Իշխանությունները թքած ունեն միջազգային զեկույցների վրա

Իշխանությունները թքած ունեն միջազգային զեկույցների վրա
Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը, որտեղ հերթական անգամ արձանագրել է, որ Հայաստանում ոստիկանությունում ազատազրկված անձանց հանդեպ վատ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Հիշյալ կոմիտեն Հայաստանի վերաբերյալ զեկույց հրապարակել էր մարտիմեկյան դեպքերից հետո, այնուհետեւ նախորդ տարի մայիսին Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցում ձերբակալվածների հետ զրույցում արձանագրվել էր, որ ոստիկանության աշխատակիցներն իրենցից կամ իրենց հարազատներից գումարներ են պահանջել` իրենց ազատ արձակելու կամ այլ բնույթի խնդիրներ լուծելու համար: Նաեւ այն, որ ոստիկանները շարունակում են ձերբակալված անձանցից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել խոշտանգումների ճանապարհով:



«Հաշվի առնելով այս պնդումները` Եվրախորհրդի կոմիտեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հստակ ուղերձ հղել  ոստիկանության բոլոր աշխատակիցներին եւ զգուշացնել, որ այսօրինակ վարքագծի համար նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ասված է զեկույցում: ԵԽ հանձնախումբը Հայաստան կատարած այցի ժամանակ մեծ թվով մեղադրանքներ է լսել ոստիկանության աշխատակիցների, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, համաձայն որոնց՝ ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական բռնություններ եւ կտտանքներ են կիրառվում:



Շատ մարդիկ նշել են, որ իրենցից խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իրենք կտտանքների են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներում` հենց հարցաքննությունների ժամանակ: Բացի այդ, ոստիկանների կողմից սպառնալիքներ են լսել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքների անդամների հասցեին:



«Այդ զեկույցներից հետո ոչ մի բան չի փոխվում երկրում: Դրանք համապատասխանում են իրականությանը, բայց մեր իշխանությունները, վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ, թքած ունեն այսպիսի զեկույցների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով այն իրավապաշտպաններից է, որ առանձին հանդիպում է ունեցել կոմիտեի հետ եւ ներկայացրել է իր ունեցած ինֆորմացիան: Նրա խոսքով՝ մեր իշխանությունները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում զեկույցներին չարձագանքել, դա մի օր կտա իր «արդյունքը»: «Զեկույցները ներկայացնում են տարբեր մարմիններ, որոնք զբաղվում են օգնություն ցուցաբերելով այս կամ այն պետությանը:



Ի վերջո այս զեկույցներն իրենց վատ դերը խաղալու են Հայաստանի համար, որովհետեւ երկիր, որը չի հարգում մարդու իրավունքները եւ չի հետեւում միջազգային կառույցների զեկույցներին, շատ վատ համբավ ունի: Ի վերջո այն օգնությունը, որը տրամադրվում է Հայաստանին, արվում է նրա համար, որ բարեփոխումներ իրականացվեն: Եթե իշխանությունները բարեփոխումներ չեն անում, ապա միջազգային կառույցներն իրենց պատասխանը տալու են Հայաստանին»,- կարծում է Դանիելյանը: «Իրենք շատ ինքնագոհ են եւ իրենցով հիացած, ինչն էլ խանգարում է բարեփոխումներին»,- եզրափակեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահը: