Նախագա՞հն է ապամոնտաժում

Նախագա՞հն է ապամոնտաժում
Երեկ առավոտյան ժամը 10:00-ից նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել ապամոնտաժվող կրպակների տերերը, պահանջը նույնն էր՝ «Մեզ մի զրկեք մեր ապրուստից»: Մոտ հարյուրի չափ մարդ, հույսը կտրելով մյուս ատյաններից,  այս անգամ որոշել էին գալ նախագահական նստավայր, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները:



Ժամը 11:30-ի սահմաններում ակցիայի մասնակիցներից հինգ հոգանոց պատվիրակություն կազմվեց, եւ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի գլխավորությամբ մտան ՀՀ նախագահի նստավայր: Նրանց ընդունելու էր նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Մինչ պատվիրակությունը պրն Հովսեփյանի մոտ բանակցում էր, դրսում բուռն քննարկումներ էին գնում: «Արա դե մենք ազգ չենք, էլի»,- ասում էր 40-ամյա մի տղամարդ: «Ճիշտ ա, լավը լինեինք՝ էսպես չէին անի»,- ավելացրեց միջահասակ մեկը, երրորդն էլ, թե՝ «տեսնես վերջն ի՞նչ ա լինելու»: Չորրորդն արդեն պատասխան  ուներ. «Թողենք-գնանք, մինչեւ հիմա դիմացել ենք, էլ չենք դիմանալու, գնալու եմ բարեկամներիս մոտ ապրեմ»: Արեւի տակ կանգնած մարդիկ չէին դիմանում լարվածությանը՝ ժամը 13:00-ին մոտ մի կին ուշաթափվեց, ավանդական միջոցներով կնոջը ոտքի կանգնեցրին: Իսկ ժամը 13:30-ին արդեն նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի մոտից, դեմքի տխուր արտահայտությամբ, դուրս եկան հինգ պատվիրակներն ու Ստեփան Սաֆարյանը: Մարդիկ շրջապատեցին նրան:



- Կա՞ որեւէ լուծում, պարոն Սաֆարյան:



- Լուծում չկա, եւ հետեւանքների մասին համենայնդեպս իրենք պատասխան չունեն:



- Նախագահը տեղյա՞կ է այս ամենից:



- Ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ այնուամենայնիվ այս ամեն ինչը բարձր մակարդակով կայացված որոշում է, այսինքն այնպես չէ, որ սա միայն քաղաքապետի որոշումն  է: Ես կարծում եմ, որ երկրի նախագահը կրում է այս որոշման պատասխանատվությունը:



- Ի՞նչ կասեք մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մասին:



- Ցավոք, մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ մտնում է հայտարարություններ անելն ու գնահատականներ տալը, ինչը տվյալ պարագայում չեմ ասում, թե քիչ գործ է: Ես ողջունում եմ, եթե նա այդ գնահատականները տվել է, չեմ ասում, թե դրա արդյունքում շատ մեծ փոփոխություններ լինելու են: Եթե արդեն իսկ հնչեցված է իրավական գնահատական, տվյալ  պարագայում ես կարծում եմ, որ մեր բոլորիս պայքարի հիմքում պետք է ընկած լինի պետական մարմնի կողմից տրված այդ գնահատականը, եւ մենք փորձենք ինքներս հասնել խնդրի այն տեսքով լուծման, ինչ որ բխում է բնակիչների շահերից:



Կեսօրին ակցիայի մասնակիցները որոշում կայացրին ցրվել, սակայն կրկին հանդիպել եւ պայքարը շարունակել:



Հարություն Մկրտչյան