Նվերը Հանրայինի միակ նվերը չի լինի

Նվերը Հանրայինի միակ նվերը չի լինի
«Հանրային հեռուստաընկերության հասարակական-քաղաքական եւ լրատվական հաղորդաշարերում սեպտեմբերից  փոփոխություններ են լինելու թե՛ կադրային եւ թե ոճային: Նոր հեռուստաշրջանի բացումը միշտ նորություններ է ակնկալում»,- մեզ հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը:



Նա հաստատեց այն տեղեկությունը, որ «Շանթից» Հ1 է տեղափոխվելու այդ հեռուստաընկերության լրագրող եւ  մեկնաբան Նվեր Մնացականյանը, ով միաժամանակ «Շանթի» եթերում վարում էր «Հորիզոն» լրատվական եւ «Հեռանկար» հասարակական-քաղաքական ծրագրերը:



Թե ինչ է աշխատելու Նվերը Հ1-ում, պարոն Ֆարմանյանը նախընտրեց առայժմ չասել: «Թող անակնկալ լինի: Կտեսնեք սեպտեմբերին»,-ասաց նա: Իսկ ո՞վ է իրեն հրավիրել՝ Հանրային հեռուստաընկերությո՞ւնը, թե՞ Նվեր Մնացականյանն է ցանկություն հայտնել:



«Կարծում եմ՝ համաձայնությունը ձեռք է բերվել երկուստեք, քննարկումների արդյունքում»,- ասաց զրուցակիցս: Ինչ վերաբերում է Արտակ Ալեքսանյանին, ապա նա արդեն ազատվել է աշխատանքից: Արտակը մենա՞կ է հեռացել, թե՞ թիմով, Ս. Ֆարմանյանն ասաց. «Արտակ Ալեքսանյանը «Հայլուրի» ավագ մեկնաբանն էր, եւ բացի նրանից, «Հայլուրից» ոչ մեկն աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել:



Ինչ վերաբերում է «Բանաձեւի» թիմին, ապա այդ հաղորդաշարը լրատվական-վերլուծական ծրագրերի մեջ չի մտնում, եւ Ֆարմանյանը դրանով չի զբաղվում: