Եկանք, տեսանք, գնում ենք

Եկանք, տեսանք, գնում ենք
Արդեն տագնապալի չափեր ընդունող արտագաղթի համապատկերին` հերթական Համահայկական խաղերի մեկնարկն ու ընթացքը զուտ մարզական, ինչո՞ւ չէ, նաեւ բիզնեսի տեսանկյունից զատ, երեւի թե ուրախացնող են նաեւ նրանով, որ թեկուզեւ ժամանակավորապես, թեկուզեւ «չոր հաշվարկով»` քիչ թե շատ հավասարակշռում են Հայաստանի բնակչության թվաքանակն ու  մի պահ մոռացնել տալիս արտագաղթի տագնապը: Աշխարհի տարբեր քաղաքներից հազարավոր հայեր են ժամանել Երեւան: Մյուս կողմից` այդ փաստն օգնում է փոքր-ինչ առարկայորեն գնահատել շատերիս կողմից պարբերաբար բարձրաձայնվող այն երազանքը, թե Սփյուռքի բոլոր հայերը պետք է գան ու բնակություն հաստատեն Հայաստանում:



Ուրեմն մի պահ մոռանանք, որ Համահայկական խաղերի մասնակիցները լոկ ժամանակավորապես են զբաղեցրել երեւանյան հյուրանոցների գրեթե բոլոր համարները, եւ պատկերացնենք, որ կատարվել է շատերիս բաղձանքը: Ահա եկել են, բայց եթե տեսախցիկով չեք ու որեւէ հեռուստաընկերության համար հաղորդում կամ լրատվություն չեք պատրաստում, նրանցից շատ քչերը ձեզ հետ կխոսեն հայերեն: Իսկ Աբովյան փողոցի ամբողջ երկայնքով մեկ անգամ զբոսնելիս կհամոզվեք, որ մեր բաղձալի երազանքի իրականացումը Հայաստանը վերածել է Բաբելոնի, թեպետ ես նույնիսկ կասկածում եմ, թե բաբելոնյան խառնաշփոթության ժամանակ լեզուների այդքան բազմազանություն կար: Եվ եթե ծանոթ ու սիրելի փողոցների հարազատ շինությունները չլինեն, ապա կսկսես կասկածել` նրա՞նք են ներգաղթել, թե՞ դու ես արտագաղթել:



Իսկ հետո կսկսես մտածել` շարունակե՞ս բաղձալ նույն երազանքը... Քանզի դրա իրականանալուց ավելի հզոր ու միասնական հաստատ չենք դառնա. միշտ լեզվի գործոնը կմտնի մեր ու նրանց արանքը: Մենք չենք հանդուրժի  նրանց օտարախոսությունը` մեր ազգային իդեալներից ելնելով, նրանք էլ կընդդիմանան` մարդու ազատության հետ կապված հարյուրավոր մեջբերումներ անելով:



Հետաքրքիր է` Համահայկական խաղերի մասնակիցներից քանիսի՞ մոտ կա վերջնականապես Հայաստանում ապրելու ցանկություն եւ եթե կա, ապա ինչպե՞ս են դա պատկերացնում նրանք: Պարզապես բնակարան գնելո՞վ, պարզապես ապրելո՞վ...



Մի բան հաստատ է` եթե այդ ժողովրդի լեզվի կրողը չես, ուրեմն նրա մշակույթի կրողը չես, եթե մշակույթի կրողը չես... մնացածը Համայկական խաղեր են` ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, թեթեւ աթլետիկա... Եկանք, տեսանք, մրցեցինք, գնում ենք...



Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