Հեռացող մենակություն

Հեռացող մենակություն
Կան պատմություններ, որոնք պատմվում են առանց հեղինակների, որովհետեւ այդ պատմությունների իսկական հեղինակներն արդեն պատկանում են անբովանդակ աշխարհի մետամորֆոզներին, որոնց մասին թերեւս հավաստի տեղեկություններ չունենք. մեզ պետք է ներկան կամ ներկայի կեղծ իմիտացիա ստեղծելու խաբեբա համարձակությունը եւ բազմոցին թիկնած պատի ժամացույցին սովորույթի համաձայն մերթընդմերթ նետված հայացքի տագնապը: Ժամացույցի տկտկացող սլաքները, ինչպես Ֆոլքների «Զինվորական պարգեւ» վեպում, որոնք գուժում են` կյանք-մահ, կյանք-մահ, կյանք-մահ, կյանք-մահ, եւ այս երկու պարադոքսների միջեւ մի կեցություն` աննշան  մենակությամբ, մարդկային մի դրամա, մոր կյանքը, որ ասես գոյություն է ունեցել միայն որդու գեղարվեստական երկը դառնալու համար` որպես հավերժ հեռացող հիշողություն:



Պետեր Հանդկե. թերեւս իր հայրենակից Թոմաս Բերնհարդից հետո ժամանակակից գերմանալեզու գրականության վերջին հավերժ կամակոր պատանին, ում դժվարամարս անիման ավստրո-գերմանական գրականությունը տվել է նոր, խորը հյուսվածքաշերտեր, պոստմոդեռնիստական մտածողության նրբին ներհունություն, չափազանց ինքնատիպ իրականության ճանաչելի մռայլություն:



«Դժբախտ կյանք առանց  պատրանքների», վեպում` սեփական մոր ինքնասպանությամբ ոգեշնչված, երիտասարդ Հանդկեն նստում է՝ սարսափով փաստագրելու իր գլուխգործոցը: Այս անմոռանալի երեւակայությունը սկսվում է կիրակնօրյա «Ֆոլքս-ցայթունգ» թերթում ընթերցած հետաքրքիր լուրով. 51-ամյա տնային տնտեսուհին, որ պարզվում է՝ իր մայրն է, ինքնասպանություն է գործել` ընդունելով քնաբերների մեծ չափաբաժին: Ո՞վ է ինքնասպան մայրը որդու համար, ով իր ողջ վեպի ընթացքում միայն իր համար հասկանալի տրամաբանությամբ թաքցնում է մոր անունը, կարծես այդ անվան բացահայտումով կթալանվեր այն վերջին փայփայած գաղտնիքը, որ պատկանում է հեռավոր լռության ներսում արգանդի եւ արգանդում փոքրիկ սրտիկով քնքուշ ապրող խմորե սաղմիկի ու մոր ներաշխարհին:



«Ես գրում եմ մորս պատմությունը, որովհետեւ նախեւառաջ ինչ վերաբերում է նրա մահվան պատճառներին, ինձ ավելի շատ բան է հայտնի, քան ինչ-որ թղթակցի, ով հնարավոր է առանց դժվարությունների կկարողանա հետաքրքիր այս ինքնասպանության հանգամանքները բացատրել ըստ կրոնական, անձնական-հոգեբանական կամ սոցիոլոգիական, երազներ բացատրող աղյուսակների օգնության: Բացի դրանից, ես գրում եմ իմ սեփական հետաքրքրություններից ելնելով: Երբ ստեղծագործություն է ծնվում, ես  կենդանանում եմ եւ վերջապես` ցանկանում, ոմանցից ոչ վատ, ասենք՝ ինչ-որ թղթակցից, ավելի հետաքրքիր ոճով այս ինքնասպանությունից դարձնել օրինակելի դեպք»:



Հանդկեն գրում է ոչնչանալով, որպես մոր որդի, գրում է ոչնչացնելով որդու մորը, հետեւապես վեպում հեղինակային բոլոր իրավունքները կտակվում են ընթերցողին. կերպարային անողոք ոչնչացումը Հանդկեին ազատագրում է ճշմարտությանը հպվելու բոլոր արգելքներից: Դժվար ընտանիքում ծնված մոր կյանքը` տգիտությամբ, ի ծնե դատապարտված է խորը մենակության ու անհաջողության, որ բնավ չստացված ճակատագրի միստիկ աղերս չէ, այլ իմպերատիվ ընտանիքի կամայականություն ու հոգեբանական պաթոլոգիա դարձած, նողկանք առաջացնող  աղքատություն, որ սերնդե սերունդ փոխանցվող սեփականություն է:



«Երբեմն ոչինչ չցանկանալով՝ նա մի փոքր երջանիկ էր զգում, իսկ բացարձակապես ոչինչ չցանկանալով՝ մի փոքր դժբախտ»: «Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ իմ մայրն ինչ-որ բան ցանկացավ. նա ցանկացավ սովորել»: Բայց մոր` մեկը մյուսի հետեւից փշրվող բոլոր ցանկությունների ու պատրանքների նախախնամությունն ասես կանխորոշել է` հոր ու շրջապատող հասարակության հոգեւոր տկարությունը, պատմական սոսկալի իրադարձությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմն ապրելու  անելանելիությունը: Մոր մասին գրել` որպես ուրիշի, պատմել ուրիշ մի կնոջ կյանք` վերածելով այդ կյանքի իրականությունը մեծ գեղարվեստականության, փորձելով հանդես գալ որպես լոկ անշահագրգիռ դիտորդ, բայց նրան «ոչ մի տուփի մեջ չես տեղավորի, չես բռնի. բառերը ինչ-որ մի մթության մեջ կորչում են եւ հետո  պարզապես լողում թղթի վրա, ինչպես որ պատահի»: Արդյո՞ք բավական են մոր կենսագրությունը բնագրում շերտառշերտ սղագրող փաստերը, եւ արդյո՞ք Հանդկեն, ում փաստերը գնալով ձեռք են բերում խորհրդավոր, անվավերագիր, ինքնաստեղծ հատկություններ, բավարարվում է միայն վկայություններ հանդարտ շարադրելով:



