Գրիշենց «ժարիտից» մնաց 50 եվրո

Գրիշենց «ժարիտից» մնաց 50 եվրո
Կաշառքի դեմ պայքարը մեր երկրում արդեն «լուրջ» արդյունքներ է գրանցում: Օրերս նման մի դեպք էլ է հայտնաբերվել: Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է  ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի ավագ տեսուչ, մայոր Գվիդոն Սարգսյանը:  Թեեւ նա հայտնի Ժարիտ Գրիշի՝ Ռազմական ոստիկանության Էջմիածնի կայազորի նախկին պետ, այժմ ՄՀՕՋ վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանի եղբայրն է, սակայն ոչինչ չի փրկել, եւ նրան 50 եվրո կաշառք վերցնելու հիմքով ձերբկալել են:



Սկզբում որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն հետո ազատ է արձակվել 500 հազար դրամ գրավի դիմաց: Մեզ այս մասին մանրամասներ ներկայացրեց Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Լեւոն Մելքոնյանը.



«Լիբանանցի մի հայ հաղորդում է տվել Ազգային անվտանգության ծառայություն, որ հունիսի 24-ին իր տիկնոջ տուն է այցելել տեղամասային տեսուչ Գվիդոն Սարգսյանը, որին շրջապատում ճանաչում են Սայադ, եւ պահանջել ապօրինի կառուցվող պատշգամբի թույլտվությունը: Ճշտել է, որ շինթույլտվություն չկա, պահանջել է կնոջից 50 եվրո գումար, որը վերջինս առձեռն հանձնել է Գվիդոն Սարգսյանին»:



Սարգսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, ժխտել է, որ կաշառք է ստացել, սակայն առերեսումներով  տուժողն ու գործող վկան պնդել են, որից հետո մեղադրանք է առաջադրվել Գվիդոն Սարգսյանին: Դեպքի վերաբերյալ մենք լսեցինք նաեւ նրա եղբոր՝ Ժարիտ Գրիշի մեկնաբանությունը.



«Ես քաղաքում չէի, երեկ գիշեր նոր եկել եմ Երեւան, իսկ էդ դեպքը, որ դու լսել ես, դա դեզինֆորմացիա ա, ինչ-որ ըտենց բան եղել ա՝ եսիմ ինչ, եսիմ ինչ, բայց իմ եղբայրը տարածք չի սպասարկում, նա պրոֆիլակտիկ ավագ տեսուչ ա, ազիզ ջան, եթե նման բան արել ա, թող պատասխան տա, ինչի՞ մասին ա խոսքը, բայց չի արե, հավատում եմ իմ եղբորը: Նա տանն ա, ըտենց բան չկա, արձակուրդի մեջ ա, վայելում ա իր արձակուրդը»:



- Ի՞նչն է դեզինֆորմացիան, եթե գործ է հարուցվել, եւ Ձեր եղբորը մեղադրանք է առաջադրվել:



- Ազիզ ջան, ես տեղյակ չեմ, ըտենց բան չկա: Հատուկ քննչական ծառայություն չեմ գնացե, նյութերը չեմ նայե, իրան ասում եմ, ասում ա՝ ըտենց բան չկա: Դե որ տվել էին կաշառք, սրազու տային բռնել, ոչ թե մի քանի ամիս հետո: Բայց եթե չկա ըտենց բան…  Հատուկ ֆինանսներ կան, վրեն գրած «կաշառք», թող վրեն գրել տային՝ բռնեին: Բայց ըտենց բան ո՞նց կարա ըլնի, քննչական ծառայությունը կպարզի, եթե նա նման բան արեր ա, թող էթա պատասխան տա օրենքի առաջ, ինչի՞ մասին ա խոսքը: Եթե իրավական պետություն ենք ուզում կառուցել, բա ի՞նչ ես ուզում, պետք ա ամեն ինչը բան անեն, չէ՞:



- Բա Ձեր կապերը, նախկին հեղինակությունն ո՞ւր մնացին, չէ՞ որ լուրջ պաշտոն եք զբաղեցրել՝  ՌՈ Էջմիածնի կայազորի պետ եք եղել…



- Իմ հեղինակությունը նախկին չի, հզոր ա, միշտ էլ եղել ա հզոր, դա խնդիր չի, իմ կապերը ես օգտագործում եմ պետության հզորացման համար, ես չեմ կարող գամ մեկին խնդրեմ, որ իմ եղբայրը մաքուր ա, եթե մաքուր չի՝ կպարզեն ՀՔԾ աշխատակիցները:



- Իսկ հնարավո՞ր է, որ դա Ձեր դեմ ուղղված լինի:



- Այ ցավդ տանեմ, ես ոչ ընդդիմություն եմ, ոչ բան եմ, պետության զինվոր տղա եմ, իմ դեմ ինչի՞ պիտի անեն, պետության դավաճա՜ն եմ, ի՜նչ եմ, քաղաքական կուսակցության լիդե՜ր եմ, ի՜նչ եմ: «Փառապանծ ազատամարտիկների» նախագան եմ, իմ վճռական խոսքն ունեմ, իմ թիմն ունեմ, կանգնած եմ հզոր պետության, պետականության կողքին, սպասում եմ՝ երբ թուրքերը ուլտիմատում կտան, նորից հարձակվեն՝ մինչեւ Ադրբեջան  ազատագրեմ:



- Ադրբեջանը կարողանում եք ազատագրել, Ձեր եղբորը՝ ո՞չ:



- Ազիզ ջան, բայց որ ինքը տանն ա, ի՞նչը ազատագրեմ: Թող պարզեն, եթե պարզեն, թող էթա նստի: Գնամ-խնդրեմ, ասեմ՝ իմ ախպերը կաշառակեր ա, թողե՞ք… Ամբողջ պետությունը դրա վրա ա նստած, քանի՞ հատ միլիցիայի աշխատող են 20-30 հազար դրամի համար ձերբակալել, ինչի՞ մասին ա խոսքը: Իրավական պետություն կառուցող են, թող կառուցեն: Ես կողմ եմ, որ Հայաստանում արդարությունը հաղթահարվի, ու իրավական պետություն կառուցենք այս երկրում:



- Իսկ Դուք դեռ ոստիկանության կադրերի ռեզերվո՞ւմ եք, դեռ պաշտոն չե՞ք ստացել: Ամեն դեպքում ոստիկանապետի օգնականի հավակնություններ ունեիք: 



- Ես ձեւակերպել եմ կենսաթոշակ, դուրս եմ եկել թոշակի, զբաղվում եմ հասարակական հիմունքներով աշխատանքով: Ես ի՞նչ պտի անեի էդ ոլորտում: Գնդապետ մարդ՝ թուղթ տանեի-բերեի՞: Է թող նշանակեին, ո՞վ չթողեց, որ նշանակեին: Ես ասեցի՝ ես ռեզերվի մարդ չեմ, իմ պոտենցիալը կարող եմ օգտագործել ի շահ պետականության: Էս վերջում էլ ավելի հզոր ուլտիմատում դրեցինք թուրքերին, բան արեցինք...