Երկիրն ու պետությունը

Պետությունը ոստիկան-հարկային չէ, ոչ էլ նախագահ-դրոշ-օրհներգն է, անգամ` ազգային բանակը: Պետությունը նախեւառաջ պետության գաղափարն է: Դա ազգային գաղափարախոսության ու ազգային մշակույթի դրսեւորումն եւ դրանց պահպանման ու պաշտպանության միջոցը: Պետությունը պետության մասին երազանքն է` ազգային, այլ ոչ անհատական ազատության ու անկախության մասին ազգային պատկերացումը: Ահա որտեղ էին աններելի սխալ կատարել մեր երրորդ հանրապետության «հիմնադիր հայրերը», որոնք մեծամտորեն հրաժարվում էին եւ ազգային գաղափարախոսությունից, եւ ազգային առաքելությունից, փոխարենը համոզելով մեզ, որ մենք «սովորական ազգ ենք», որ պետք է «թռչել գնացքից», մերժել «ամպագոռգոռ երազանքներն ու պատրանքները», հաշտվել պատմության ու «նախկին» թշնամու հետ: Քանզի, համաձայն արդեն «պապիկ» դարձած «հիմնադիր հայրերից» մեկի դասական բնորոշմանը` «մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, դու, Սերգո ջան, լավ չես ապրի»: Սա է երրորդ հանրապետության մահապատիժը հանդիսացող բանաձեւը: Այդ պահին բացահայտ ասվեց, որ հայերին պետություն պետք չէ ու չի հասնում, նրանց սովորական «երկիր» է պետք, որտեղ սերգոջաները լավ կապրեն, կուշտ կուտեն, ջան կասեն, ջան կլսեն: Դա չէ՞ր ձեր ուզածը: Չէ՛: Բա ո՞րը… Ղարաբաղն էլ եք ուզում: Բա երկու երանի մի տեղ չի լինում, չէ՞…Սակայն էս ազգը սովորական ազգ չի ուզում լինել, երբեք էլ չէր ուզում:
Մեռած լեզուների մասնագետ պետք չէ լինել դա հասկանալու համար, բավական է դպրոցական ծրագրի չափ հիշել, որ Սասնա ծռերից մինչեւ Ամբոխները խելագարված էս խենթ ու ծուռ ազգն առաջնորդվում էր երազանքով ու սեփական առաքելության հանդեպ անսասան հավատքով: Իսկ Ղարաբաղը, Ջավախքը, Նախիջեւանը, Մասիսը, Անին` այդ երազանքի, գաղափարի, առաքելության տեղանուններն են լոկ, դրանց քարտեզը: Հայ ժողովուրդը ոչ թե «երկիր» է ուզում, այլ՝ պետություն: Ահա թե ինչ են փնտրում մերօրյա պանդուխտներն օտար, ամայի ճամփաներում` Պետություն:
Պետություն՝ որպես գաղափար, որպես պաշտպան ու պաշտամունք, որպես օրենք ու արդարություն, ահա թե ինչ են փնտրում, որ չեն գտել սեփական երկրում: Ուժը, գաղափարը, երազանքն ու առաքելությունը հենց մեջտեղում են, ազգի մեջ, ժողովրդի սրտում, երիտասարդների աչքերում: Դա Հայաստանի նոր պետությունն է, չորրորդ հանրապետությունը, այն թակում է մեր դռները: Բացենք դռները, աչքերը, սրտերը` մենք միասին ենք կերտելու մեր Պետությունը մեր Երկրի փողոցներում ու հրապարակներում:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Կարծիքներ