Գազատարը պետք չէ

Գազատարը պետք չէ
Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչներից մեկն ահազանգել էր խմբագրություն՝ ասելով, որ ապամոնտաժվում է դեպի Երեւան մտնող  պահեստային մայր գազատարի խողովակաշարը: Ըստ բնակչի, գյուղացիները մի քանի անգամ փորձել են կանգնեցնել ապամոնտաժումը, բայց չի ստացվել: «Հավաքվել ենք մի քանի գյուղացիներով, նստել խողովակաշարի մոտ, փորձել կանխել, բայց չի ստացվել:



Ասում են՝ լավ ենք անում, վերեւից են ասել»,-ասաց բնակիչը: Վերջինս անհանգստացած էր, որ կենսական անհրաժեշտության այդ խողովակաշարը, որպես մետաղի ջարդոն, տարվելու է Իրան: Բնականաբար փորձեցինք պարզել, թե ով է «վերեւը»:



«ՀայՌուսգազարդ»-ի լրատվության պատասխանատու Շուշան Սարդարյանն ասաց, որ այդ խողովակաշարն իրենց չի պատկանում, տարիներ առաջ օտարվել է: «350 գծամետրով խողովակաշարը խորհրդային տարիների պահուստային խողովակաշարն է ու վաղուց է՝ չի օգտագործվում:  Այսինքն պիտանի չէ շահագործման համար»,- ասաց Շ. Սարդարյանը՝ չնշելով, թե որ կազմակերպությանն է օտարվել:



Ապամոնտաժումն իրականացնող կազմակերպության մասին տեղեկություններ չուներ նաեւ Կամարիսի գյուղապետ Զարզանդ Եգոյանը: «Ղեկավարներից ոչ մեկը չի եկել գյուղ: Դա սկսել են այլ գյուղերից. քանդելով գալիս են»,- ասաց նա: Գյուղապետը նաեւ հերքեց, որ որեւէ մեկի տնամերձը կամ հողամասը վնասվում է:



«Խողովակաշարը պահուստային հողերի միջով է անցնում, եւ սեփականաշնորհված ոչ մի մետր հող չի տրորվում»,-ասաց նա մեզ հետ հեռախոսազրույցում՝ ավելացնելով, որ Հողային օրենսգրքով նման հողերն իրավունք չկա սեփականաշնորհելու: