Մեծ պաչպռոշտիի օր

Մեծ պաչպռոշտիի օր
Մոտենում է Սեպտեմբերի 21-ը, ու մենք նշելու ենք նորանկախ Հայաստանի գեղեցիկ հոբելյանը` 20-ամյակը։ Բայց որքան մոտենում է այդ օրը, այնքան տագնապում են մտքերս, ու խռովվում է ամեն ինչ իմ ներսում։ Վախ կա, որ այդ հոբելյանի խորհուրդն անգամ կմսխվի, ինչպես տանջալից այս տարիների ընթացքում մսխվեց, ու շարունակում է մսխվել անկախությունն ինքը` որպես գաղափար։



Արդեն իսկ զգացվում է` մենք պատրաստվում ենք այդ օրը եւս վերածել պաչպռոշտիի, ինչպես վարվում ենք սովորաբար` գործող իշխանության նախաձեռնողական քայլերը ողջունելիս կամ նույնիսկ այնպիսի աննշան հաջողություն գրանցելիս, ինչպիսիք են, օրինակ, մի քանի պարկ գարի ու ցորեն ներկրելը, բացօթյա առեւտրականներին փողոցից քշելը, ամրագոտիներ պարտադրելը եւ այլն:



Զեկույցներ, արցախյան պատերազմի հաղթանակի գնահատում, հավաստիացումներ, որ մենք սերտել ենք այդ հաղթանակի դաժան դասերը, պետականաշինության գործընթացի կարեւորությանը ձոնված ելույթներ, զանազան մարզահամալիրներում Հայաստանի պետական դրոշի բարձրացման կադրեր, աշխարհի թիվ մեկ տաղանդավոր երկիր, աշխարհի չեմպիոն Հայաստանի փառաբանում, հետն էլ` զուռնա-դհոլ, ծափ ու ծնծղա…



Ի՞նչ վատ բան կա դրանում` կհարցնեք:



Վատ բան չկա, բայց այ, մտահոգություն կա, ինչպես արդեն ասացի: Ենթադրենք` ես ուսուցիչ եմ, եւ բոլոր դպրոցների ուսուցչական կազմերը որոշում են ՀՀ անկախության փառապանծ հոբելյանի կապակցությամբ տոնական ճաշկերույթ կազմակերպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պատվին: Է, ինձ որ սպանեն էլ, չեմ գնա այդ ճաշկերույթին: Գնամ ի՞նչ անեմ այնտեղ: Կվերցնեմ ու սեղանի վրա հարց կտամ այդ մարդուն. «Պարոն Աշոտյան, օտարալեզու կրթության մասին օրենքը մեր անկախության 20-ամյակի կապակցությա՞մբ գրեցիր, իսկ հայերենի ընդունելության խայտառակ քննությո՞ւնը, իսկ հայերենի թերի դասագի՞րքը, իսկ գիտության հալածումը մեր երկրի՞ց…»: Եվ այս ամենն այն դեպքում, երբ Աշոտյանը ճաշկերույթին կգա տոնական կոստյումով` կրծքագրպանին եռագույն ժապավեն կամ մի գեղեցիկ վարդ ամրացրած:



Չէ, ինձ մի ստիպեք, որովհետեւ ես իսկի տեղ տանելու բան չեմ: Նույնիսկ վարչապետ Սարգսյանը թող չփորձի մի քանի տասնյակ լրագրողների հետ միասին ինձ էլ հրավիրել 20-ամյակին նվիրված ճոխ հանդիպմանը: Հանդիպումը չի ստացվի: Կշարվենք սեղանի շուրջ ու կսկսենք գլխով անել նրա ասածների վրա, իսկ վերջում ես հաստատ հարց կտամ` պարոն վարչապետ, չե՞ք ասի, թե ուր է հայ ժողովուրդը, որ երեք տարի առաջ դեռեւս Հայաստանում էր, արդյոք զտարյուն գիտելիքահենք տնտեսություն կառուցելու Ձեր ծրագրերի պատճառո՞վ չեն փախել երկրից:



Խոստովանեմ` պահեր են լինում, որ մտածում եմ, թե Հովիկ Աբրահամյանն ինձ հրավեր անպայման կուղարկի: Չէ, հատուկ ջերմություն չկա մեր միջեւ, բայց ամեն դեպքում` ԱԺ-ն կառավարություն չէ, եւ այնտեղ կյանքի նշույլներ կան դեռեւս: Ի վերջո բացակայելու հատուկ սինդրոմ ունեցող պատգամավորներն այդ օրն էլ, ինչպես միշտ, ԱԺ-ում չեն լինի` նրանք ուր, անկախության 20-ամյակն ուր… Ուզում եմ ասել, որ ԱԺ-ում հնարավոր է մի մթնոլորտ ստեղծվի, որ ճոխ սեղանի շուրջ խայտառակ օրենքների բեռը բարձվի միայն քվեարկություններին ներկա բիոմասսայի ուսերին, ու ներկաները թեթեւացած շունչ քաշեն, որ, փոքրամասնություն լինելով, չեն կարողացել ազդել: Բայց ես դարձյալ հույս չունեմ, թե չեմ փչացնի մթնոլորտը: Մի բան կգտնեմ հաստատ: Թեկուզ ԱԺ բակում եկեղեցի կառուցելու գաղափարը: Այն իր հիմքում լավն է, նպատակը` բարի, բայց վտանգ կա, որ մեր որոշ ազգընտիրների պատճառով համաշխարհային քրիստոնեությունը տուժի: Այսինքն վախենում եմ, որ այդ եկեղեցին էլ նրանց չկարողանա դարձի բերել, եւ նրանք շարունակեն այնպիսի օրենքների կողմ քվեարկել, որ իրենց շարքային հավատակիցների յոթուքառսունքը մի տեղ լինի:



Ի՞նչ ասեմ: Երեւի մայրաքաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ մի ձեւով կուզենա անկախության 20-ամյակ նշել: Երեւանը շատ հյուրեր է ունենալու ախր: Մեր հյուրերը պիտի տեսնեն, որ հայերն այս 20 տարիներին այնքան են բարգավաճել, որ այլեւս փողոցային առեւտրով չեն զբաղվում: Փողոցային առեւտուրն ի՞նչ, միջնադար է: Նրանք պիտի տեսնեն, որ հայերն իրենց անկախության ամեն օրն արդեն դիմավորում են գժական սուպերմարկետներում: Բա ի՞նչ, Փուրթուլի կրպակների ժամանակները մենք վաղո՜ւց հետեւում ենք թողել:



Ու նաեւ մի բան եմ խոնարհաբար խնդրում մեր բարձրագույն ղեկավարությանը` համաժողովրդական շքերթներ չկազմակերպել: Դե էն բաներից, էլի, որ փողոցում պատահական անցորդներին TV-ները խնդրում են մի երկու խոսք ասել, իսկ տրիբունայից էլ ժողովրդին ձեռքով են անում պաշտոնյաները… Մեկ էլ տեսար ներքեւից ձեռքով անողներն սկսեցին գոռգոռալ` աշ-խա-տանք, թո-շակ, գա-զի գին, ա-պա- գա… Ստիպված Ալիկ Սարգսյանը խառնվելու է, ոստիկանների քթից արյուն է գալու ու… ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ, ջրբաժան, ավազակապետություն: Մի խոսքով` ճիշտը հանգիստ, արժանապատվորեն տոնը դիմավորել-ճանապարհելն է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