Սյունյաց թեմն ու մարզային իշխանություններն իրար չեն հասկանում

Սյունյաց թեմն ու մարզային իշխանություններն իրար չեն հասկանում
Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 20-ին, օծվեց Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցին: Չնայած այն լիովին նորոգվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Հակոբյան եղբայրներ» հիմնադրամի օժանդակությամբ, այնուամենայնիվ կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ Հակոբյաններից ոչ մեկը ներկա չէր օծմանը: Հիշեցնենք, որ Մ. Հակոբյանը հակասություն ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, եւ նրանք երբեք միասին նույն վայրում չեն լինում, բացառություն են միայն ՀՀ նախագահի այցելությունները: Ավելին՝ ԶՊՄԿ-ում հրահանգվել էր, որ աշխատողները չմասնակցեն եկեղեցու օծմանը,անգամ սպառնացել էին, որ գնացողները կհեռացվեն աշխատանքից:



Այդտեղ էլ մարզպետի կողմից  հայտարարվել էր, որ Սյունիքի  Եղվարդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կօծվի օգոստոսի 25-ին: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Զավեն աբեղա Յազիչյանն առարկել էր՝ ասելով, որ նախատեսված է ամսի 20-ին, սակայն մարզային իշխանությունները դեմ էին եղել: «Բայց, չգիտես ինչու, շաբաթ օրն ինձ զանգում է փոխմարզպետ Արա Դոլունցը եւ ասում, որ Եղվարդում ինձ են սպասում: Ես էլ ասացի՝ օրը փոխվել է ամսի 25-ին, եւ թե հոգեւոր, թե աշխարհիկ դասից մարդիկ են հրավիրվել, եւ չի կարող օծումը տեղի ունենալ»,-ասաց Հայր Զավենը:



Վերջինիս խոսքով՝ աններելի է նման թյուրիմացությունը, մանավանդ որ որոշումը՝ օծման օրվա հետ կապված, մարզի իշխանություններինն է: Իսկ Սուրբ Աստվածածինը հաստատ կօծվի հինգշաբթի` օգոստոսի 25-ին: Մեր տեղեկություններով՝ հակասություն կա Հայր Զավեն Յազիչյանի եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ: Պատճառն այն է, որ հոգեւոր առաջնորդը ցանկություն է հայտնել Սյունյաց առաջնորդարանը Գորիսից տեղափոխել Կապան: Իսկ եղվարդցիներին հակասությունը չի տխրեցրել:



Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը օգոստոսի 20-ին կատարեց անդաստանի օրհնություն: Սուրբ Աստվածածինում հնչեցին առաջին աղոթքները, մոմեր վառվեցին: Եկեղեցու վերաբացումից հետո շրջակայքում ծառատունկ արվեց:  Յուրաքանչյուրը մեկ նռնենի տնկեց: Եղվարդցիները, առ Աստված աղոթելով, ջուր խնդրեցին: Գյուղը Խորհրդային Միության փլուզումից հետո ջուր չի ունեցել: Տոնական համերգից հետո գյուղացիները ճաշակեցին համով ուտեստներ:



Մեր տեղեկություններով, եղվարդցիները նեղացել են եւ չեն ուզում օգոստոսի 25-ին հյուրասիրել հոգեւոր եւ աշխարհիկ դասերի ներկայացուցիչներին: Բայց գյուղապետը խորհուրդ է տվել կրկին ճոխ հյուրասիրություն անել, որպեսզի գյուղի անունը «փաթաթան» չդառնա:



Անի Առաքելյան