Այստեղ փաստն ու հորինվածքը կրկնություններ են` թրթռացող նրբանցումներով, եւ այդ նրբանցումները լսելի են, ոչ թե տեսանելի: Փաստելով մոր ողբերգական սերը ճաղատ գլխով, Ֆաշիստական կուսակցության անդամ բանկային ծառայողի հանդեպ եւ բանկային ծառայողի ու մոր միայն իրենց հասու հարաբերություններից իր լույս աշխարհ գալու ապօրինությունը, Հանդկեի փաստն ակնթարթում հանկարծ վերածվում է հորինվածքի, որ ոչ մի պարագայում չի կկոցում աչքերը ճշմարտության մտագար հայացքի առջեւ:



Հերոսաբար զսպելով ոգու ներքին պոռթկումը՝ Հանդկեն քայլառքայլ նկարագրում է աննկարագրելին, գրում է անգրելին` ցավով, որ բառերը վերջիվերջո ի զորու չեն արտացոլելու ակնթարթայինը, հպանցիկը՝ այն, ինչ չի ցուցադրվում մտքով, չի վրձնահարվում որպես պատկեր: Մոր գիտակցության ու մարմնով անցնող վախերի, անորսալի հույզերի վերարտադրությունը չի ենթարկվում գրական ոչ մի կանոնի, թեկուզ հանճարեղ վերացարկության: Հանդկեն մոր պատկանելիքների մասին անկեղծ հիշատակումներից բացի, ուրիշ ոչ մի ասելիք չունի, եւ սա է, որ սարսռելու աստիճան հայելում է ճշմարտությունը: Մոր չստացված անձնական եւ անանձնական կյանքը չի նվիրաբերվում զուտ էմոցիոնալ մի մենակության, ոչ էլ առանձնության մեջ ապրելու գիտակցված մղմանը. նրա կործանումն անխուսափելի է դառնում, որովհետեւ այս մենակությունն այլեւս զրկված է իրականությունը զգալու բոլոր կենսական շոշափուկներից: Գրքերը, որոնք հասուն տարիքում սկսում է մեկը մյուսի ետեւից ընթերցել մայրը, թույլ են տալիս նրան վերադառնալ անցյալ` այդ հորինված կյանքերի ճակատագրերը համեմատելով սեփական կյանքի հետ:



«Գրականությունը նրան չսովորեցրեց մտածել իր կյանքի մասին, բայց ցույց տվեց, որ իր կյանքի ժամանակն անցել է»: Սենտիմենտալ երանգավորումներից զուրկ, դաժան կարգապահությամբ առաջնորդվող Հանդկեի բնագիրը, որ բացարձակապես չունի ոչ մի անավարտ նախադասություն, սին խորհրդավորություններ պարուրող ալեգորիաներ, բառերի սերտաճած քառիմաստություններ, որպես ճշմարտության արձանագրություն` իր ներքին ռիթմին հավատարիմ, չի հեռանում այն պատուհանի դիմացից, որտեղից բացվում է մոր անցյալը, եւ Հանդկեն, որ հենց հիմա ինքնաթիռով վերադառնում է ինքնասպան եղած մորը վերջին հրաժեշտը տալու, գարեջուր է խմում ու քթի տակ շշնջում.



«Ահա թե ինչ, ահա թե ինչ, ահա թե ինչ, շատ լավ, շատ լավ, շատ լավ: Թռիչքի ողջ ընթացքում ես հպարտությունից տեղս չէի գտնում. մայրս ինքնասպանություն գործեց»: Ի՞նչ է իրականում Հանդկեն զգում մոր հետ նույնանալու այս վեհ ակնթարթում, արդեն ուզած թե չուզած, որպես մեկ ամբողջություն, որպես մոր որդի ու որդու մայր, ճանաչելի՞ են արդյոք նրա գարեջրախառն արյան ու հոգու մեջ ալիքվող բոլոր հույզերն ու մտածումները, ալիքներ, որոնք հիշողություններ չեն պահում ու հոսում են հավերժություն: Վերջապես այն, ինչ Հանդկեն ի զորու չէ փոխանցելու, փոխանցվում է անզորությամբ, որովհետեւ ահա մայրը` ինքնասպանությունից մի քանի րոպե առաջ, վերջին անգամ սեղմում է զուգարանակոնքի ջրի սեղմակը, ինչպես միշտ՝ սեղմում է ԵՐԿՈւ ԱՆԳԱՄ:



Հեռանալու անխուսափելի տարածությունը Հանդկեի մոր տխուր քայլերի համար վերջնակետ չունի, եւ Հանդկեն մեղմ շոյում է մոր հեռացող մենակությունը: