Ապամոնտաժում է, որովհետեւ ընտրված քաղաքապետ չէ

Ապամոնտաժում է, որովհետեւ ընտրված քաղաքապետ չէ
Կառավարության անցած նիստին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը  բավականին համարձակ ելույթ ունեցավ  կառավարության  բարձր ամբիոնից, երբ վարչապետը նրան պահանջեց պարզաբանումներ ներկայացնել  կրպակների ապամոնտաժման գործընթացի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ:



Նա ասաց. «Մենք որոշում ենք կայացրել եւ գույքագրել ենք, թե կենտրոնական փողոցներում գոյություն ունեցող կրպակներից քանիսն են օրինական եւ քանիսը` ոչ։ Եվ այս պահին գույքագրում եւ ապամոնտաժման ենք ենթարկում այդ կրպակներից նրանք, որոնք թե արտաքին տեսքով, թե հետիոտնին, թե հաղորդակցության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքը։ Այսինքն` այն կրպակները, որոնք օրինական են, որեւէ մեկը չի ապամոնտաժում, նաեւ այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջեւ եւ աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որեւէ ձեւով նեղություն չենք տալիս»։



Մինչդեռ կառավարության շենքի առջեւ բողոքող կրպակատերերը փաստում էին, որ իրենց կրպակներն օրինական են, մի մասինը գտնվում է բակերում, ոչ թե կենտրոնական փողոցներում, մյուսներն էլ Արաբկիր համայնքում են: Սակայն Կարեն Կարապետյանի դիտարկումները վերը նշվածով չէին սահմանափակվում:



«Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին եւ սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան, եւ որեւիցե պարտավորություն քաղաքապետարանը նրանց առջեւ չունի։ Կար ժամկետ, եւ նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին։ Մենք այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունենք»,- թեման կտրուկ փակել էր քաղաքապետը:



Սակայն այս հայտարարությունից օրեր անց՝ երեկ, քաղաքապետարանից հաղորդագրություն տարածվեց, որ  Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանը հանդիպել է Փափազյան փողոցի կրպակների տերերին եւ «ընդգծել, որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված, պայմանագրային ժամկետներն ավարտված եւ ապօրինի գործող կամ լքյալ կրպակները»։



Ավելին՝ «անկախ կրպակների կարգավիճակից, բոլորին այլընտրանք է առաջարկվում՝ վարչական շրջանի մեկ այլ հատվածում ստեղծել պահանջվող չափորոշիչներին համապատասխանող կրպակաշար եւ շարունակել առեւտրային գործունեությունը քաղաքակիրթ պայմաններում եւ օրինական դաշտում»։ Այսինքն, Կարապետյանը հերթական անգամ ապացուցեց, որ գործում է սիրողական մակարդակով, առանց նախապես քննարկելու ու վերլուծելու իր ծրագրի հետեւանքները: Եվ միայն ժողովրդի բարձրացրած աղմուկից  հետո են վերանայվում այդ ծրագրերը:



Ի՞նչ էր ապացուցում վարչապետին քաղաքապետը



Քաղաքակիրթ Երեւան ունենալու քաղաքային իշխանության այս մոլուցքը որոշ շրջանակներում տարբեր վերլուծության տեղիք է տվել: Նախկին քաղաքապետերից մեկի դիտարկմամբ, այս «սպանդը» միայն Կարեն Կարապետյանը կարող էր իրականացնել՝  նրա ձեռքերն ազատ են, քանի որ ոչ ընտրված է երեւանցիների կողմից եւ ոչ էլ նրանց քվեն արդարացնելու խնդիր ունի: Ոչ հանրապետական է, որ մտածի առաջիկա ընտրությունների եւ իր «գործունեության» պատճառած վնասի ու ընտրություններում ձայներ բերելու մասին: Չնայած նախընտրական տարում այն գործող իշխանության համար կարող է կործանարար լինել: Ոչ էլ առանձնապես մտահոգված է վերեւների՝ իր մասին ունեցած կարծիքով, «ՀայՌուսգազարդ» վերադառնալը միշտ կա ու կա: Չնայած նրա անունը շարունակում են շրջանառել որպես վարչապետի հնարավոր թեկնածու:



Ի դեպ, այդ լուրերի ֆոնին առավել ակնհայտ է դառնում նրա ինքնավստահ պահվածքը կառավարության նիստերում, որը կարելի է անգամ վարչապետի հանդեպ հանդուգն անվանել: Սակայն  երեկվա հաղորդագրությունն ասում է, որ քաղաքապետի նախաձեռնողականությունը կարող են երբեմն նաեւ զսպել. փաստ է, որ մարդկանց  բողոքն իր դերը խաղաց, եւ նրանց պայքարի առաջ նահանջեցին: