Պաշտպանության նախարարությունն անհապաղ արձագանքել է «Չենք լռելու»-ի ահազանգին

Պաշտպանության նախարարությունն անհապաղ արձագանքել է «Չենք լռելու»-ի ահազանգին
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն են դիմել ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայողները` հայտնելով սպաներից մեկի կողմից ոչ կանոնադրական պահվածք դրսևորելու մասին, ինչն արտահայտվում է զինվորների հանդեպ բռնության կիրառմամբ և վիրավորանքներով: Նախաձեռնությունն ահազանգի մասին հայտնել է Պաշտպանության նախարարությանը, որն անհապաղ միջոցներ է ձեռնարկել սպային կարգի հրավիրելու ուղղությամբ:



«Չենք լռելու»-ն բարձր է գնահատում պաշտպանական գերատեսչության` բանակում բացասական երևույթների վերացմանն ուղղված պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը ցավով արձանագրում է, որ բազմաթիվ ժամկետային զինծառայողներ պատկերացում չունեն իրենց իրավունքների վերաբերյալ, իսկ տեղեկացված լինելու դեպքում էլ ակնհայտորեն խուսափում են իրենց իրավունքների պաշտպանության օրինական միջոցներից, մասնավորապես, բողոք ներկայացնելու իրենց իրավունքի իրականացումից: Զինվորների շրջանում, զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների, այսպես կոչված «արժեքային համակարգից» ելնելով, նմանօրինակ մեթոդները դիտվում են որպես «մատնություն», ինչն էլ, ըստ զինծառայողի, բացասաբար կանդրադառնա ընկերների շրջապատում իր հեղինակության վրա:



Դրա պատճառն այն է, որ տղաները հիմնականում բանակ են զորակոչվում ծառայության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներով, որոնք ձևավորվում են շրջապատից լսած տարբեր կարծիքների հիման վրա: Այս ամենը նպաստում է զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների ձևավորմանը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է բռնության դեպքերի:



«Չենք լռելու»-ն պատրաստ է ամեն կերպ մասնակից լինել հայկական բանակի հզորացման գործին: Մեր բանակում ծառայում են մեր եղբայրներն ու ընկերները: Ձեզ մտահոգող ցանկացած հարցով կարող եք դիմել մեզ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով: Գաղտնիությունը երաշխավորվում է: