«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության արձագանքը «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության արձագանքը «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը
«Չենք լռելու»-ն ցանկություն չունի մեկնաբանելու «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «սենսացիոն» տեղեկությունն այն մասին, թե նախաձեռնությունը գաղտնի ֆինանսավորվում է Մայր աթոռի կողմից: «Չենք լռելու»-ն մեկ ամիս առաջ էլ չէր մեկնաբանում մառազմատիկ պնդումները, թե ինքը «մեծ ֆինանսավորում ունի մութ ուժերից»: 



Ոչ մի էժանագին սենսացիա չի կարող ստիպել երիտասարդական նախաձեռնությանը որևէ կերպ փոխել իր սկզբունքներն ու աշխատաոճը: Նախաձեռնության կողմից ինչպես քննադատվել, այնպես էլ քննադատվելու է Գարեգին Բ-ի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու վերնախավում գտնվող մի շարք հոգևորականների բացարձակ անհաղորդությունը ներհասարակական կյանքին, նրանց կողմից հարյուրավոր հնադարյան սրբավայրերի փրկման խնդրի անտեսումը, աղանդների կարգավիճակը բարելավող օրինագծի ընդունմանն ընդառաջ հանցավոր լռությունը:



Որպես երևույթ ինչպես քարկոծվել, այնպես էլ քարկոծվելու են հայի ինքնությունը քայքայող օտարածին աղանդները: Ի դեպ, այս առումով նշենք, որ «Չենք լռելու»-ն մոտակա օրերին սկսելու է աղանդների մերկացման լայնածավալ ծրագիր` 5 բացառիկ տեսանյութի հրապարակմամբ:



Երիտասարդական նախաձեռնությունը նույն ոգով շարունակելու է «Բնություն, թե՞ բիզնես» ահազանգերի շարքը, և որքան էլ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություններ տարածի, թե «անօրինական ծառահատումներ չկան», «Չենք լռելու»-ն դրանց ի պատասխան փաստաթղթեր կհրապարակի ոչ միայն այն մասին, որ ծառահատումներ կան, այլև բնապահպանության նախարարության կողմից դրանց հովանավորվելու մասին:



Ինչպես և  նախկինում, ապագայում ևս «Չենք լռելու»-ն կարևորելու է պաշտպանության նախարարության հետ իր համագործակցությունը` «Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ» խորագրի շրջանակներում:



Միաժամանակ, «Չենք լռելու»-ն պաշտոնապես հայտարարում է, որ մինչ օրս որևէ մեկի կողմից ֆինանսական որևէ օժանդակություն չի ստացել: Չնայած դրան, նախաձեռնությունը պատրաստ է քննարկել այդպիսի օժանդակության առաջարկներ կոնկրետ ծրագրերի շրջանակներում իր մտահոգությունները կիսող անհատների և կազմակերպությունների կողմից:



Ինչ խոսք, «Չենք  լռելու»-ի հիմնադիր խմբի անդամներին հաճելի է, որ իրենց էնտուզիազմի հաշվին ծավալած գործունեությունն այնպիսի մեծ հասարակական հնչեղություն է ստացել, որ ոմանք համոզված են, թե նախաձեռնության ետևում «լուրջ ուժեր» են կանգնած:



«Չենք լռելու»-ն հատուկ շնորհակալություն է հայտնում «Հրապարակ» օրաթերթին` նախաձեռնության համեստ արժանիքներն այդքան բարձր գնահատելու համար: