Գործում է կազմակերպված բանդա

Գործում է կազմակերպված բանդա
ՀՀ  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ  երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է  Երեւանում  վերջին ամիսներին տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը:  Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ավազակային հարձակումները հիմնականում արձանագրվել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում: Յուրաքանչյուր դեպքով հարուցվել է առանձին քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:  Ընդ որում՝ քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեեւ կատարված հանցագործության ձեռագրերի նմանությունն ակնհայտ է:



Նշված երկու վարչական շրջաններում ընթացիկ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, որոնցից 4-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 1-ը՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Ինչպես նախօրեին նկատել էինք, բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը: Դատախազությունում եւս նկատել են, որ հանցագործությունները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է  4-5, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:



Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ նախաքննությունն իրականացնել համատեղ՝ քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Գլխավոր դատախազը  ցուցում տվեց   հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Բանդիտիզմ): Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն կիրականացնի սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը: ՀՀ գլխավոր դատախազը ոստիկանության ուշադրությունն է հրավիրել  նաեւ այն փաստի վրա, որ ընթացիկ տարում ընդհանրապես հանրապետությունում նկատվել է ավազակային հարձակումների աճ՝ հանձնարարելով ձեռնարկել կտրուկ միջոցներ դրանք բացահայտելու ուղղությամբ: