Ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ չէին

Ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ չէին
Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:



Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից  ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով և գործող պայմանագրերով  տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է  ուղարկվեին միայն անօրինական տեղադրված  կրպակների տերերին՝փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց  հետո:



Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել:



Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց  բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ  գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ:



Հետագայում  մարդկանց իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով.



Առաջարկում  եմ Երևանի քաղաքապետարանին՝



  • Երևանի արտաքին  տեսքի բարելավման  անկեղծ և ազնիվ  ցանկությունն իրականացնելիս նախապես  իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների և կենսապահովման խնդիրների պաշտպանությունը.


  • գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարևոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարևոր են գործընթացները և նպատակին հասնելու միջոցները, հատկապես երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին.


  • առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե հարուստներինը և թե անապահովներինը: Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա և գոհացնում են հատկապես միջին և բարձր կենսամակարդակ ունեցող անձանց.


  • տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն և հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ինչպես նաև տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսակետները:




Առաջարկում  եմ ՀՀ ոստիկանությանը՝



համապատասխան  անձնակազմին ուսուցանել և ապահովել նրանց կողմից ՀՀ օրենսդրության ինչպես էական, այնպես էլ տեխնիկական բացառապես  բոլոր պահանջների կատարումը:



Նրանց  գործողություններում հատկապես պարտադրել, որ հարգեն յուրաքանչյուր մարդու անձնական ու գույքային անձեռնմխելիությունը  և հասարակական կարգը պահպանելու չափազանց կարևոր ու հարգարժան աշխատանքը մշտապես իրականացնեն իրավապահի բարձր կոչմանը հարիր:



Միևնույն ժամանակ ողջունելի է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հանրային լայն արձագանքի հետևանքով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում ստեղծված խնդիրը կրպակատերերի հետ հաշտությամբ լուծելու ուղղությամբ:



Կարեն Անդրեասյան