Ասֆալտը փռում են ավազի վրա

Ասֆալտը փռում են ավազի վրա
Վանաձոր քաղաքում «ավարտելով» ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները, հիմա էլ սկսել են մայթերն ասֆալտապատել: Մոտ երկու շաբաթ է, ինչ Վանաձորի ամենաբանուկ՝ Տիգրան Մեծ փողոցի երկու մայթերն են ասֆալտապատում: Այն, որ կենտրոնական փողոցը հարթ է, դա, իհարկե, լավ է, իսկ այ աշխատանքի որակի հետ կապված՝ վանաձորցիների մի մասը դժգոհ է: Բանն այն է, որ ասֆալտը բանվորները փռում են ավազի վրա, ինչն ըստ բնակիչների՝ անթույլատրելի է: «Ով է տեսել ավազի վրա ասֆալտ փռեն, իրենք չգիտե՞ն, որ դա մի ամիս էլ չի ձգի»,-մեզ հետ զրույցում դժգոհեց վանաձորցիներից մեկը:



Բնակիչների խոսքով՝ շինարարը «գլխառադ է անում»՝ դիտավորյալ անորակ, որ մի քանի ամսից նորից նույն տեղում աշխատի: Զրուցեցինք Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանի հետ, ով իր հերթին մեզ ուղղորդեց մայթերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Արգիշտի 1» ՍՊԸ աշխատակից Հրաչ Զալինյանի մոտ. «Նախագծով այստեղ խիճ է նախատեսված, բայց խճի փոխարեն նախատեսվում է նաեւ ավազ,  որը որ օրենքով սահմանված է, ու դա սխալ չէ»:



Աշխատակցի վստահեցմամբ՝ իրենք սխալ չեն անում, ինչը նաեւ կարող են մասնագետները հաստատել. «Մայթերում, ասֆալտ-բետոնե ծածկի տակ, նախատեսվում է նաեւ ավազակոպիճ, ինչպես եւ խիճ»: Հրաչ Զալինյանը վստահեցրեց, որ իրենց գցած ասֆալտը մոտ տասը տարի կգոյատեւի:



«Մեր պատվիրատուն այս պահին Լոռու մարզպետարանն է, որի ծրագրով արվում են միայն Տիգրան Մեծ փողոցի մայթերը: Քաղաքապետարանն էլ ուներ ծրագիր, որն արդեն ավարտել ենք»: Մեր հարցին, թե քաղաքապետարանի ծրագրով ո՞ր փողոցների մայթերն են ասֆալտապատվել, աշխղեկը նշեց. «Նույն Տիգրան Մեծում կար` 1.403 մետր քառակուսի, եւ կար Աղայան փողոցում՝ 1.835 քմ»: Ստացվում է, որ միայն Տիգրան Մեծում թե մարզպետարանն է ծրագիր իրականացրել, թե Վանաձորի քաղաքապետարանը: Լոռու մարզպետարանի կողմից պատվիրված ծրագրով նախատեսվում է 3.885 քմ աշխատանք:  Ըստ պայմանագրի՝ մայթերը պետք է երկու տարի ծառայեն, «իսկ եթե երկու տարվա մեջ ինչ-որ մի բան փչանա, քանդվի, դա մենք մեր ուժերով պարտավոր ենք վերականգնել»,- ասաց աշխղեկը:



Հետաքրքիրն այն է, որ նույն՝ կենտրոնական փողոցում է մայթերի վերականգնում արվում, իսկ երբ խոսք է գնում ծայրամասային փողոցների մասին, պատասխանում են, թե բյուջեից դուրս գրված գումարը վերջացել է: Մինչդեռ կան փողոցներ, որոնցով երթեւեկելը պարզապես անհնար է: