Քանդում են Միլանոն

Քանդում են Միլանոն
Օգոստոսի 20-ին ժամը 18.00-ի սահմաններում մի խումբ օտարերկրացիներ հանկարծակի սկսել են քանդել Աբովյան փողոցի 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի շենքը, որտեղ գտնվում է «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծ քանակությամբ շարժական գույք։ Շենքը վերցվել էր պետական կարիքների համար, սակայն դրա վերաբերյալ դատական վեճերն ընթանում են մինչ օրս։



«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ իրենք, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շինության վերաբերյալ դատական վեճերը դեռեւս չեն ավարտվել, սույն թվականի օգոստոսի 11-ին միջնորդություն էին ներկայացրել դատարան, խնդրելով կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել այդ շինության քանդումը եւ ձեւափոխումը: Դատարանը պարտավոր էր անհապաղ լուծում տալ այդ միջնորդությանը` բավարարել այն կամ մերժել սակայն մինչեւ այժմ, դատարանի որոշման մասին որեւէ տեղեկություն չկա:



«Հավանաբար ներքին «խողովակներով» տեղեկանալով միջնորդության մասին, 18.08.2011թ-ին «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին Երեւանի քաղաքապետի կողմից տրվել է շինությունը քանդելու թույլտվություն (որն, ի դեպ, չի համապատասխանում սահմանված չափանիշներին` բացակայում է նշումը կապալառու կազմակերպության մասին, չկա նշում այն մասին, որ քանդման աշխատանքների նախագիծը ստացվել է փորձաքննության դրական եզրակացություն, քանդման ժամկետներում եւ այլն):



Նկատի ունենալով, որ շինությունը քանդողները ակնհայտորեն շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չունեին, իսկ նրանց գործողությունները ուղղված էին դատարանում քննվող գործի լուծմանը խոչընդոտելուն, քանդման ընթացքում վնասվել, ոչնչացվել եւ անհայտ ուղղությամբ անհետացել են այդ խանութում եղած զգալի քանակությամբ արժեքավոր իրեր, դիմել ենք ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի` ինքնիրավչության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով»։



«Օլիմպ» ԱԿ-ն այսօր տարածել է մեկ այլ հաղորդագրություն, որում ասվում է, որ կոոպերատիվը տարիներ շարունակ պայքարում է «գերակա հանրային շահ» ճանաչված Աբովյան 4 հասցեում գտնվող իր տարածքի համար։ Տարածքի ձեռքբերողն է սիրիահայ Ավետիս Կարագուլյանը, ով նախընտրել է իր գործունեությունն իրականացնել ոչ թե օրինական եւ բարոյական սկզբունքները հարգելով, այլ օգտագործելով իր քրեաօլիգարխիկ կապերն ու ֆինանսական միջոցները, գրված է հաղորդագրության մեջ։



«Կոոպերատիվի սեփականատերը երբեւէ արհեստական խոչընդոտներ չի ստեղծել իրականացվող շինարարության համար, ընդամենը պահանջել է համարժեք փոխհատուցում, իր ձեռքերով ստեղծած գույքի դիմաց, սակայն Ա. Կարագուլյանի առաջարկած փոխհատուցումը միշտ նման է եղել ողորմության։ Մարդ, սփյուռքահայ, ով կարծես եկել է կառուցելու եւ շենացնելու իր հայրենիքը, հայի հետ վարվում է թշնամու՝ թուրքի նման։ Մի կողմից, Երեւանում անց են կացվում համահայկական խաղեր եւ նախագահը «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդներին բացատրում է, որ Ղարաբաղի հարցը մեծ մասով լուծված է, եւ կոչ է անում Ադրբեջանի ղեկավարներին ժողովրդի հետ անկեղծ լինել, բաց խոսել եւ ասել, որ` գիտե՞ք, ժողովուրդ, այս հողը հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրել։



Մյուս կողմից, շաբաթ օրով ժամը 18-ի սահմաններում Ավետիս Կարագուլյանը ոստիկանների ուղեկցությամբ, առանց տվյալ տարածքը ցանկապատելու, քանդում էր «Միլանո» խանութը։ Գործողություններն այնքան հապշտապ էին, որ քարերն ու ապակիները անցնող տուրիստների կողքն էին ընկնում։ Ապշահար տուրիստները վախից այս ու այն կողմ էին վազում՝ դեմքները փակած փոշուց։



Ի՞նչն էր Կարագուլյանին ստիպում նման ձեւով իրականացնել իր «օրինական» քայլերը։ Միթե՞ կարելի է սեփական երկրում այսքան արհամարհել ու ստորացնել հայ մարդուն։

Թշնամուն կյանք սովորեցնելուց եւ խրատներ տալուց առաջ, պարոնյաք իշխանավորներ, բացե՛ք ձեր աչքերը եւ հայ մարդու հետ մի վարվեք թշնամուց ավելի վատ՝ սեփական երկրում զրկելով սեփական հողից եւ գույքից»։

Ձեզ ենք ներկայացնում «Օլիմպ» ԱԿ-ի տարածած տեսանյութը։