Զորի Բալայանն ու էլիտար ճանապարհորդները

Զորի Բալայանն ու էլիտար ճանապարհորդները
23 պետություն, 42 հազար մղոն եւ 2 հասարակած են հատել Մագելանի հայաստանյան հետնորդները՝ Զորի Բալայանն ու «Արմենիա» զբոսանավը: Շուրջ երկու տարի տեւած նավարկությունից հետո՝ «հ ՍՏՐՈոսÿ վՈ ոՈս», երեկ «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էր «Արմենիա» զբոսանավի անձնակազմը: Հենց զրույցի սկզբում հիշելով Մագելանին՝ Զորի Բալայանը նշեց, որ 1519-21թթ.-ից սկսած շուրջերկրյա ճանապարհորդությունը եղել է յուրաքանչյուր երկրի երազանքը: Իրենք էլ այդ երազանքն ունեցել են դեռ շատ վաղուց՝  2005-ին, «Կիլիկիայով» նավարկելիս, վերջապես տարիներ անց մերոնց երազանքն էլ կատարվեց:



Նավապետ Սամվել Կարապետյանի խոսքով՝  նավարկությունը, պարզվում է, նախեւառաջ սպորտային նվաճում է Հայաստանի համար. «Առաջին հայկական աշխարհաշուրջն է: Ունենալով ծով՝ էդ բանը չեն արել մեր նախնիները, բայց վերջապես հաջողվեց, ու, ինչպես տեսնում եք, բարեհաջող ավարտվեց նավարկությունը»: Մարզվելուց բացի, ճամփորդությունը նավաստիներին նաեւ բիզնես կապեր հաստատելու հնարավորություն է տվել. «Բիզնեսի առումով էլ մեր նավարկությունն ունի իր հրապուրիչ կողմերը, որովհետեւ այն կապերը, որ ստեղծում ենք օտար երկրներում, կարող են դառնալ ինվեստիցիայի պատճառ»:



Նավապետի խոսքով՝ ուր գնացել են, գոնե մեկ հայ գտել են, նույնիսկ մուսուլմանական Ինդոնեզիայում հայկական եկեղեցի են տեսել: Կարճ ձեւակերպելով իրենց նավարկության նպատակը՝ Զորի Բալայանն էլ նշեց, որ առաջին հերթին իրենց նպատակն է եղել նկարահանել մշակութային կոթողները, պատմական հուշարձանները, եկեղեցիները: Այս տեսանկյունից, թերեւս, ամենասովորական հայ տուրիստի ֆոտոալբոմն էլ կարելի է ազգային ձեռքբերում համարել:



Նավապետ Սամվել Կարապետյանը նշեց, որ շատ երկրներում իրենց զարմացած հարցել են՝ բայց Հայաստանը ծով չունի, ինչին ի պատասխան, հպարտորեն փաստել են՝ ծով չունի, բայց արդեն նավ ունի: Իսկ նավաստիների մասին էլ խոսք չկա: Բայց ճանապարհորդները եւս մի երազանք ունեն՝ շատ են ուզում լինել նաեւ Ճապոնիայում, Չինաստանում, ու եթե ցունամիները չխանգարեին, այս անգամ էլ կհաջողացնեին, բայց դա թողել են ապագայում՝ մյուս անգամվա համար:



Այնուամենայնիվ, հայ նավաստիների ճանապարհը հալած յուղի նման չի անցել, Հորն հրվանդանում, որտեղ տասնյակ հազարավոր ծովայիններ են խորտակվել, մերոնց ոչ միայն հաջողվել է ողջ մնալ, այլեւ, ի հիշատակ բոլոր անմեղ զոհերի, խաչ են տեղադրել ու հետն էլ՝ 5 լեզուներով մի գրություն: Զորի Բալայանն առանձնահատուկ շեշտեց, որ Հորն հրվանդանը շրջանցողները մտնում են էլիտար ճանապարհորդների ցուցակի մեջ: Իսկ այն բարերարների անունները, ովքեր ապահովել են էլիտար ճանապարհորդների կրուիզը, Զորի Բալայանը չշտապեց տալ, նշելով, որ նրանց անունները մեկառմեկ հիշատակելու է իր գրքի առաջին հատորում:



Իսկ ինչ վերաբերում է պետությանը, ապա. «Պետությունից մի լումա էլ չենք վերցրել»: Բալայանը հավելեց, որ 600 հազար եվրո արժողությամբ նավը վերցրել են ամենանվազագույն գումարով, տեղ-տեղ վտանգելով իրենց կյանքը: Չնայած  իրենց ընտանիքներն այստեղ ստացել են աշխատավարձ: Վերջում Զորի Բալայանը հանդիմանեց ակումբին, որ իրենց նավարկության քարտեզը փակցված չէր ակումբում, ու իրենց նկարահանած ֆիլմերը ցուցադրելու հնարավորություն էլ չունեցան: