորուստների դիմաց հատուցման ծրագիրը համազգային նպատակ ու պետական քաղաքականություն չի դարձել: Մանր հաջողություններն ու դրանց մասին մեծ-մեծ խոսելը երկիրը չեն փրկի: Քաղաքական շամանությամբ երկիր պահել հնարավոր չէ:



Եկել է գործնական  ծրագրերի ժամանակը:



Մեր ազգային էպոսի վերջին ճյուղի հերոսը՝ Փոքր Մհերը, պարտության մատնեց հարազատ հորը՝ անպարտ Սասունցի Դավթին, ապա անզավակ գնաց անէանալու Ագռավաքարի որջի մեջ:



Միթե՞ հայ ժողովուրդը, պարտություն կրելով ինքն իրենից, պիտի անզավակ փակվի պատմության Ագռավաքարի մեջ:



Արա Պապյան