Հերթական ինքնասպանությունը դատախազության համակարգում

Հերթական ինքնասպանությունը դատախազության համակարգում
Oգոստոսի 16-ին, ժամը 11:00-ի սահմաններում  Վանաձորի քաղաքային գերեզմանատանն ինքնասպանություն է գործել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Գրիգորյանը: Դատախազն այցելել է մոր գերեզմանին, ապա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել է գլխին ու ինքնասպան եղել: Դեպքի վայրում 37-ամյա դատախազը գրություն է թողել, որտեղ գրել է. «Իմ որոշումը վերջնական է: Ոչ ոքի չմեղադրել իմ արարքի համար»: Արամ Գրիգորյանը ծնվել է 1974թ., Վանաձորում: 1999-ից Լոռու մարզում աշխատել է որպես զինվորական դատախազ, ապա 2010-ի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, դուրս է եկել զինդատախազության համակարգից եւ մեկուկես ամիս առաջ աշխատանքի անցել  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում:



Արամ Գրիգորյանը երեք երեխաների հայր է: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):  Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը: Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնասպանության գործիք հանդիսացող ատրճանակը, մեկ պարկուճ եւ դատախազի ավտոմեքենան: Իսկ թե ինչն է եղել դատախազի այդ քայլին գնալու պատճառը, ոչ ոք չգիտի, սակայն դատախազին ճանաչողների պատմելով՝ նա եղել է շատ խիստ ու օրինապահ մարդ:



Դատախազի դին անմիջապես տեղափոխել էին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցին կից դիահերձարան եւ սպասում էին Երեւանից քննիչների ժամանելուն: Դիահերձարան մտել էր միայն դատախազի հարազատներից մեկը՝ դիակի ճանաչման համար: Դուրս գալով նա պատմեց, որ մահացածի ձեռքերը մոմլաթով կապված են եղել, որ քննիչները ժամանելով՝ մատնահետքեր վերցնեն՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար:



Փորձաքննություն կնշանակվի նաեւ նրա թողած գրության կապակցությամբ: Ի դեպ, վանաձորցիներից մեկը պատմեց, որ դեպքից մի քանի ժամ առաջ տեսել է Գրիգորյանին, բարեւել է նրան եւ, իր տպավորությամբ, նա բարձր տրամադրություն է ունեցել: Այսօր մենք կփորձենք նոր մանրամասներ ճշտել դեպքի ու մահացածի անձի վերաբերյալ: