Ես անկեղծորեն ուզում էի հավատալ ոստիկանապետին

Ես անկեղծորեն ուզում էի հավատալ ոստիկանապետին
Ընդհանրապես ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ցանկացած ասուլիս կամ հրապարակային ելույթ շատ-շատերի համար տոն է: Անձամբ ես, երբ ինտերնետում մի տեղ տեսնում եմ նրա նկարը, անմիջապես սեղմում եմ՝ տեսնես ինչ ուշագրավ բան է էլի ասել: Ու այս վերջին անգամվա՝ «Յոթի» գործով ասուլիսն էլ բավական զվարճալի կլիներ, եթե թեման տխուր ու արդեն նյարդայնացնող չլիներ:



Արդեն միայն այն, որ ՀՀ ոստիկանապետը կոչ էր անում հավատալ իրեն, ծիծաղելի կլիներ: Չէ, ես անարխիստ չեմ, ոչ էլ ավարտված ցինիկ, որի համար ծիծաղելի է ոստիկանապետին հավատալու մասին կոչը: Զավեշտալի է հենց ինքը՝ կոչը: Թվում է, թե ճշմարտության ուրիշ ի՞նչ երաշխիք կարող էր լինել, քան օրենքի գլխավոր պահապաններից մեկի հեղինակությունը: Ասել է թե՝ վերջին ինստանցիաների խոսքն արդեն պետք է ինչ-որ թեկուզ մասնակի բավարարվածության զգացում առաջացներ լսողների մոտ, բայց արի ու տես, որ հակառակն է: Ու դժվար թե ինքը՝ Ալիկ Սարգսյանն էլ հավատում է, որ իրեն հավատում են, հակառակ դեպքում էդպիսի խնդրանքով չէր դիմի երեւի:



Չարենցավանի (Վահան Խալաֆյանի հետ կապված) դեպքերի մասին ոստիկանապետն ապատեղեկատվություն էր տարածել, քանի որ հեռախոսով էր տեղեկացել «մանրամասներին»: Այս դեպքում բոլորին հավաքել ու անձամբ լսել է: Չարենցավանի դեպքերի մասով անհասկանալի է՝ ի՞նքն էր վատ հասկացել, թե՞ իրեն էլ էին ապատեղեկատվություն տրամադրել: Թե երկրորդ տարբերակն է եղել, ապա ի՞նչն էր խանգարում դեպքի մասնակից ոստիկաններին ապատեղեկատվություն տրամադրել նաեւ տետատետ: Իսկ եթե այն ժամանակ ինքը հասկացած չի եղել, ապա ի՞նչ երաշխիք կա, որ… Լավ, շատ չխորանանք, մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:



Հիշում եմ, մի անգամ էլ Ճանապարհային ոստիկանության պետն էր ասուլիսի ժամանակ մոտավորապես էսպիսի մի բան ասել, թե ճանապարհային ոստիկաններն անկաշառ են, քանի որ դա գրեթե անհնար է ապացուցել: Դե արի հիմա ՃՈ պետին, երբ մյուս անգամ կարեւոր հաղորդում անի, հավատա այսքանից հետո: Ախր խոսքը գնում է ոչ թե ինչ-որ անդրերկրային, միստիկ կամ առասպելական, այլ այն նույն ոստիկանների մասին, որոնց հետ մեզնից յուրաքանչյուրն առնչվում է ամեն օր:



Լավ, ընդունենք ես ինքս ՀԱԿ-ատյաց մեկն եմ ու ընդհանրապես կողմ եմ բոլոր լպիրշ լակոտների սանձահարմանը, մանավանդ հենց ՀԱԿ-ի «լպիրշ լակոտների», հենց այդ յոթի սանձահարմանը (չնայած առնվազն երկուսին ճանաչում եմ ու ծանոթ եմ նրանց հրաշալի դաստիարակությանն էլ, քաղաքացիական բարձր գիտակցությանն էլ): Ալիկ Սարգսյանն ասում է՝ հավատացեք ինձ: Փորձում եմ:



