Ազատության գինը` երեք միլիոն դրա՞մ

Ազատության գինը` երեք միլիոն դրա՞մ
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընդհարումը՝ ոստիկանների եւ ՀԱԿ 7 ակտիվիստների միջեւ, վերածվեց համապետական իրադարձության: Ողջ հասարակությունը խառնվել է իրար՝ անգամ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն է դադարեցվել: Նրանցից  4-ին՝ Արեգ Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին,  Սահակ Մուրադյանին, Վահագն Գեւորգյանին, անցած ուրբաթ ազատ էին արձակել:



Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօրի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի եւ 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: Իսկ երեքի նկատմամբ երկամսյա կալանքի սանկցիա էր տվել դատարանը:



Երեկ վերաքննիչ դատարանում քննարկվում էր նրանց պաշտպանի՝ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը:



Դատարանի մոտ հավաքված ՀԱԿ ակտիվիստները, համակիրներն ու երիտասարդների հարազատները, բացի «տղաներին ազատություն» վանկարկելուց, պահանջում էին նաեւ, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Պաստառների բովանդակությունը նույնն էր՝ «Չենք  վստահում ոստիկաններին», «Անկախության սերունդը՝ պատանդ» եւ այլն:



ՀԱԿ ակտիվիստներից ոմանք հավաքվածներին հորդորեցին, որ ավելորդ լարվածություն չստեղծեն եւ «չտան Սերժի անունը»:  Վերաքննիչ դատարանի շենքը երկաթյա արգելապատնեշով շրջապատված էր: Ոստիկանության աշխատակիցները ոչ մեկին չէին թույլատրում մոտենալ շենքին:



Ոստիկանները հատուկ միջոցներ էին պատրաստել՝ ակցիային դիմագրավելու համար, նաեւ տեսագրում էին այն: Դատարանի բակում էին նաեւ  ՀԱԿ պատասխանատուներ Լեւոն Զուրաբյանն ու  Դավիթ Շահնազարյանը: Վերջինս, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ ինքը մեծ ակնկալիքներ չունի դատական նիստից եւ  չի սպասում արդար վճռի: Առաջին դատական նիստից հետո բակում «ուռա»-ներ հնչեցին: Ազատ արձակվեց Սարգիս Գեւորգյանը՝ նրա խափանման միջոցը փոխարինեցին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:



Նրա փաստաբան Վահե Գրիգորյանը նշեց, որ գոհ է դատավարությունից: «Այս ամենի մեջ ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, պարզապես այս անգամ վերաքննիչ դատարանը կայացրեց իրավական եւ ճիշտ վճիռ»,- ասաց Վ. Գրիգորյանը:



Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ նախապես հայտարարեց, որ ամեն ինչ կանի իր պաշտպանյալներին  ազատության մեջ տեսնելու համար: Մոտ 1 ժամ 15 րոպե տեւած դատավարությունից հետո 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց նաեւ Արտակ Կարապետյանը, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխվեց: Նրա փաստաբանը պատրաստվում է վերաքննիչի որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարան, քանի որ, ըստ նրա, որոշումն անօրինական է:



Հիշեցնենք, որ նա գլխի հարվածով կոտրել էր ոստիկանի քիթը, եւ ոստիկանապետն անձամբ տրամադրված է նրա նկատմամբ, քանզի իր ասուլիսի մեծ մասը նվիրեց նրան: Մեր հարցին, թե ով է վճարելու դատարանին այդ երեք միլիոն դրամը, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ իրենք արդեն զբաղվում են դրանով: Սակայն նման խոշոր գումար ՀԱԿ-ն այս պահին չունի:



ՀԳ - Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանը մեկ գիշեր եւս  կմնան մեկուսարանում, քանի որ դատարանն ասել էր, որ որոշումները կտրամադրի այսօր առավոտյան:



Հարություն Մկրտչյան