Տոնական ճաշկերույթը` ճամփաբաժան

Տոնական ճաշկերույթը` ճամփաբաժան
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարությամբ հորդորել է դաշնակցականներին՝ չմասնակցել Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին։ «Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի «տոնական հանդիսավոր ճաշկերույթ» կազմակերպելու նախաձեռնությունը:



Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում` մի նախագահ, որի վարած քաղաքականության հետեւանքով 20-ամյա անկախ Հայաստանն ամեն օր առավել եւս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:



ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ՀՅԴ անունից երեկ արձագանքել է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշմանն ու այն անվանել  «գաղութում առկա որոշակի տրամադրությունների» արդյունք:



Մանոյանը չի ժխտում, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ հարցեր եւ առկա են չլուծված խնդիրներ: Չնայած սրան՝ Կ. Մանոյանը  գտնում է, որ պետք է մասնակցել միջոցառմանը: «Բայց 20-ամյա տարեդարձը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է։



Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք եւ մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում եւ նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- ասել է Կ. Մանոյանը։



Ակնհայտ է, որ ՀՅԴ հայաստանյան եւ ամերիկյան կառույցների միջեւ տարաձայնություններ կան, եւ դրանք օրեցօր սրվում են: Դաշնակցությունը, լինելով կենտրոնացված կառույց, որպես կանոն, միասնական տեսակետ է հրապարակում եւ դեմոկրատական դրսեւորումներ չի հանդուրժում, իսկ վերը նշված հայտարարությունը վկայում է այն մասին, որ հակասությունները Հայաստանի եւ ԱՄՆ դաշնակցականների միջեւ շատ են խորացել:



Ի դեպ, դրանք արդեն մի քանի տարի է՝ զգացվում են: Որոշ աղբյուրների համաձայն, կոալիցիայից դուրս գալու եւ առավել արմատական դիրքորոշում որդեգրելու հարցում եւս վճռորոշ է եղել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի կարծիքը: Իսկ վերջին ընդհանուր ժողովում նշված Կոմիտեն ընդհանրապես հաղթող է դուրս եկել՝ պարտադրելով ՀՅԴ Բյուրոյի իր ուզած կազմը եւ մարտավարությունը:



Ըստ էության, ամերիկացի դաշնակցականների դիրքորոշումները շատ մոտ են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի դիրքորոշումներին, եւ չենք զարմանա, եթե մի օր տեղեկանանք, որ ԱՄՆ ՀՅԴ կառույցը դաշինք է կազմել ՀԱԿ-ի հետ: Թերեւս այս հակասություններն առավել կխորանան ընտրություններին ընդառաջ, մանավանդ եթե հայաստանյան կառույցն էլ որոշի որեւէ ալյանսի գնալ՝ ԲՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ այլ իշխանական ուժի հետ: Այդ պարագայում գուցե մենք ականատես լինենք աշխարհասփյուռ Դաշնակցություն կառույցի պառակտմանը: