Որ քամիներն են ուղղորդում Ֆրանսիական համալսարանի առագաստները

Որ քամիներն են ուղղորդում Ֆրանսիական համալսարանի առագաստները
Լրագրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ ինքս չեմ հասկանում, թե ինչ է ուզում պրն Նավոյանը: Իրավիճակը տարբեր դիտակետերից վերլուծելով` կփորձեմ իրավիճակը բնորոշել 4 կապիկների փոխաբերությամբ  (մետաֆորով):



4 կապիկների գցում են մի վանդակ, որի մեջտեղում մի աստիճան կա: Աստիճանի վերևում կախված է բանանը, իսկ վանդակի վերին մասում դույլով ջուր է տեղադրված: Կապիկներից առաջինն, ով նկատում է բանանը, փորձում է բարձրանալ և վերցնել այն, սակայն բարձրանալիս դույլը շրջվում է և ջուրը թափվում ` թրջելով բոլոր 4 կապիկներին:



Որոշ ժամանակ անց երկրորդ կապիկն է փորձում բարձրանալ և կրկին ջուրը թափվում է, և բոլորը թրջվում են: Իսկ երբ երրորդն է փորձում մնացած կապիկները սկսում են ծեծել նրան և չթողնել, որ բարձրանա աստիճանը:



Ջրի արգելքը վերացվում է, կապիկներից մեկն էլ փոխարինվում : Ջրի արգելքին անտեղյակ նորեկը փորձում է վերցնել բանանը, սակայն մնացած կապիկները կրկին սկսում են ծեծել նրան և խանգարել: Հետո փոխարինում են երկրորդ կապիկին, ով տեղյակ էր ջրի արգելքի մասին: Այս դեպքում կրկին նորեկը փորձում է բարձրանալ, սակայն մյուս կապիկները, այդ թվում այն մեկը, որ տեղյակ չէր ջրի արգելքի մասին, սկսում են խանգարել նորեկին:



Փորձը հանգեցնում է մի իրավիճակի, երբ վանդակում կա 4 կապիկ, որոնք չիմանալով թե ինչու, համոզված են, որ աստիճանով բարձրանալ չի կարելի, չնայած ջրի արգելքն այլևս չկա:



Այս փոխաբերությունը մենեջմենթի բնագավառում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվում կազմակերպության մշակույթը: Ֆրանսիական Համալսարանում Նավոյանի հակառակորդները ոչ թե դասախոսներն են կամ ուսանողները , այլ այն մշակույթը, այն համակարգը, որ ձևավորում է օրինակ ինձ նման շրջանավարտների: Այսօր համալսարանում տեղի է ունենում մի գործընթաց, որը նպատակ է հետապնդում վերացնել այն համակարգը, այն մշակույթը, որն առկա էր:



Վերջերս համալսարանից հեռացան նաև Ֆինանսների և Հաշվապահության ամբիոնի վարիչն ու մի խումբ հայտնի դասախոսներ, իսկ նորեկները, ծանոթ չլինելով Ֆրանսիական համալսարանի իրական արժեքներին, միգուցե և չգիտակցելով  այդ չարաբաստիկ ինչուն, ձևավորելու են նոր` նավոյանական մշակույթ:



Ահա թե ինչու Նավոյանը հայտնի կենդանու համառությամբ փորձում է ազատվել այն դասախոսներից, ովքեր իրեն ճանաչում են, և ում շնորհիվ ինքը ժամանակին չհեռացվեց համալսարանից:Ահա թե ինչու քննական տարբերակները քննությունից առաջ ինտերնետում տեղադրելով` Նավոյանը փորձում է բթացնել կրթական համակարգը, որ համալսարանում  հանկարծ պայքարող, կիրթ անհատներ չձևավորվեն:



Էյնշտեյնը մի առիթով ասել է «Միայն տիեզերքն ու մարդկային տգիտությունն է, որ սահման չունեն»: Եթե առաջինի դեպքում  չգիտեմ` իրավացի է, թե  ոչ , ապա երկրորդում կասկածներ չունեմ և խորապես  ցավում եմ , որ սիրելի կրթօջախում տգիտությունն այնքան մեծ խտությամբ է կուտակվել, որ առողջ, կառուցողական բանավեճն արդեն տեղ չունի:



Սոկրատ Մխիթարյան