Ալիկ Սարգսյանը պատմում է, որ երկու կարմիր բերետավոր իրենց ծառայությունն են իրականացնելիս եղել քաղաքի կենտրոնում, դնչկալներ հագցնել տալիս են եղել անդնչկալ շներին, երբ նրանց են մոտեցել ՀԱԿ ակտիվիստներն ու սկսել վրա տալ: Ճիշտ է՝ կարմիր բերետավորներն իրենց շատ համեստ են պահել սկզբում երեւի, բայց դե հետո ստիպված են եղել դիմել ինքնապաշտպանության:



Որեւէ մեկը կենտրոնում կազմակերպված որեւէ համերգի ժամանակ առնչվե՞լ է որեւէ կարմիր բերետավորի հետ: Անձամբ ես նման պատիվ ունեցել եմ: Սեփական իշխանության անսահմանափակության մեջ լիովին համոզված եւ անսխալականության ամենաբարձր գիտակցությամբ մի զանգված, որը պատեհ առիթ է փնտրում լղար, նվազ մեկին հոշոտելու հաշվին ինքնագնահատականը բարձրացնելու ու իր արած գործի կարեւորությունը շեշտելու համար: Ես ազնվորեն ուզում եմ պատկերացնել, թե ինչպես է կարմիր բերետավորը մոտենում անդնչկալ շան տիրոջն ու քաղաքավարի խնդրում նրան դնչկալ հագցնել, ու չեմ կարողանում: Եթե որեւէ մեկն անկեղծորեն պատկերացնում է՝ թող ինձ վրա քար նետի:



Հետո Ալիկ Սարգսյանը խոսում է ինչ-որ կարմիր մայկայով երիտասարդի մասին, թե արդյո՞ք դա էր փաստաբանը, ու հավաստիացումներ տալիս, որ փաստաբանների աշխատանքը չի խոչընդոտվել: Այնուհետեւ ես կարդում եմ Փաստաբանների պալատի հայտարարությունն այն մասին, թե ինչպես են երկու փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտել, նրանց ապօրինի ազատազրկել, ու ուղեղս կարճ միացում է տալիս:



Հետո ոստիկանապետը խոսում է ինչ-որ տեսանյութերի մասին, որոնց համար ամաչում է, որ տրամադրի, այդ տեսանյութերը, սակայն, հայտնվում են  «Յութուբի»՝ ոստիկանության պաշտոնական էջում, ու էնտեղ տեսնում ես ոչ այլ ինչ, քան մոնտաժված կադրեր, որտեղ ակնհայտ անարդար վերաբերմունքից ու ընդհանրապես անարդարությունից խեղված հոգեվիճակով երիտասարդները փորձում են իրենց ճշմարտությունն առաջ տանել ոստիկանների մոտ ու իրենց իրավունքները պաշտպանել: Եթե որեւէ մեկը երբեւէ ընկել է հայրենի իրավապահների ճանկը, ու ստացած դիսկոմֆորտն այնքան մինիմալ է եղել, որ ցանկություն չի առաջացել թունդ հայհոյելու, թող երկրորդ քարը նետի ինձ վրա:



Արդյունքում մեծ ջանքեր են պետք Ալիկ Սարգսյանին հավատալու համար: Ու խնդիրը նույնիսկ Ալիկ Սարգսյանի մեջ չէ, այլ այն համակարգի, որի հիմնական գաղափարախոսությունն իր «կլուբի» անդամների անսխալականության եւ անպատժելիության (պայմանական անպատժելիության, մինչեւ իրենից թափով որեւէ մեկի ոտքը տրորելը) անխափանությունն է: Ու դրա դեմ ընդվզումն այնքան անհասկանալի ու աներեւակայելի երեւույթ է դիտարկվում համակարգի համար, որ հանուն դրա թող է տրվում վտանգել երկրի համար ներկա պահին տեսականորեն ամենակարեւոր գործընթացը՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը:



Եվ վերջում մի բան էլ… Իհարկե, իմ տվածը իրավական գնահատական լինելուց շատ է հեռու, բայց երբ նայում եմ յոթ տղաներին պատկերող տեսանյութը, ահա այդտեղ եմ տեսնում իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառման փաստեր: Քանի որ ոչ այլ կերպ, քան «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այս երկրում չի կարող ու չպետք է լինի:



ՀԳ - «Ճշմարտությունն» ասել որոշելուց առաջ (ծանր գրականություն չեմ ասում, մանկական) գոնե «Ջելսոմինո» կարդալ է պետք:



Վահագն Թեւոսյան