Երեւանում կազմակերպված հանցախումբ է գործում

Երեւանում կազմակերպված հանցախումբ է գործում
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ իրականացնել համատեղ նախաքննություն՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը։



Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից հաղորդել են, օգոստոսի 23-ին Աղվան Հովսեփյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Երեւանի  Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան Նոր Նորք վարչական շրջաններում իրականացված ավազակային հարձակումների դեպքերը, որոնց պարագայում միեւնույն ձեռագիրն է նկատվում։  Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-ից 6-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է  4-5 մարդ, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:



Աղվան Հովսեփյանի խոսքերով, քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը։Նա ցուցում է տվել հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Ավազակային հարձակում):



Հիշեցնենք, որ վերջերս թալանվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը։ Նրա տուն մուտք գործած հանցագործները ծեծի էին ենթարկել նրան, կնոջը եւ դստերը, զենքի սպառնալիքով հափշտակել գումար, թանկարժեք զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ։



Հունիս ամսին դիմակավորված անձինք մուտք էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տուն։ Թալանվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տունը։