Եկեք այս կրպակն ապամոնտաժեք

Եկեք այս կրպակն ապամոնտաժեք
Երեկ մեր խմբագրություն էր եկել Կոմիտաս 3 հասցեում ապրող Ռաֆիկ Վիրաբյանը, ով արդեն երկու տարի է՝ բողոքում է, որ իր հանգիստը խաթարվել է ամենաթողության պատճառով: Սակայն քաղաքացու բողոքին ընթացք չեն տալիս: Նա հատկապես զայրացել է այն բանից հետո, երբ քաղաքապետը սկսել է ապամոնտաժել «անպետք» կրպակները: Պարոն Վիրաբյանն այս ծրագրի շրջանակում  հույսեր է փայփայել, որ քաղաքապետարանի կրպակարշավի առաջին «զոհը» կդառնա իր ննջասենյակի պատուհանի տակ, անմիջապես փողոցի մայթին տեղադրված սննդի օբյեկտը, որը քաշով մի բան չէ, բայց լուրջ պատուհաս է դարձել իրենց գլխին: Ընդամենը պոնչիկ-պերաշկի ու խաչապուրի են ծախում, բայց մարդկանց քունն ամբողջ գիշեր հարամ են անում՝ շուրջօրյա սպասարկում իրականացնելով:



Քանի որ ճանապարհի վրա է, գնացող-եկողն էլ՝ շատ, այդտեղ են կանգնում նաեւ տաքսու վարորդները, ու կերուխումին միանում են աշխույժ զրույցն ու ռաբիս երաժշտությունը, եւ այսպես տարիներ շարունակ: Թեեւ տուժող Ռաֆիկ Վիրաբյանի բողոքն ու դիմումը թաղապետարանից ու քաղաքապետարանից բացի նաեւ Ազգային ժողով է հասել, սակայն ոչ ոք իր խնդրին լուծում չի տվել: Բողոքի արդյունքում միայն տվյալ «օբյեկտի» անունն են փոխել: Նախկինում «Կեր ինձ» էր, հիմա ցուցանակը հանվել է: «Մենք դալանով ենք մտնում մեր բակ, որտեղ գարշահոտություն է տիրում, ամբողջությամբ մեզ ու կեղտ: Այս խայտառակությունից բացի, անտանելի է իմ պատուհանի տակ գտնվող կրպակաշարը: Մի քանի մետր հեռավորության վրա միայն երկու մամուլի կրպակ են դրել, բայց խնդիրն այս սննդի կրպակն է, որտեղ խաչապուրի ու նման բաներ են պատրաստում-վաճառում, աշխատում են շուրջօրյա, սուպերմարկե՞տ է, ռեստորա՞ն է, ինչ է, որ գիշեր-ցերեկ աշխատում է: Ու ամբողջ գիշեր մեր ննջասենյակի պատուհանի տակ աղմուկ-աղաղակ, գարշահոտություն,  երաժշտություն, տաքսիներ են կանգնում: Արդեն երկու տարի է՝ համառ պայքար ենք մղում թաղապետարանից քաղաքապետարան, Ազգային ժողով էլ ենք նամակ գրել, բայց, փաստորեն, ի զորու չեն էդ խնդիրը վերացնել, բողոքս բավարարել են միայն խանութի անունը փոխելով: Ես նամակ եմ գրում քաղաքապետարան, ինձ պատասխանում են, թե այն գտնվում է քաղաքապետի հսկողության ներքո:



Ես ասում եմ՝ ինչի՞ պետք է ամբողջ օրն աշխատի, երբ կա վարչական իրավախախտումների մասին օրենք, որտեղ նշվում է՝ անդորր 22:00-ից մինչեւ առավոտյան 6-ը: Ինչի՞ եք խախտում այդ օրենքն ու հետեւաբար իմ հանգիստը, ես պատուհան չեմ կարող բացել, անկեղծ եմ ասում, հարբած գալիս են, ու աղմուկ-աղաղակ… Հիմա Փափազյան փողոցից հանում են, որը երրորդական փողոց է, բայց կենտրոնական փողոցը բաց են թողել: Ես հանգստի իրավունք ունե՞մ, թե՞ չէ»,- դժգոհում է մեր զրուցակիցն ու տարակուսանք հայտնում, որ այդքան բողոքից հետո քաղաքապետարանից հայտնում են, թե խնդիրն իրենց վերահսկողության ներքո է, եւ կրպակն օրինական է.



«Լավ, ասենք օրինական է: բայց գոնե կարելի է վարչական օրենքին հետեւել ու 10-ից հետո փակել, որպեսզի ես հանգիստ քնեմ, ինքն էլ թող առավոտյան 6-ից շարունակի իր աշխատանքը. ինչո՞ւ չեն պատժում օրենքը խախտելու, բնակչությանն էլ վնասելու համար»,- ասում է Ռաֆիկ Վիրաբյանը:



Անի Առաքելյան